Իշխանական կոալիցիա՝ «Չիչիկով&CO.»

27/11/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Չկա որեւէ լուրջ քաղաքական գործիչ, ով չցանկանա իշխանության գալ: Ընդ որում, ոչ թե իշխանական կերակրամանին մոտ լինելու նպատակով, այլ գալ` իշխանությունն ընկալելով որպես իր ծրագիրն իրականացնելու եզակի հնարավորություն, միջոց: Սա է քաղաքականության իրական բովանդակությունը: Սակայն նման առաքելություն կոնկրետ Հայաստանում ոչ ոք չի ստանձնում: Հիմնավորումները շատ են: Իբր` միջավայրն այնպիսին է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ բարեփոխում իրականացնել: Իշխանական լծակ եւ կամք ունենալու դեպքում սա անլուրջ արդարացում է: Հակառակ դեպքում նման դիսկոմֆորտի դեպքում կա արժանապատիվ քայլ` դուրս գալ իշխանությունից եւ հնարավորությունը փոխանցել մեկ ուրիշին: Բայց ոչ: Բարձր պաշտոններից կամ քաղաքական հարմար դիրքից հրաժարվելու որեւէ օրինակ հայտնի չէ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց մեզ ծանոթ որեւէ կուսակցություն չի պատրաստվում հրաժարվել: Ընդ որում, յուրաքանչյուր կուսակցություն ձեւացնում է, թե միայն իրեն է հայտնի ողջ ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը, հասկանալի է, այն է, որ ընտրողների իրական համակրանքը հենց իրենց կուսակցության կողմն է:

Եթե ընտրություններից առաջ ընտրողների ձայների գինը կրկնակի, եռակի բարձրանում է, ապա նախընտրական շրջանում արժեքավոր է դառնում կուսակցության անդամների գլխաքանակը: Մարդիկ արդեն ոչ թե առանձին-առանձին, այլ աշխատավորական կոլեկտիվներով են ընդգրկվում կուսակցություններ: Վերջերս «Հայբուսակ» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալրեց ԲՀԿ-ն: Դա խոստանում է որոշակի ֆինանսական արտոնություններ համալսարանին, իսկ ԲՀԿ-ին՝ ընտրակեղծիքներն օրինականացնելու, լեգալացնելու հնարավորություն է: Թեեւ ընտրակեղծիքներ անելու հիմնական արտոնությունը ՀՀԿ-ինն է: Օրերս ՌԴ նախագահ Մեդվեդեւն իր վիդեոբլոգում հետաքրքիր միտք էր ասել` ուղղված Ռուսաստանի իշխող կուսակցությանը: Ըստ այդմ` «եթե իշխող կուսակցության համար հնարավորություն չի ստեղծվում երբեւէ եւ որեւէ տեղ պարտվել, ապա այն դառնում է բրոնզ»:

Ի դեպ, սոցիոլոգների վարկածը, թե խորհրդարանում է հայտնվելու նաեւ «Օրինաց Երկիրը», միայն անորոշ տագնապ առաջացրեց: Ուրեմն ի՜նչ աստիճանի կեղծիքներ են լինելու, եթե այս կուսակցությանն էլ է մեծ ընտրազանգված վերագրվում:

Հետաքրքիր է, որ իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, բացել են ներկուսակցական միջանցքները, եւ հնարավորություն են տվել դժգոհ կուսակցականներին ազատորեն տեղաշարժվել, բայց միայն այդ միջանցքներով: Այնպես որ, զուր է սոցիոլոգների վատնած էներգիան` հաշվարկել` որ կուսակցությանը ո՛ր տեղն է վերապահված խորհրդարանում: Այս երեք կուսակցությունների տեղափոխությունից ոչինչ չի փոխվի:

Սոցիոլոգիական հարցումներն արդեն հասարակությանը պատրաստում են, որ խորհրդարանում լինելու են արդեն մահու չափ ձանձրացրած նույն դեմքերը, նույն կուսակցությունները: Նոր կլինի թերեւս միայն ՀԱԿ-ը` ոչ այնքան մեծ, բայց ներկայացուցչական կազմով:

Կա՞ հասարակության համար տարբերություն` առաջին հորիզոնականում ՀՀԿ-ն է, թե՞ ԲՀԿ-ն (ՕԵԿ-ը իշխանական կոալիցիայում լուսանցքային դեմքերի պահեստային նստարան է հիշեցնում, հետեւաբար, որպես առանձին միավոր՝ քննարկման ենթակա չէ): Ամենեւին: Այս կուսակցությունները ներկայացնող պետական բարձրաստիճան չինովնիկները` նախարարներ, տարբեր ծառայությունների ղեկավարներ, բացահայտված են որպես անազնիվ մարդիկ, ում համար բարդություն չի ներկայացնում սեփական երկրի բյուջեից գողություն կատարելը: Հակառակ դեպքում շարունակություն կունենային ՀՀ Կենսաթոշակային հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումների մասին Վերահսկիչ պալատի բացահայտումները: Պետական պարտքերի բեռի տակ կքած պետությունն ամսական 4 միլիոն դոլար է գողանում ինքն իրենից, իր ժողովրդից: Միայն թե բոլորս գիտենք, որ անգամ հաշմանդամ երեխային հասանելիք պետական փոքրիկ նպաստից, թոշակառուներից պետությունն ամեն ամիս գրպանում է 200 դրամ: Այսինքն` իր քաղաքացիներից հափշտակած ամեն դրամը պետության համար կարեւոր է: Եվ սա արդեն ամեն ինչ ասում է թե՛ ոլորտի վիճակի, թե՛ պետության բարոյական նկարագրի մասին:

Ինչ վերաբերում է 60.000 մեռած հոգիներին, ովքեր ամեն ամիս կանոնավոր թոշակ են ստանում եւ անհրաժեշտության դեպքում մասնակցում են ընտրություններին, ապա իշխանությունն իրեն չի հարգում այնքան, որ պատրաստ է իր ընտրազանգվածը համալրել հանդերձյալ աշխարհի ներկայացուցիչներով: Ստացվում է` իշխանություններն այն վիճակում են, որ նրանց ձայն կարող է տալ հատկապես հանգուցյալը:

Մարդիկ չեն գիտակցում սեփական դերը, իշխանությունը չեն ընկալում որպես պատմական եզակի հնարավորություն` բարձրացնելու պետության եւ նրա քաղաքացիների ինքնագնահատականը, բարելավելու կյանքի որակը: Սա է պատճառը, որ իշխանության ձգտում են նրանք, ովքեր ճարպիկ են, տիրապետում են գողանալիս չկարմրելու հմտությանը եւ ունեն գողոնը ճիշտ բաշխելու կարողություն:

Քսան երկարուձիգ տարիների փորձը ցույց է տալիս նույն պատկերը. բոլորը նետվում են իշխանության` գուցե տարբեր մղումներով եւ մոտիվներով, սակայն նույն նպատակով: Հարստանալ եւ ճանաչվել: Ճանաչվել, որ հարստանալ: Մի փոքր ավելի ինտելեկտուալների համար խորհրդարանը, աշխատանքը գործադիրի տարբեր ոլորտներում, հավակնություններին հագուրդ տալու հարմար վայր է. հասարակությունն, իր կամքից եւ ցանկությունից անկախ, ստիպված է քեզ ճանաչել, լսել եւ, որ ամենավատն է, տեսնել: Խորհրդարանը պարզապես ոչ փոշոտ աշխատանքի վայր է: Երիտասարդ կարիերիստների համար՝ ղեկավարությանը տեսանելի ամբիոն, տարեցների համար` խաղաղ եւ արժանապատիվ ծերություն անցկացնելու հրաշալի հնարավորություն:

Իսկ պետությանը ծառայելու, ժողովրդի հոգսերով տապակվելու հավաստիացումները լիրիկական փոքրիկ զեղումներ են, թուլության վայրկյաններ, որոնք բնորոշ են նախընտրական շրջանին: Սակայն ընտրություններից հետո դրանք անցնում են անմիջապես եւ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, առանց առողջության համար զգալի հետեւանքների: