Մաֆիայի դեմ` տանկերով

27/11/2010

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել Վիլա Կրուզեյրուի ետնախորշերի համալիրը, որտեղ նոյեմբերի 25-ին անցկացվել է աննախադեպ հատուկ գործողություն` տանկերի գործադրմամբ: Անցած հանգստյան օրերին Ռիոյում բռնկվել էր բռնությունների եւ անկարգությունների ալիք: 5 օրերի ընթացքում քաղաքի տարբեր շրջաններում զոհվել են տասնյակ մարդիկ, հրդեհվել են տասնյակ ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ: Իշխանություններն ավազակների գործողությունները որակել էին որպես հուսահատության ժեստ: Պաշտոնական վարկածի համաձայն` մինչեւ օրս նարկոմաֆիայի իշխանության տակ գտնվող տարածքները վերահսկողության տակ վերցնելու իշխանությունների գործողությունները հրահրել են կազմակերպված հանցավոր խմբերի անդամների վրեժխնդրության գործողություններ: Նոյեմբերի 25-ին Ոստիկանությունն իրականացրել է երկրի պատմության մեջ առաջին խոշոր հատուկ գործողությունը: Ռիոյի հյուսիսային հատվածում գտնվող Վիլա Կրուզեյրուի գրոհին մասնակցել է 350 մարդ, 4 ոստիկանական զրահապատ մեքենա եւ Բրազիլիայի ռազմածովային նավատորմի տրամադրած 9 տանկ: 4 ժամ տեւած փոխհրաձգության արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել տարածքը։