ԱՄՆ-ում Գոհաբանության տոնին անմիջապես հաջորդում է սպառողական տենդը, որի սկիզբը ստացել է «սեւ ուրբաթ» («Black Friday») անվանումը: Բանն այն է, որ ԱՄՆ-ում Ծննդյան տոների զեղչերի սեզոնի սկիզբը համընկնում է ամեն տարի նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրվա հետ: Այդ օրը մանրածախ առեւտրային ցանցերի մեծ մասն աշխատանքը սկսում է վաղ առավոտյան` ժամը 5-ին: Որպես կանոն` դեռ երեկոյից խանութների պատերի մոտ առաջանում են մարդկանց կուտակումներ, հերթեր. նրանք խանութների բացման առաջին իսկ րոպեին ցուցափեղկերից «սրբում են» ապրանքները: Ծննդյան տոների զեղչերի առաջին օրն իր անունը ստացել է Ֆիլադելֆիայի ոստիկանությունից, որը 1966-ին «սեւ ուրբաթ» է անվանել ճանապարհների խցանումների պատճառ հանդիսացող Գոհաբանության օրվան ավանդաբար հաջորդող տրանսպորտային քաոսը, որի պատճառն էլ շահավետ գնումներ կատարելու շտապող հետիոտնի անցուդարձն է: Տարիներ հետո «սեւ ուրբաթ» արտահայտությունը ԱՄՆ-ում ամենուրեք սկսեցին գործածել լայն իմաստով: Ապրանքների գների ու զեղչերի մասին սպառողին ավելի լավ տեղեկացնելու նպատակով խոշոր առեւտրային ցանցերը (Wal-Mart Stores, Target Corporation, OfficeMax, Big Lots, Staples եւ այլն) «սեւ ուրբաթի» նախօրեին իրարից գաղտնի հավանական գնորդներին հատուկ հրավերի, թռուցիկների ու նամակների զանգվածային տարածում են կազմակերպում: Յուրաքանչյուր ամերիկացու համար այդ օրն ասոցիացվում է ապրանքների լայն ընտրության հետ, որոնք կարելի է ձեռք բերել տարվա ամենացածր գներով: