Նոյեմբերի 25-ին հայ պաշտոնյաների ու տեղական քաղաքացիական խմբերի հետ միասին ես կմասնակցեմ Կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Այդ օրը մոտենում է, եւ ես չեմ կարող չհիշել 21-ամյա մայր Զարուհի Պետրոսյանի մասին Արարատի մարզից, ով հոկտեմբերի 1-ին իր սեփական տան մեջ բռնությունների հետեւանքով կնքեց իր մահկանացուն: Ըստ շրջանառվող հակասական պատմությունների՝ նա աստիճաններով ներքեւ է գլորվել կամ մահացու ծեծի է ենթարկվել ամուսնու եւ սկեսրոջ կողմից: Հարուցվել է քրեական գործ, եւ հետաքննությունը կբացահայտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Զ. Պետրոսյանի ողբերգական մահվան հետ կապված հասարակական քննարկումների կիզակետում է հայտնվել ընտանեկան բռնությունների ցավալի թեման:
Ընտանեկան բռնությունների խնդրին դիմակայելը միշտ եղել է դժվար թե՛ Հայաստանում, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս թեմայի մասին խոսելը հեշտ չէ ոչ Հայաստանում, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն սոցիալական հետազոտություններից ու մեր կյանքի իրողություններից գիտենք, որ ընտանեկան բռնությունները չափազանց տարածված են` դրանք անտեսելու համար:
Կուզենայի ասել, որ Միացյալ Նահանգները զերծ է ընտանեկան բռնությունների չարիքից, սակայն, ցավոք, դա իրականությունից շատ հեռու է: Ամեն տարի ԱՄՆ-ում ընտանիքում ֆիզիկական բռնությունների են ենթարկվում երկուսից չորս միլիոն կանայք, իսկ յուրաքանչյուր 4 ամերիկացի կանանցից մեկը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ենթարկվում է ոտնձգությունների:
Հայաստանում վերջերս կատարված ուսումնասիրությունները նույնպես ներկայացնում են այսպիսի անհանգստացնող պատկեր: 2008թ. Էմնիսթի Ինթերնեշնել ընկերության կողմից 1000 հայ կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում կանանց նկատմամբ ֆիզիկական բռնություններ լինում են յուրաքանչյուր 10 ընտանիքից 3-ում: ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամը վերջին տարիներին հետազոտություն է անցկացրել 2800 հայ կանանց շրջանում եւ պարզել է, որ հարցվողների շրջանում 10-ից 1-ը ժամանակ առ ժամանակ կամ կանոնավոր կերպով ծեծի է ենթարկվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Կանանց նկատմամբ բռնությունների խնդիրն արդիական է Հայաստանում, ինչպես եւ Միացյալ Նահանգներում եւ այլուր:
Այս սթափեցնող տվյալներն ավելի սահմռկեցուցիչ են դառնում, երբ հաշվի ենք առնում ընտանեկան բռնությունների ազդեցությունը երեխաների վրա: Այդպիսի ընտանիքում հասակ առնելը խեղում է երեխաներին` անդրադառնալով երեխայի կյանքի, աճի եւ զարգացման բոլոր կողմերի վրա: Ընտանեկան բռնությունների ականատես տղաների ու աղջիկների շրջանում երկու անգամ ավելի հաճախ են նկատվում գիշերամիզություն ու գիշերային մղձավանջներ, ինչպես նաեւ՝ ագրեսիվ վարքագիծ: Զարմանալի չէ, որ ապահով միջավայրում հասակ առնող երեխաներն ավելի առողջ են ու դպրոցում էլ ավելի լավ են սովորում, քան այն երեխաները, որոնց ընտանիքում բռնություններ են լինում:
Ընտանեկան բռնության թերեւս ամենավատ ազդեցությունն այն է, որ հաճախ բռնությունների կիրառումը փոխանցվում է սերնդեսերունդ: Աղջիկները, ովքեր տեսել են ֆիզիկական բռնություններ, հետագայում բռնության ենթարկվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած, իսկ տղաները` կրկնակի ավելի են հակված բռնություններ գործելու:
Խնդիրը շատ լուրջ է եւ շատ տարածված, բայց դրա առկայությունն անխուսափելի չէ: Փորձը ցույց է տալիս, որ գործնական քայլերի կիրառումը կարող է դեպքերի հաճախականության ու ազդեցության նվազեցման արդյունավետ միջոց լինել: Օրենսդիրը կարող է ավելի խիստ պատասխանատվություն նախատեսել ընտանեկան բռնությունների համար, եւ օժանդակություն ապահովել զոհերի համար, ինչպես նաեւ՝ սահմանել պաշտպանության մասին դատական հրամանների ինստիտուտը, որոնք իրավախախտների դեմ կկիրառվեն տուժողի կյանքի եւ անձնական անձեռնմխելիության նկատմամբ իրական վտանգի առկայության ցանկացած դեպքում, Ոստիկանության բաժանմունքները կարող են ապահովել, որ ընտանեկան ու սեռական բռնությունների զոհերի բողոքները հասնեն դատաիրավական համակարգին եւ չլինեն ճնշումներ՝ ուղղված բողոքները ետ վերցնելուն. իսկ պետական ու հասարակական կազմակերպությունները կարող են մեծացնել իրազեկվածությունն առ այն, որ ընտանեկան բռնությունները քրեորեն պատժելի են եւ հանդիսանում են մարդու իրավունքների ոտնահարում: Այս կարգի քայլերը դրական արդյունքներ են ապահովում ԱՄՆ-ում: Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1993թ.-ից 2004թ. ընտանեկան բռնությունների ցուցանիշը ԱՄՆ-ում զգալիորեն պակասել է, իսկ ոչ մահացու ելքով դեպքերը նվազել են 50 տոկոսով: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է հ/կ-ներին, որոնք ապաստարան են ապահովում ծեծված կանանց: Մենք նաեւ հովանավորում ենք գիտաժողովներ, որոնց ընթացքում իրավապահ ոլորտի ներկայացուցիչները եւ դատավորները կարծիքներ են փոխանակում տարբեր իրավական հարցերի շուրջ, օրինակ` ինչպես արձագանքել, երբ տուժողները հրաժարվում են իրենց բողոքներին հետամուտ լինելուց: Մենք ընտանեկան բռնությունների մասին հրապարակավ խոսելու ավելի մեծ պատրաստակամություն ենք նկատում Հայաստանում: Կասկած չկա, որ այս չարաբաստիկ երեւույթն արմատախիլ անելու համար անհրաժեշտ են արդյունավետ օրենքներ ու իրավապահների համարժեք գործողություններ: Սակայն այս միջոցները միայնակ չեն կարող վերջ դնել ընտանեկան բռնություններին: Ընտանեկան բռնությունները կանխելու ամենահզոր միջոցը հանրության իրազեկվածության մեծացումն է այս խնդրի ու ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա դրա ունեցած կործանարար ազդեցության շուրջ: Ընտանեկան բռնությունների թիվը նվազում է, երբ շարքային քաղաքացիները որոշում են, որ դա պարզապես անընդունելի է, ու միջամտում:
Հուսով եմ, որ Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահը թերեւս ահազանգ կլինի, որ Հայաստանի հասարակությունն իր ուշադրությունը բեւեռի այս խնդրին, եւ որ այս ցավալի միջադեպը առիթ կլինի, որպեսզի բոլորը հանգեն այն համոզմունքին, որ առողջ ու միասնական ընտանիք ապահովելու լավագույն ուղին ընտանեկան բռնություններին վերջ դնելն է:
Մարի Լ. ՅՈՎԱՆՈՎԻՉ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան