Հանրապետական թեզեր

25/11/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Լրագրողներն ու հասարակությունը վաղուց արդեն դադարել են զարմանալ պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների արտահայտությունների վրա։ Սակայն երեկվա ասուլիսը՝ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի եւ ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի մասնակցությամբ, որոշ իմաստով բացառիկ էր։

Այդ բացառիկությունը դրսեւորվում էր ոչ թե զարմանալի եւ երբեմն անհասկանալի պնդումներով, այլ՝ դրանց քանակով։ Իհարկե, ասուլիսի ընթացքում բանախոսները խոսել են նաեւ քաղաքականությունից, անդրադարձել քաղաքական իմպոտենտության եւ վերարտադրության հիմնախնդիրներին, սակայն մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում են տնտեսական խնդիրները։ Մասնավորապես՝ Վարդան Այվազյանի՝ տնտեսության մասին արտահայտած որոշ տեսակետները, քանի որ նա ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

Թեզ համար մեկ. Տնտեսական աճ

«Ես ավելի քան համոզված եմ, որ մյուս տարի ՀՆԱ-ի աճն ավելի բարձր է լինելու, որովհետեւ մեր տնտեսության գոնե երկու ոլորտ` շինարարությունն ու գյուղատնտեսությունը, արդեն այն մակարդակին են հասել, որ ՀՆԱ-ի 2.4 տոկոսն ապահովել են»,- ասել է Վարդան Այվազյանը:

Նախ, ամոթ էլ կլինի, եթե ՀՆԱ-ի աճի տեմպը հաջորդ տարի ավելի բարձր չլինի։ Ի վերջո, մենք երկնիշ աճին սովոր ժողովուրդ ենք։ Սակայն բացատրությունը, մեղմ ասած, անհասկանալի է՝ «Շինարարությունն ու գյուղատնտեսությունը արդեն այն մակարդակին են հասել, որ ՀՆԱ-ի 2.4 տոկոսն ապահովել են»։ Անկեղծ ասած, շատ մտածեցինք եւ այդպես էլ չհասկացանք՝ ի՞նչ է նկատի ունեցել պրն Այվազյանը։ Շարադասությունից ելնելով՝ պետք է ենթադրել, որ գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտները միասին ապահովել են ՀՆԱ-ի 2.4%-ը։ Սակայն Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշները լրիվ ուրիշ բան են ասում։ Ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՆԱ-ն կազմել է 2.755 տրիլիոն դրամ։ Այդ թվում՝ շինարարության ծավալները կազմել են 423 միլիարդ դրամ, իսկ գյուղատնտեսական արտադրանքը՝ 528 միլիարդ դրամ։ Պարզ թվաբանությունը հուշում է, որ միայն առաջինն ապահովել է ՀՆԱ-ի 15.3%-ը, իսկ երկրորդը՝ 19.1%-ը։ Այսինքն, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտները միասին ապահովել են ՀՆԱ-ի 34.4%-ը։ Թե ի՞նչ 2.4%-ի մասին է խոսքը՝ մութ է մնում։ Ինչեւէ՝ պատգամավորը չի բացառել, որ հաջորդ տարի Հայաստանի ցուցանիշները կարող են հավասարվել, ասենք, 2008թ.-ի տվյալներին։ Միգուցե մի բան գիտեն, որ ասում են։

Թեզ համար երկու. Գնաճ եւ մրցակցություն

12-ամսյա գնաճն, ինչպես հայտնի է, արդեն գերազանցում է 9%-ը։ Գների աճը (մասնավորապես՝ սննդամթերքի) Վ. Այվազյանը պայմանավորում է համաշխարհային շուկայում առկա միտումներով։ Բայց պանիրը, որի շուրջ վերջերս այսքան աղմուկ բարձրացավ, Վ. Այվազյանը այդ կոնտեքստից դուրս է հանում։ Սակայն ոչ թե այն պատճառով, որ միայն Հայաստանում արտադրվող հայկական պանրի դեպքում անիմաստ է համաշխարհային տենդենցներից խոսելը, այլ որովհետեւ. «Պանիրը կենդանի օրգանիզմ է, իսկ կաթի փոշուց պանիր չի լինում… հասկանո՞ւմ եք»։ Ճիշտն ասած, չենք հասկանում։ Նախ, որքանով մեզ է հայտնի, Հայաստանում պանիրն արտադրում են նաեւ կաթի փոշուց։ Իսկ «պանիրը կենդանի օրգանիզմ է» արտահայտությունը երեւի մեր խելքի բանը չէ։

Սա դեռ ամենը չէ։ «Այո, սննդամթերքի գների աճն ակնհայտ է, բայց այստեղ նաեւ իր դերակատարումն ունի նա, որ մենք թույլ ենք տվել օլիգոպոլիաներ կամ` գերիշխող դիրքի առկայություն, ինչն էլ խնդիրներ է առաջացնում»,- անկեղծացել է Վարդան Այվազյանը: Փաստորեն, իշխող կուսակցության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունում է, որ իրենք են ստեղծված իրավիճակի մեղավորը։ Սա արդեն առաջընթաց է։

Թեզ համար երեք. Դեֆո՞լտ։ Ի՞նչ դեֆոլտ

Վարդան Այվազյանից լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե մեզ 2012թ. դեֆոլտ սպասվո՞ւմ է, ինչպես կանխատեսում են մի շարք տնտեսագետներ։ Պատգամավորը անհիմն է համարել այդ կանխատեսումը, հետո մեկնաբանել. «Ի՞նչ է, ունենալու ենք դրամի կտրուկ ա՞ճ, այսինքն` դոլար-դրամ հարաբերակցությունը լինելու է 600-700 դրամ: Ոչ: Իսկ դեֆոլտը դա է, այնպես որ, ասվածի որեւէ հիմնավորվածություն չկա»:

Սկսենք վերջից։ Նախ՝ ինչպե՞ս կարելի է հստակ ու համոզված ասել, որ 2012թ. դոլարը 600 դրամ չի արժենալու։ 2009թ. մարտի 1-ին ոչ ոք չէր սպասում, որ դրամը մի քանի ժամվա մեջ կարող է 25%-ով արժեզրկվել։

Հիմա անդրադառնանք դեֆոլտին։ Խորին հարգանք տածելով Վ. Այվազյանի գիտելիքների նկատմամբ, պետք է նշենք, որ դեֆոլտը ամենեւին էլ այն չէ, երբ արժույթը էժանանում կամ թանկանում է։ Դասական սահմանման համաձայն՝ դեֆոլտ համարվում է այն իրավիճակը, երբ ընկերությունը (կամ պետությունը) չի կարողանում կատարել իր պարտքային պարտավորությունները՝ վճարել տոկոսները կամ մայր գումարը։

Իսկ երկիրը արտաքին պարտքը վճարում է հավաքված հարկերի հաշվին։ Այսինքն՝ հարկերը հավաքում է սեփական արժույթով, վեր է ածում դոլարի (կամ այն արտարժույթին, որով պարտք է վերցրել) եւ վճարում պարտատիրոջը։ Վ. Այվազյանի ասածի տրամաբանությունն այն է, որ եթե դրամը արժեզրկվի, ապա պարտքը սպասարկելու համար անհրաժեշտ կլինի ծախսել երկու անգամ ավելի շատ գումար։ Սակայն դեֆոլտի պատճառը միայն փոխարժեքը չէ, որ կարող է դառնալ։ Աղյուսակում բերված են մեր արտաքին պարտքի ցուցանիշները։ Այստեղից պարզ երեւում է, որ պարտքային բեռը գնալով ծանրանում է։

Մասնագետները դեֆոլտի մեկնարկը կանխատեսում են հենց 2012-ին, քանի որ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղված ծախսերը (հիմնական վճարումները) այդ տարվանից բավականին մեծ են լինելու։ Օրինակ՝ եթե տնտեսությունը շարունակի կրիայի տեմպերով առաջ շարժվել (ինչպես այժմ), ապա պարտքը սպասարկելու համար գործի է դրվելու բիրտ ուժը՝ խստացվելու է հարկային վարչարարությունը։ Դա, իր հերթին, կարող է է՛լ ավելի խաթարել տնտեսական կայունությունն ու բիզնես միջավայրը։ Այսինքն՝ հակառակ էֆեկտ ունենալ։ Եթե այս ամենին էլ գումարենք կոռուպցիան, հովանավորչությունն ու օլիգոպոլիաների «բեսպրեդելը», ոչ ոք չի կարող բացառել դեֆոլտի հավանականությունը։ Ի վերջո, ինչպես ցույց է տալիս փորձը, վատ բաները մեզ որպես կանոն չեն շրջանցում։