Հայ-ռուսական միջպետական պայմանագիրը, որով երկարաձգվում էր ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը, առայժմ չի ուղարկվել ՍԴ: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրվեց «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Ըստ փոփոխության, եթե նախկինում փաստաթղթի գործողության ժամկետը 1995-ից սկսած 25 տարի էր, ապա այժմ փաստաթուղթն ուժի մեջ կլինի 49 տարի, մինչեւ 1944թ.: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, որը պետք է ունենա ՍԴ-ի եզրակացությունը: ՍԴ-ից տեղեկացրին, որ համաձայնագիրն իրենց դեռեւս չեն ուղարկել: Պարզվեց, որ անգամ նախագահական նստավայր չի հասել համաձայնագիրը: ԱԳՆ Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը «Ա1+»-ին տեղեկացրել է, որ համաձայնագիրն իրենց մոտ է: «Փաթեթն ամբողջացման փուլում է, բոլոր շահագրգիռ գերատեսչությունները պետք է իրենց եզրակացություններն ուղարկեն, այժմ այդ գործընթացն է իրականացվում»,- ասել է Բալայանը` հավելելով, թե օրենքով սահմանված ժամկետներում իրենք համաձայնագիրը կուղարկեն նախագահական նստավայր: Դրանից հետո միայն ՍԴ-ն կքննարկի համաձայնագրի սահմանադրականությունը, իսկ խորհրդարանը կվավերացնի այն: