Պահանջում են ազատ արձակել

25/11/2010

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգում երեկ մտավորականները բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ մյուս քաղբանտարկյալներին:

Ակցիայի մասնակիցները նաեւ հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին ավելի քան հարյուր մտավորականներ: Ի դեպ, այդ հայտարարության տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը, մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից` կիսում ենք նրա քաղաքական հայացքները թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջների»: Հայտարարությանը միացել են` Օհան Դուրյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, ռեժիսոր Վահե Շահվերդյանը, դերասան Երվանդ Մանարյանը, նկարիչ Սամվել Սեւադան, Ռուբեն Հախվերդյանը, դերասան Աշոտ Ադամյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող Լեւոն Խեչոյանը, Արմեն Շեկոյանը եւ այլ մտավորականներ:

«Սարդարապատ» նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ասելով՝ քաղբանտարկյալների ազատ արձակման մասին ինչ-որ որոշում արդեն իսկ ընդունվել է։ «Այստեղ կան մարդիկ, որոնք միգուցե առաջին անգամ այս տասնամյակի ընթացքում համաձայնեցին ստորագրել մի բան, որն արտոնված չէ իշխանության կողմից: Եթե իրենք էլ արդեն չեն վախենում, ուրեմն` մարդիկ, ովքեր մտածում էին ազատությունն արտոնելու մասին, արդեն իրենք պետք է մտածեն եւ վախենալու շատ բան ունեն»,- ասաց նա: Նաեւ հավելեց, թե` «Իշխանությունն արդեն պարիտետ է խաղում, որովհետեւ Ադրբեջանում արդեն մի երկու հոգու բաց են թողել, եւ կան տեղեկություններ, որ մոտ օրերս մի քանիսին ազատ կարձակեն: Սա, իհարկե, խաղ է, սա, իհարկե, փորձ է` թոզ փչել… Գիտեք` ազատությունը մասնակի չի լինում, ինչպես չի կարելի մի քիչ հղի լինել կամ մի քիչ ազատ լինել: Իրենք փորձում են մի քիչ ազատություն տալ, դա անիմաստ է: Այսօր խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանինը չէ, նա պարզապես դարձել է ազատության պայքարի համար խորհրդանիշ»: Ակցիայի մասնակից դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն էլ նշեց, թե ինքն ակցիային մասնակցում է, որպեսզի պաշտպանի իր ընկերոջը` Ն. Փաշինյանին. «Մենք եկել ենք մեր ընկերոջը պաշտպանելու, այդ իր դաժան կալանավայրից ազատ արձակելու համար մեր ձայնը, մեր բողոքն արտահայտելու համար: Իմ նպատակը դա է, որովհետեւ ես ինքս ազատամիտ, ազատասեր մարդ եմ եւ հարգում եմ ազատ խոսքը եւ ազատ խոսքի հանդեպ ամեն մի կաշկանդում ինձ վրդովեցնում է: Եվ կարծում եմ, որ մեր երկրում ոչ մի քաղաքական բանտարկյալ չպետք է լինի: Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ մյուսներն էլ պետք է ազատ արձակվեն, մենք մեր հույսը չենք կտրում»: Նրա դիտարկմամբ` այսօր միահամուռ մտավորականություն չկա, մարդիկ քաշվում են, վախենում են: Սակայն, ըստ նրա` ով լռում է, նա մտավորական չէ, քանի որ մտավորականը միշտ ճշմարտությունն է ասում, եւ այդ ճշմարտությունից հետո է, որ նրան դասում են ընդդիմության շարքը. «Բայց դա այդպես չէ, մտավորականությունը պետք է անվախ ասի ճշմարտությունը: Մտավորականությունը շատ մեծ անելիք ունի` երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար»:

Ակցիային մասնակցում էր նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Ըստ նրա` «Նիկոլը էն մարդն է, որ ինքն իր համար է պայքարում: Նիկոլն այդպիսի առաքելություն ունի` պայքարում է այլոց համար, եւ տվյալ դեպքում մենք էլ Նիկոլի համար չենք պայքարում, մենք պայքարում ենք ինքներս մեզ համար, Նիկոլն էդ առումով դառնում է գործոն»: Նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի խոսքով` մտավորականները, ովքեր հավաքվել են` պահանջելով քաղբանտարկյալներին ազատ արձակել, բարձրացրել են մեր ժողովրդի արժանապատվության հարցը. «Երբ մենք էինք ձերբակալված, մեկ-երկու մտավորականներ էին խոսում: Այսօր փառք տանք մեր ժողովրդին, որ այսքան շատ մտավորականներ են իրենց ձայնը բարձրացրել, սա ուրախալի փաստ է, որ մեր ժողովուրդն արթնացել է թմբիրից»:

Դերասան Աշոտ Ադամյանի կարծիքով էլ` ցանկացած մարդ, ով անտարբեր է այս խնդրի նկատմամբ` «նա է նստած, Նիկոլը չի նստած»: ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ հավելեց, թե ակցիայի առիթը, ճիշտ է` Նիկոլ Փաշինյանն է, բայց «մեզանից յուրաքանչյուրը պայքարում է նաեւ Սասուն Միքայելյանի, մնացած քաղբանտարկյալների համար»: