Թեեւ սոցիոլոգիական հարցումներին Հայաստանում որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում, այդուհանդերձ դրանք բավական հետաքրքիր նշանակություն ունեն քաղաքական ուժերի միջեւ հարաբերությունները, իշխանությունների հաշվարկները պարզելու տեսանկյունից: Այսինքն` ընտրություններից առաջ հրապարակվող ցանկացած հարցման արդյունքներն իրականում վկայում են ոչ թե այն մասին, թե ինչ է հասարակությունը մտածում քաղաքական ուժերի ու գործիչների մասին, այլ հակառակը` ինչ են մտածում վերջիններս` հասարակության ձայները «բաշխելու» վերաբերյալ: Սրանք բոլորը հայտնի ճշմարտություններ են, որոնք հերթական անգամ ապացուցվում են, երբ այդ մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները: Ինչպես, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Վերջինս երեկ անդրադառնալով բրիտանական «Պոպուլուս» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ասել է բառացիորեն հետեւյալը. «Էդ հարցում անողները նաեւ փող են աշխատում: Եթե պատվիրում ես, ուրեմն դրամն էլ պիտի հետեւից ուղարկես»: Ռազմիկ Զոհրաբյանն ազնվորեն խոստովանել է նաեւ, որ այդ հարցումները կատարվում են ոչ թե հասարակական կարծիքը պարզելու, այլ ճիշտ հակառակը` հասարակությանը կողմնորոշելու համար: «Նորմալ եմ համարում նման կազմակերպությունների մուտքը, որ հասարակությունը գոնե միջինացված կողմնորոշվի»,- ասել է Ռ. Զոհրաբյանը: