Համատեղ հայտարարությո՞ւն

25/11/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան:

Աշգաբադի «Սափարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Ս. Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատեւ զրույց են ունեցել: Իսկ ՀՀ նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Ս. Սարգսյանի եւ Գ. Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի վարչության տրամադրած հաղորդագրության` հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաեւ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային կյանքի կարեւորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները: Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության մասին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Թուրքմենստանի կրթության նախարարության միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին, ՀՀ մշակույթի նախարարության եւ Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի եւ Թուրքմենստանի Կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջեւ 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը: Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահները երկկողմ բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ս. Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ջերմ ընդունելության համար, ապա ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն է տալիս: Ս. Սարգսյանի հավաստմամբ, այդ ամենի վկայությունն են եւ՛ պաշտոնական այցը, եւ՛ կառուցողական ու լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունները: ՀՀ նախագահը խոսել է ստորագրված փաստաթղթերի կարեւորության մասին, նաեւ նշել, որ Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Նրա խոսքով, բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել առեւտրատնտեսական հարաբերություններին եւս: Երկուստեք ընդգծվել է, որ չնայած վերջերս նկատվում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռեւս լիարժեքորեն չի օգտագործվում: «Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցության լուրջ ներուժ կա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջեւ ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքը սկսեց Աշգաբադում»,- ասել է Ս. Սարգսյանը` կարեւորելով առեւտրային հարաբերությունների զարգացման, երկու երկրների գործարար սուբյեկտների միջեւ անմիջական կապերի համար բարենպաստ պայմանների ստեղծման, արդյունաբերության եւ ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները:

Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են Տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարեւորությունը եւս: Ս. Սարգսյանը նշել է, որ մեծ նշանակություն է տրվել հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին` ստորագրվել են մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր, ինչպես նաեւ` առաջիկա տարիներին Երեւանի պետական համալսարանի եւ Մահտումկուլիի անվան Թուրքմենստանի պետական համալսարանի միջեւ համագործակցության մասին ծրագիր: Թուրքմենստանում այժմ ընթանում են հայկական կինոյի օրերը: Ակտիվորեն զարգանում են առողջապահության ոլորտում կապերը: Այս ամենը, Ս. Սարգսյանի խոսքով` շատ լավ եւ դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել:

Իսկ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ ՀՀ նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին եւ նրա աշխատասեր ժողովրդին»,- ասել է Թուրքմենստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Ս. Սարգսյանին` Հայաստան պաշտոնական այցի հրավերի համար:

Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու, եւ մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն եւ այլն, համագործակցության հեռանկար է տեսնում:

Ի դեպ, երեկ երեկոյան Թուրքմենստանի նախագահի անունից` ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք: