Մինչ վերջերս բոլորս մի տեսակ ինքնագոհությամբ էինք խոսում այսօրվա հացի որակի, հացատեսականիի բազմազանության մասին: Որպես կանոն՝ իրավիճակը համեմատում էինք 1992-94թթ. պատերազմական տարիներին կիսահում թխված հացի հետ, որտեղ երբեմն կարելի էր գտնել թելի կտորտանքներ, 10 կամ 20 լումայանոց մետաղադրամներ եւ այլն: Մինչդեռ պարզվում է՝ «գեղեցկադեմ», «ախորժաբեր» հացը մեծ վտանգ է ներկայացնում բոլորիս առողջության համար: Հայաստան են ներմուծվում տարեկան 700-800 տ բարելավիչ կոչվող քիմիական նյութեր, հավելանյութեր, որոնք հացին հաղորդում են փքունություն, լավ տեսք, եւ ստեղծում համի «հաճելի» պատրանք: Այս եւ հացի որակին վերաբերող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը կենսատեխնոլոգ, Խորհրդային Միության վաստակավոր գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանի հետ:
– Հայկական սեւ հումոր կարելի է անվանել հաց արտադրող ընկերությունների այն կարծիքը, ըստ որի՝ հացի թխման համար վիտամիններ են օգտագործվում: Իրականում դրանք ոչ թե վիտամիններ, այլ բարելավիչներ են: Դրանք բավական բարդ կոմպոնենտների խառնուրդ են: Բաղադրության կազմում կան գենախախտ սոյա, պերօքսիդներ (մազերի շիկացման համար օգտագործվող պերեկիսն է.- Մ.Մ.), օրգանական թթուներ, էմուլգատորներ (օճառն է.- Մ.Մ.), տարատեսակ աղեր, ներկեր եւ այլն: Այդ փունջը որեւիցե առնչություն չունի վիտամինի հետ: Կարծում եմ՝ դա հատուկ ռազմավարություն է: Արդեն 5 տարի է՝ այս մասին ես բարձրաձայնում եմ, բայց, կարծես, լսողներ չկան: Ավելին՝ որպես պատասխան՝ նշում էին, որ այդ բարելավիչներն օգտագործում է Ամերիկան ու Եվրոպան: «Եվրոպացիներն օգտագործում են, իսկ մենք ինչո՞վ ենք պակաս»,- ի պատասխան ինձ՝ այսպես էին արձագանքում: Սակայն այդ բարելավիչներով պատրաստված հացը լուրջ վտանգ է մարդու առողջության համար եւ հանգեցնում է տարբեր հիվանդությունների առաջացմանը: Երկրորդ մոլորությունը վերաբերում է հացամթերքի արտադրությունում խմորիչի օգտագործմանը: Հաճախ փաթեթավորված լավաշի վրա գրում են՝ «պատրաստված է առանց խմորիչի» արտահայտությունը: Սա հայտնագործություն է, քանի որ հացն առանց խմորիչի թխում են անապատներում ապրող բեդվինները թիթեղի վրա, կամ, լավագույն դեպքում, խոսքը թուրքմենական ցուրեկի մասին է: Առանց խմորիչի հացը նույնն է, ինչ առանց մերանի կաթից մածուն ստանալը: Քիմիական նյութեր օգտագործելով՝ հացը սկսում է, այսպես ասած՝ փքվել, ախորժաբեր տեսք ստանալ, սակայն խմորման բնական գործընթացը խախտվում է: Եթե նախկինում հացի խմորի հասունացումը տեղի էր ունենում 8-10 ժամ տեւողությամբ, ապա այսօր այն կատարվում է 15-20 րոպեում: Իսկ խմորիչը 15-20 րոպե մնալով խմորի մեջ՝ անցնում է պատրաստի հացի մեջ, ինչի հետեւանքով օրգանիզմում առաջանում են թունավորումներ եւ խմորումներ: Դեռ բավական չէր այն, որ հացն ամբողջությամբ փչացրեցին, հիմա էլ սկսել են լավաշը փչացնել: Այդ մարդիկ արժանի են Նոբելյան մրցանակի, քանի որ առանց խմորիչի լավաշ են ստանում: Մինչդեռ մեր ավանդական հացն ու լավաշն ընդհանրապես չեն կարող առանց խմորիչի լինել:
Այսօրվա քիմիական նյութերով հացարտադրության ոլորտն արհեստավարժություն չի պահանջում: Անգամ նկուղում կարող են հաց թխել: Բիզնեսմենը, ֆինանսական մեծ միջոցներ ունեցող մեկը գտնում է մի քանի բանվոր եւ հիմնում հացի արտադրություն: Նրանց տեխնոլոգները բանվորներն են՝ «խմորչիներ» անվամբ: Դա է պատճառը, որ այդ ոլորտն սկսեց մեծ արագությամբ աղավաղվել: Որակյալ հաց թխող մի քանի կղզյակներ կարելի է գտնել գյուղերում, սակայն փաստացի այսօր մնացել ենք առանց մեր ավանդական հացի: Լայնածավալ քանակությամբ բարելավիչներ են լցնում մեր ավանդական հացի, մասնավորապես՝ «Մատնաքաշի», «Հրազդան» հացի եւ այլ հացատեսակների մեջ: Մեր հասարակության չորրորդ մոլորությունը վերաբերում է սեւ հացատեսակի արտադրությանը, որը մեծամասամբ նախընտրում են շաքարային դիաբետով հիվանդները: Սեւ հացը պատրաստվում է տարեկան ալյուրից, իսկ տեւական ժամանակ է՝ տարեկան ալյուր չի ներկրվում Հայաստան:
– Այսինքն՝ սեւ հացն ամբողջովին ներկո՞ւմ են:
– Այո, նրանք ամբողջովին օգտագործում են ներկեր: Եվ շատ հնարավոր է, որ սեւ հացը ստանում են առաջին տեսակի կամ բարձր տեսակի ալյուրից: Իսկ ամենացավալին այն է, որ հացարտադրության ոլորտն աստիճանաբար դարձավ մենաշնորհային բիզնես: Դաշտը չի վերահսկվում, իսկ հասարակությունը տեղեկացված չէ: Չնայած այսօր սպառողների բազմաթիվ ասոցիացիաներ կան, Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչություն, որոնք, սակայն, իրենց գործը բացարձակապես չեն կատարում:
– Բայցեւայնպես, սպառողների ասոցիացիան, օրինակ, նշում է, որ Հայաստանի անկախացումից հետո հացի որակը վատացավ, եւ իրենք պայքարում են այդ երեւույթի դեմ:
– Նրանցից որեւէ մեկը նման հայտարարություն չի կարող անել մասնագետների ներկայությամբ: 5 տարի առաջ տեսնելով հացարտադրության ոլորտի խնդիրները՝ մի քանի էնտուզիաստ մասնագետներով ձեւավորեցինք մեր, այսպես ասած՝ թիմը: Ստեղծեցինք գիտաարտադրական հացաթխման փոքր արտադրություն՝ «Կռուփ» ՍՊԸ-ն: Մեր խնդիրներից մեկն այն էր, որ բացի բարձրաձայն խոսելուց, նաեւ գործնականորեն ապացուցենք: Արդեն 1 ամիս է՝ սկսել ենք հաց արտադրել: 1 ամսվա կտրվածքով արտադրել ենք շուրջ 200 հաց, որը, ինչ խոսք, Երեւանի մասշտաբայնության տեսակետից չնչին թիվ է: Մեր արտադրած հացը նախեւառաջ մեր զենքն է: Այս անգամ փորձեցինք խնդրին մոտենալ ոչ տրիվիալ: Նպատակը այն վաճառքի հանելը չէր, թեեւ մեր արտադրած հացը սպառում է գտնում հիմնականում դեսպանատների կողմից, ինչպես, օրինակ, ԱՄՆ դեսպանատունը, 1 ամսից ավելի է, օգտվում է մեր արտադրած հացից:
– Ինչո՞վ է առանձնանում Ձեր ընկերության կողմից արտադրված հացը:
– Այն մաքուր, որակյալ հաց է: Ես պատահաբար չօգտագործեցի պապենական, ավանդական հաց ասվածը: Մենք հացը պատրաստում ենք թթվակաթնային շիճուկով, որն օգտագործել են մեր պապերը: Մեր բարելավիչն ունի իր անունը՝ հացաթան, որի հիմքում թանն է: Իսկ այն ոչ սովորական, կենսատեխնոլոգիայի միջոցով ավելի խտացված թան է, եւ բաղադրության մեջ մտնում է ցորենի թեփը, թանն ու ածիկը: Հացաթանը հնարավորություն է տալիս հացի թխման ջերմաստիճանի բարձրացման ժամանակ օսլան վերամշակել, եւ միաժամանակ թթխմորը նեյտրալիզացնում է, այսինքն՝ կենդանի թթխմոր չի հասնում մարդու ստամոքս: Մեր հացի մեջ չկա կրախմալ եւ խմորիչ: Այլ կերպ ասած՝ մեր հացը գյուղական համով-հոտով բոքոնն է:
– Իսկ այդ բոքոնը թա՞նկ է:
– Կարծում եմ՝ թանկ չէ: Մեր արտադրած հացի կշիռը 400 գրամ է, եւ պատրաստում ենք գորշ ալյուրով: Ընդ որում՝ Հայաստանում միակ հացն է, որ անցել է բժշկական բոլոր փորձաքննությունները: Մեր հացը համարվում է ոչ թե օգտակար, այլ՝ առողջարար, բուժիչ: Այն օգնում է աղեստամոքսային խնդիրներ ունեցող, շաքարային դիաբետով հիվանդներին: Մեծ ցանկություն ունենք արտադրել նաեւ սեւ հաց, բայց, ցավոք, մեր հանրապետությունում տարեկան ալյուր չկա:
– Պարոն Սելիմյան, թեեւ հետաքրքրական են բնական հացարտադրության մասին Ձեր պատմածները, բայց, այնուհանդերձ, ինչո՞ւ հանկարծ Ձեզ սկսեց հուզել հացի որակը:
– Իմ հիմնական գիտությունը չորաթանն էր: Չորաթանը, կերաթանն ու հացաթանն իմ զավակներն են: Մասնագիտությամբ ես կենսատեխնոլոգ եմ, եւ դեռեւս Խորհրդային Միության տարիներին մենք աշխատում էինք կենդանիներին առավել լավ զարգացման համար կերաթան տալ: Այնուհետ անցա չորաթանին, եւ պատահաբար հայտնվեցի հացաթխման ոլորտում: Այն ժամանակ Երիցյաններ ընկերություն կար, որին առաջարկեցի հացաթանի օգտագործումը: Այդ ընկերությունը 5 տարի պատրաստեց բիոհաց, բայց որոշ ժամանակ անց փակվեց: Դրա փոխարեն՝ հիմնվեց նոր ընկերություն, որի ղեկավարները շաբաթներ առաջ բիոհաց արտադրելու համար դիմեցին ինձ՝ հացաթան տրամադրելու համար: Ես ընդառաջեցի նրանց: Այսինքն՝ հացարտադրության մեռյալ գոտում որոշակի շարժ նկատվում է: Ես հստակ ժամկետ եմ դրել իմ առջեւ: Մինչ հաջորդ աշուն ես կշարունակեմ իմ ջանքերը ներդնել հայաստանյան հացարտադրության ոլորտում: Որոշակի շտկումներ տեսնելու դեպքում՝ կմնամ Հայաստանում, իսկ հակառակ պարագայում՝ կհեռանամ: Առաջարկներ ստացել եմ տարբեր երկրներից՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Գիտաարտադրական ընկերությունը մենք հիմնեցինք նաեւ՝ այն նպատակով, որպեսզի տեղեկացնենք հասարակությանը, ինչպես նաեւ՝ հաց արտադրող ընկերություններին, որ իրենց արտադրած քիմիական հացը վնասում է նաեւ իրենց երեխաներին:
– Այսօր աշխարհում գործարարները մրցում են լավագույն գիտական ներուժ ձեռք բերելու համար: Միգուցե ինովացիոն ծրագի՞ր է պետք մշակել:
– Նախորդ տարի ինովացիոն ծրագիր ներկայացրեցինք մեր երկրի ղեկավարներին: Մեր երկրի բիզնեսմեններին միայն եկամուտն է հետաքրքրում: Նրանք նման ծրագրերի արդյունավետությունը չեն հասկանում: Եթե մեր ներկայացրած ծրագիրն ընդունվեր, ապա ֆինանսական փոքր միջոցներով կերաթան եւ չորաթան արտադրող մի քանի գործարան կարելի է: Ի տարբերություն քիմիական գործարանների՝ բիոտեխնոլոգիական գործարանները մեծ տարածք չեն զբաղեցնում: Նվազագույնը կարելի էր հիմնել 100 գործարան, եւ արդյունքում կունենայինք 20.000 աշխատող:
– Այսինքն՝ բարձրորակ հաց արտադրելը ծախսատար չէ՞:
– Անշուշտ: Ծրագիրը ներկայացրեցինք մինչեւ անգամ Կառավարություն, սակայն մեզ ասացին, որ պետությունն այդ հնարավորությունները չունի, եւ ուղղորդեցին դեպի մի հայ գործարար, ով իբր պետք է աջակցեր մեր ծրագրի իրագործմանը: Մեզ տարան «ջիպազգիների» ներկայացուցիչներից մեկի մոտ: Նախքան ծրագրի մեկնարկն առաջարկեց հետեւյալը՝ շահույթի 2%-ը տալ մեզ, իսկ մնացյալ 98%-ը պահել իրեն: Ընդ որում՝ նրա պետական աջակցությամբ ստեղծված փոքր եւ միջին բիզնեսի ինովացիոն ծրագրերին աջակցող գործակալության աշխատակիցը, ով տարել էր մեզ այդ բիզնեսմենի մոտ, այսպես արձագանքեց, ասաց. «Դուք գիտնական եք, 2%-ից ավելին Ձեզ ինչի՞ համար է պետք»: Ցանկացած պետական կառույց սեփական դուքան է, որոնց նկատմամբ այլեւս վստահություն չկա: Պետական աջակցությունը բացակայում է մեր երկրում: Մենք փորձեցինք նաեւ մեր արտադրած հացն առաջարկել ՀՀ Զինված ուժերին, սակայն այնտեղ էլ մեզ չընդունեցին: Շուրջ 2 տարի կորցրեցինք, եւ չէինք հասկանում մեզ մերժելու իմաստը:
– Իսկ հիմա՞:
– Ի պատասխան այդ մերժումների՝ մի գիտակից մարդ մեզ մերժման տրամաբանական պատճառն ասաց, ըստ որի՝ հացաթան տալով՝ մենք կարող ենք հաշվել տվյալ գործարարի կամ կառույցի եկամուտները, իսկ նրանք, անշուշտ, չեն ուզում իրենց ներքին խոհանոցը բացել, եւ նախընտրում են թունավոր հացը: Այդ դեպքերից հետո հուսահատվեցի, թեւերս կախվեցին: Չնայած դրան՝ ի դեմս իմ գործընկերների՝ շարունակում ենք պայքարել: Վերջիններս ավելի մարտական են տրամադրված: Մենք հայտարարում ենք, որ չենք մտել հացի բիզնես: Մեր նպատակն է՝ պրոպագանդել, որպեսզի թույնը հանեն մեր հանրապետությունից: