«Սերժ Սարգսյանին ասա՝ էլ ուժ չունեմ ապրելու…»,- ասում է միայնակ թոշակառու Թամարա տատիկը

27/11/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

73-ամյա Թամարա տատը պատերից բռնվելով, սեղաններին հենվելով՝ մտնում է խմբագրություն ու լաց լինելով ինձ ասում է. «Վերջին հույսս դուք եք, պիտի օգնեք` արդարության հասնենք»: Ամենուր նվաստացուցիչ վերաբերմունքի արժանանալով` Թամարա տատի մեջ այնքան վիրավորանք է կուտակվել, որ անգամ չի կարողանում բացատրել, թե ինչ հարցում պիտի արդարության հասնենք: Ծեր կնոջ նյարդերն այնքան լարված են, որ որեւէ բառ արտաբերելիս` հեկեկում է: Հիվանդ ու անօգնական է: Ասում է` «Ո՞ր մի հիվանդության մասին պատմեմ, առողջություն թողեցի՞ն: Ֆուտբոլի գնդակի պես տշում են մի կաբինետից մյուսը: Չեն ասում` դեղերով ապրող մարդ է, չի կարելի էսպես տանջել: Կհավատա՞ս, գնում եմ տուն ու սկսում եմ լաց լինել, չեմ հանգստանում, որովհետեւ մարդու արժանապատվությունը դարձնում են փալաս, ստորացնում են»: Թամարա Վարդանյանը եկել է խմբագրություն` թերթի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ասելու, որ այլեւս չի կարողանում ապրել: Ուզում է իշխանություններին տեղեկացնել, որ իրենց պահած, իրենց հույսին մնացած թոշակառուները սովից մեռնում են: Ապրում է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 7-րդ փողոցի 39 տանը, որը 1965թ. կառուցված եւ այսքան տարիների ընթացքում վերակառուցման չենթարկված մի խրճիթ է: Մեկ սենյականոց խրճիթում, որը վառարանի պատճառով սեւացած ու մրոտ է` Թամարա տատը բետոնի վրա է ման գալիս: Գազի խողովակները տեղադրելու գումարի բացակայության պատճառով փողոցներից փայտ է հավաքում ու վառարանի օգնությամբ մի քիչ տաքանում է: 2-րդ կարգի հաշմանդամ այս կինն ապրում է 24.000 դրամ թոշակով (մինչ այդ, 2 ամիս առաջ թոշակը կազմել է 21.000 դրամ): Թամարա տատիկը տարիներ շարունակ համապատասխան կառույցներին խնդրում է իրեն ընտանեկան նպաստ տրամադրել` վստահեցնելով, որ իրենից աղքատ նպաստառուների ցուցակում որեւէ մեկին չեն գտնի: 1999թ. նա ընդգրկված է եղել նպաստառուների ցանկում, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշ ժամանակ անց նրան զրկել են այդ նպաստից: Նա վստահեցնում է, որ բազմիցս դիմել է Շենգավիթ համայնքի վարչական շրջանի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանին. «Եղել է, որ եռամսյակը մեկ անգամ տվել են 13.500 դրամ: Երկու եռամսյակ ստացել եմ, բայց հետո նորից չեն տվել: Ախր ես հո մուրացկան չե՞մ, պետության հույսին ապրող մարդ եմ: Չնայած իմ կարգավիճակում չապրելն ավելի սազական է իմ վիճակը նկարագրելու համար: Ուր ասես դիմել եմ, աղջիկ ջան, խնդրել-աղաչել եմ, ասել եմ` ծեր կին եմ, չեմ կարողանում հասցնել էս թոշակով անգամ մենակ կարտոշկա կամ մակարոն ուտելով ապրել: Իրենք կամ չեն պատկերացնում, կամ էլ` զգայարաններ չունեն, անսիրտ են… Երեւի նրանց հոգում խիղճ չկա»: Թամարա տատիկը հավատացնում է, որ բազմաթիվ դիմումներով ու այցելություններով Շենգավիթ վարչական շրջանի Սոցիալական ծառայության գրասենյակի պետ Ռուզաննա Կռունկյանին խնդրել է իրեն ընդգրկել նպաստառուների ցուցակում, սակայն վերջինս մերժել է, ասելով` «Բալերը չեն հերիքում»: Ասում է` ուր դիմում է` նույն պատասխանն է ստանում, սակայն զարմանալին այն է, որ այս տարիների ընթացքում սոցիալական ծառայության աշխատակիցներն ընդամենը մեկ անգամ են այցելել նրա տուն` կենսապայմաններն ուսումնասիրելու համար: Ասում է` «Ասում են` բալերը չի հերիքում, բայց ոչ մի անգամ ոտք չեն դրել իմ տուն: Ախր, որ նայես՝ ինչ աղքատության, ինչ անմարդկային պայմաններում եմ ապրում` կհամոզվես, որ նպաստ ստացողներից ոչ մեկն իմ նման չի ապրում: Ես իրենց առաջարկում, նույնիսկ խնդրում եմ` եկեք իմ տուն, ստուգեք, բայց չեն գալիս: Ասում են` կամպյուտերով են նայում, բայց իմ անունով ես ոչինչ չունեմ, հավատա, ոչ մի բան: Էդ մի քանի քառակուսի մետրանոցը, ոնց որ պադվալ լինի, էդ տունն ա: Տեսուչ Արեւիկը մի անգամ անցյալ տարի ա եկել, ասել ա` բալերը չի հերիքում, ու վերջ: Թող գնան նպաստ ստացողների պայմաններն էլ նայեն, իմն էլ»: Մենք զանգահարեցինք Շենգավիթ վարչական շրջանի ընտանեկան նպաստի գրասենյակ եւ փորձեցինք գրասենյակի պետ Ռուզաննա Կռունկյանից մեկնաբանություն ստանալ: Քանի որ վերջինս տեղում չէր, զրուցեցինք Ռ. Կռունկյանի տեղակալ Կարինե Ասլանյանի հետ: Լսելով Թ. Վարդանյանի խնդրի մասին՝ Կ. Ասլանյանը նպատակահարմար գտավ, որ մենք պարզաբանումներ ստանանք անձամբ տարածքի տեսուչից: Արեւիկ անունով ներկայացած տեսուչն անմիջապես հասկացավ՝ ում մասին է խոսքը, քանի որ, ինչպես նշեցինք, Թամարա տատիկն այդ գրասենյակ հաճախ է այցելել եւ տեսուչին էլ բազմիցս խնդրել է այցելել եւ իր տան պայմաններին ծանոթանալ: Արեւիկն ի պատասխան փոխանցեց, որ Թ. Վարդանյանին ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում չեն կարող ընդգրկել՝ հիմնվելով ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների վրա: «Որովհետեւ նա բավականին բարձր թոշակ է ստանում»,- ասաց նա: «Դուք համարում եք՝ 24.000 դրամը բավականին բարձր թոշա՞կ է»,- հարցրեցինք նրան, որին ի պատասխան՝ ասաց` «Դա ես չեմ համարում, այդպես համարում է մեր կառավարությունը, եւ ՀՀ օրենքներին, որոշումներին համապատասխան ընտանեկան նպաստ ստանալու իրավունք չունեն 9000 դրամից բարձր թոշակ ստացող թոշակառուները»: Այդուհանդերձ, Արեւիկից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նպաստ ստանալու հարցում դերակատարում չունեն մարդու կենսապայմանները, ապրելատեղը, աղքատությունը փաստող կենցաղավարությունը: Վերջինս ասաց` «Իհարկե, ունի, բայց նրա բալերը չեն հերիքում»: Հետաքրքիր է, ո՞րն է մարդու կենսապայմանների այն չափորոշիչը, որով սահմանվում է աղքատության նիշը: Այսինքն` մարդ, որը միայնակ թոշակառու է, ստանում է 24.000 դրամ ծերության «բավական բարձր թոշակ», 2-րդ կարգի դեղորայքով ապրող հիվանդ հաշմանդամ է, սպառած էլեկտրաէներգիայի գումարը վճարել չկարողանալու պատճառով շաբաթներով, ամիսներով անլույս է ապրում, փողոցներից փայտ հավաքելով` տուն է տաքացնում, «տան» պատերը ճաքած, փլված են, եւ այսպես շարունակ։ «Մենք այցելություն կատարել ենք, Թամարա Վարդանյանի բալերը չեն հերիքում»,- նույն խոսքերը կրկնեց Արեւիկը: Ընդ որում, Թամարա տատը վստահեցնում է, որ այսքան տարիների ընթացքում մեկ անգամ մեկ տարի առաջ է նա այցելել իր տուն: Արեւիկին հարցրեցինք` «Իսկ արդյոք նպաստ ստացող այն բոլոր ընտանիքների բալերը հերիքո՞ւմ են, որոնք ապրում են բավական բարվոք պայմաններում, ունեն տնամերձ հողատարածք, աշխատունակ են, հաճախ թաքցնում են զբաղվածությունը եւ այլն»: Արեւիկը մեզ հորդորեց նման տվյալներ ունենալու դեպքում գրավոր դիմել իրենց: «Ինչո՞ւ պիտի ձեզ դիմենք: Այդ տվյալները կհրապարակենք»,- խոստացանք նրան, եւ առաջիկայում մենք կներկայացնենք ընտանեկան նպաստ ստացող այն ընտանիքների տվյալները, որոնք հակասում են նույն Արեւիկի մատնանշած օրենքներին եւ որոշումներին: Ի դեպ, մեր թերթում բազում ընտանիքների օրինակներ ենք ներկայացրել, երբ տեսուչը փոխհամաձայնություն ձեռք բերելով` առաջարկել է ընդգրկել նպաստառուների ցուցակում միայն այն դեպքում, եթե 2 ամսվա նպաստն իրեն տրամադրեն: Այն, որ ընտանեկան նպաստի գրասենյակները կոռուպցիայի «որջեր» են` փաստ է թեկուզ միայն ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումների վերջին տարիների արձանագրություններով: Եվ այն, որ պետության տրամադրած այդ պետական գումարները ճիշտ հասցեատերերին չեն փոխանցվում, փաստ է նաեւ Թ. Վարդանյանի նման հարյուրավոր քաղաքացիների օրինակներով: Հետաքրքիր է, որ նպաստառուների ցուցակը պետական որեւէ կառույցի կողմից չի հրապարակվում կամ գոնե սոցծառայության էլեկտրոնային որեւէ կայքէջում տեղադրված չէ, հետեւաբար, նպաստները ճիշտ հասցեատերերին տրամադրելու թափանցիկություն ակնկալել պետք չէ:

Թամարա տատիկն աչքերի կատարակտ հիվանդությամբ է տառապում: 350 դրամ արժողությամբ աչքը սնուցող կաթիլայինը չի կարողանում գնել միայն նրա համար, որ 24.000 դրամով հասցնում է կոմունալ վճարումները կատարել, հաց, կարտոֆիլ գնել ու ամսվա վերջին օրերին քաղցած գիշերել: Ինչպես կարող է գոյատեւել թոշակառու այս կինը, երբ միայն հաց գնելու համար ամսական մոտ 5000 դրամ գումար է ծախսվում…. Ընդ որում, այս վիճակում են գրեթե բոլոր թոշակառուները:

Այստեղ տեղին է եւս մեկ անգամ հիշել Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին, ով Վերահսկիչ պալատի ստուգումների ընթացքում առողջական խնդիրներ էր ունեցել եւ ընդհատակ էր անցել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում 50-60 հազար մեռյալ հոգիներ թոշակ են ստանում, որը ամսական կազմում է մոտ 4 մլն դոլար: Ավելին, պարզվել է, որ թոշակ են ստանում անգամ մարդիկ, ովքեր դեռ 18-19 տարի առաջ են մահացել: Եվ երբ այս փաստերը բացահայտվել են, Խաչիկյանը վատացել է, եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Այսօր, սակայն, Խաչիկյանը ազատ «ֆռֆռում է», իսկ Թամարա տատիկի պես մարդիկ սովամահ են լինում, դեղի գումար չունեն…

Վերադառնալով Թամարա տատիկին, նշենք, որ բժիշկները նրան տեղեկացրել են, որ անհրաժեշտ է անհապաղ աչքերի վիրահատություն կատարել. «Վիրահատությո՞ւն, անփող մեկին դիմում ես՝ բարեւ էլ չի տալիս, ի՞նչ վիրահատություն, աղջիկ ջան»: Թամարա տատը մանրամասն պատմում է, թե թոշակով ամենամսյա ծախսերը հասցնելու ինչպիսի հաշվարկներով է ապրում։ «Մի՞ս… Հավատա, արդեն չեմ հիշում մսի համը, չեմ հիշում միս որ թվին եմ վերջին անգամ կերել: Ես երդվել եմ, որ էլ ոչ մեկին չեմ ընտրելու: Երդվում եմ ու գնալու եմ հսկեմ, որ իմ ձայնն իրենցով չանեն: Կհավատա՞ս, գլխիս եմ տալիս իմ ուզած մարդուն ընտրելու համար»,- ասում է նա` չբացահայտելով, թե ում օգտին է քվեարկել: Թամարա տատն ինձ խնդրում է` «Աղջիկ ջան, օգնի ինձ, արդարության հասնենք: Սերժ Սարգսյանին ասա, որ էլ ապրելու ուժ չունեմ, սովամահ եմ լինում…»: