«Վերջին 8-9 ամիսների կամ անգամ մեկ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածությունը կտրուկ մեծացել է… Ինձ մտահոգում է այն` արդյո՞ք երկու կողմերը, եւ առաջին հերթին՝ ադրբեջանցիները, այս իրավիճակում այնքան հեռու չեն գնա, երբ այլեւս նահանջելու տեղ չի մնա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը: «Այդ պատճառով նման իրավիճակում լավագույն տարբերակը «սովածին փոքրիկ չափաբաժիններով կերակրելու» մեթոդն է, գդալով կերակրելը, ոչ թե ճոխ սեղանի մոտ հրավիրելը: Այս ճանապարհով է փորձում գնալ ռուսական կողմը, երբ հանդիպումների ժամանակ, օրինակ` ինչպես Աստրախանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, համաձայնություններ են ձեռք բերվում, այսպես ասած, հարակից, առանձին հարցերի շուրջ, ասենք` ռազմագերիների փոխանակման, զոհվածների մարմինները հանձնելու եւ այլն: Շատ հնարավոր է, որ Աստանայում կհաջողվի հենց այդպիսի հարակից համաձայնության հասնել: Սա եւս դրական է, քանի որ ներկայիս իրավիճակում դժվար է ենթադրել, թե Ղարաբաղյան խնդրում հնարավոր է բեկումնային առաջընթաց կամ հակամարտության համալիր կարգավորում»,- նշել է նա: