«Էդ հարցում անողները նաեւ փող են աշխատում: Եթե պատվիրում ես, ուրեմն դրամն էլ պիտի հետեւից ուղարկես»,- երեկ նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով բրիտանական «Պոպուլուս» ընկերության կողմից նախօրեին հրապարակած հարցումների արդյունքներին:
Հայ հանրությանը ընտրություններից ընտրություն ներկայացող բրիտանական «Պոպուլուս» ընկերությունը նախօրեին հրապարակեց Հայաստանում իր կատարած սոցհարցման արդյունքները: Դրանց համաձայն, հարցվածների 28 տոկոսը պատասխանել է, որ եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, իրենց ձայնը կտային ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Հարցվածների 10 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգտին, եւ ընդամենը 4 տոկոսն է ասել, որ կքվեարկեր ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Սակայն, հարցին ի պատասխան՝ ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, նույն հարցվածների 26 տոկոսը նշել է Գ.Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ի անունը: Այն դեպքում, երբ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 21 տոկոսը:
Պաշտոնապես նշվել է, որ «Պոպուլուսին» այդ հարցումը պատվիրել է Բրյուսելում գրանցված «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը, որի անունը, ինչպես արդեն գրվել է մեր մամուլում, կապվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Համենայնդեպս, մոտ մեկ շաբաթ առաջ Բրյուսել կատարած կարճատեւ այցի ընթացքում Տ. Սարգսյանը հանդիպել էր այդ կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչի մասին տարածվել էր պաշտոնական հաղորդագրություն: Իհարկե, նույն հարցումների համաձայն՝ վարչապետն ունի նախագահ դառնալու ընդամենը 1 տոկոս շանս, սակայն դա ոչինչ չի նշանակում: Իհարկե, կարող էր Տ. Սարգսյանը բարեկամաբար խնդրել իր անվան դիմաց գրել՝ 3-4 տոկոս, սակայն նա հավանաբար այդ զոհողությանը գնացել է հարցման հավաստիությունը ապահովելու համար: Իսկ բուն հարցումներն իրականացրել է արդեն հայաստանյան «ԷՅ ՓԻ ԷՍ ՍԻ» կազմակերպությունը: Այսինքն` Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը սոցհարցումն արել է «ԷՅ ՓԻ ԷՍ ՍԻ»-ի միջոցով: Ստացվում է, որ Հայաստանի հետ կապ ունեցող մի կազմակերպության պատվերն իրականացրել է հայաստանյան մեկ այլ ընկերություն: Հավանաբար, հնչեղությունը կամ հավաստիությունն ապահովելու համար արանքում օգտագործել են բրիտանական «Պոպուլուսի» անունը, որը 2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, թե Ս.Սարգսյանը հաղթել է: Ամեն դեպքում, որքան էլ այդ ընկերությունների օտարերկրացի եւ հայ պատասխանատուները հավաստիացնեն, թե իրենց հարցումներն անաչառ են, անցյալը դա չի հաստատում:
Նշենք, որ սա առաջին նման մասշտաբի հարցումն է առաջիկա թե խորհրդարանական, եւ թե նախագահական ընտրություններից առաջ: Կամ առաջինն է, որին իշխանությունները այսպիսի հնչեղություն տվեցին: Իհարկե, սրան կհետեւեն բազմաթիվ այլ կազմակերպությունների, բոլորիս քաջ ծանոթ «Գելափի», թիվ մեկ իշխանական սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հարցումները, որոնք, բնականաբար, ՀՀԿ-ի ու Ս.Սարգսյանի հնարավորությունները ամենաշատը կհամարեն: Ի դեպ, Ա.Ադիբեկյանն առաջիկա ընտրությունների թեմայով իր հարցումները շատ չի ուշացնի, կհրապարակի տարեվերջին կամ եկող տարեսկզբին:
Ամեն դեպքում «Պոպուլուսի» այս «տվյալները» երեկ տարբեր մեկնաբանությունների առիթ էին դարձել Հայաստանի քաղաքական շրջանակներում: Մեր զրուցակիցներից շատերին, հատկապես ՀՀԿ-աններին, ավելի շատ տարակուսելի էր թվում ՀՀԿ-ի համեմատ ԲՀԿ-ի տոկոսային առավելությունը: Նաեւ այդ նույն պայմաններում ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար հրապարակված ցածր տոկոսը: Բնականաբար, Ս.Սարգսյանին տրված 28 տոկոսն էլ իշխանական թեւի մեր զրուցակիցներին չէր բավարարում, եւ շատերն այդ հարցում միտում էին տեսնում: Այս հարցումներին լուրջ վերաբերվող գործիչներն իրենց վերլուծություններում մի պահ մոռանում էին, որ «Պուպուլուսի» հարցման արմատները տեղական են` ենթադրելով նաեւ, որ գուցե եվրոպացիներն իրենց ցանկությամբ են դրանք նախաձեռնել: Սակայն այդ դեպքում էլ եզրահանգում էին, որ «Պոպուլուսի» միջոցով փորձ է արվել Հայաստանի քաղաքական ուժերին ինչ-որ բան հասկացնել: Ըստ իշխանական «վերլուծողների»՝ Գ.Ծառուկյանին՝ 10, ու ԲՀԿ-ին 26 տոկոս վերագրելով, եվրոպացիները փորձել են նրան ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական դաշտի լուրջ դերակատար, բայց նաեւ հասկացրել են, թե դեռեւս նախագահի երկրորդ թեկնածուն չի նշմարվում: ՀՀԿ-ում փորձում են կողմնորոշվել, թե ինչ խաղ է նախապատրաստել Արեւմուտքը, որը դժգոհ է ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի բարձրացման պատճառով: Արեւմուտքը «ռուսական գործոնի» պատճառով դժգոհ է նաեւ Լ.Տեր-Պետրոսյանից, քանի որ ընդդիմության առաջնորդը վերջին հանրահավաքների ժամանակ շատ խիստ հայտարարություններ է հնչեցնում միջազգային կառույցների հասցեին` ասելով, թե նրանք բավարար ջանքեր չեն գործադրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կամ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կայացմանն աջակցելու գործում: Գուցե Արեւմուտքն էլ «Պոպուլուսի» միջոցո՞վ է իր վերաբերմունքը հայտնում Տեր-Պետրոսյանին: Այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում չբացառեց այդ տարբերակը: Նա նաեւ ավելացրեց, թե հարցումները մեր երկրում նույնքան արդյունք ունեն, որքան որ Սադամ Հուսեյնի ժամանակվա Իրաքում: «Ճիշտ է, հաշվի առնելով ռեպրեսիաների ծավալի տարբերությունը, հարցումը Ս.Հուսեյնին կտար 99 տոկոս, Ս.Սարգսյանի մոտ տվել է 28 տոկոս: Մարդիկ ուղղակի վախեցած են ու համակրանքները հստակ չեն ասի, բոլորն էլ գիտեն, որ Կոնգրեսի համակիր լինելը նշանակում է ենթարկվել հետապնդումների: Հայաստանում, ցավոք, չկա սոցիոլոգիա: Անգամ դրսի կազմակերպություններն այդ հարցումների համար օգտագործում են ներսի սոցիոլոգներին, ովքեր երբեք օբյեկտիվ պատկերը չեն տալիս: Ես բարեկամներ ունեմ այդ ոլորտում, ովքեր լքել են քաղաքական սոցիոլոգիայի բնագավառը, որովհետեւ, իրենց պնդումներով, եթե օբյեկտիվ ինֆորմացիա տան, դա կապված է կյանքի համար վտանգների հետ»,- ասում է Լ.Զուրաբյանը:
Արտաքին գործոններից բացի, երեկ քննարկվում էին նաեւ տեղական տրամադրությունները, մասնավորապես այն, թե ինչո՞ւ է Ս.Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր ստացվել նրան առաջադրած ՀՀԿ-ի վարկանիշից: Այստեղ արդեն մեկնաբանությունները տարբեր են: «Լիդերը եթե քաղաքական ուժից բարձր չեղավ, հակասություն է առաջանում»,- կարծում է Ռ.Զոհրաբյանը:
Մինչդեռ կոալիցիայում կարծում են, թե այդ թվաբանության մեջ միտում կա ցույց տալու, թե Ս.Սարգսյանն առանց ՀՀԿ-ի էլ յոլա կգնա: ՀՀ նախագահն ինքը նորեկ է այդ կուսակցությունում եւ այդ հանգամանքից ելնելով` նախընտրական շրջանում, շատերի կարծիքով, փորձելու է ՀՀԿ-ից վեր կանգնել ու ավելի լայն ձեւաչափ կազմավորել: Այնուամենայնիվ, մի բան պարզ է. հատկապես մեր երկրում սոցիոլոգիական հարցումները հրապարակվում են ոչ թե ընտրողների կողմնորոշումները ցույց տալու, այլ ճիշտ հակառակը` ընտրողների կողմնորոշումները ձեւավորելու նպատակով: Սա նույնիսկ ՀՀԿ-ում են խոստովանում: «Նորմալ եմ համարում նման կազմակերպությունների մուտքը, որ հասարակությունը գոնե միջինացված կողմնորոշվի»,- ասում է Ռ.Զոհրաբյանը: