Կոնստանտին Զատուլին. «Չեմ հավատում, որ հայկական կողմը կարող է զիջումների գնալ»

25/11/2010 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկ շաբաթ հետո Աստանայում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովը: Ղազախստանի մայրաքաղաքում քննարկվելիք ամենակարեւոր հարցերից մեկը չկարգավորված հակամարտություններն են:

Բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կլինի ուշադրության կենտրոնում. արդեն իսկ ակնարկներ են հնչում այն մասին, որ Աստանայում կարող է գործընթացը տեղից շարժվել: Հնչում են նաեւ հակառակ ենթադրություններ (ընդ որում` ավելի շատ), որոնց համաձայն՝ բանակցային գործընթացից որեւէ էական բան չարժե ակնկալել: Առաջիկա այս կարեւոր իրադարձության եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցերի մասին է «168 Ժամի» թղթակցի զրույցը ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ հարցերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, ԱՊՀ անդամ երկրների ինստիտուտի (Սփյուռքի եւ ինտեգրացիայի ինստիտուտ) տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

– Աստանայում կայանալիք գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով մասնագիտացած փորձագետների շրջանում գերիշխում են հոռետեսական գնահատականները, որոնց համաձայն՝ անգամ եւս առաջընթաց չի արձանագրվի: Համամի՞տ եք այս տեսակետի հետ:

– Ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան այնուամենայնիվ տեղից կշարժվի: Ընդունելի չէ հոռետեսական կարծիք արտահայտելը. եթե այդպիսի կարծիք ես հայտնում, ապա քո ընդդիմախոսները կարող են խեղաթյուրել խոսքերդ` հայտարարելով, որ «նա մտադիր չէր համաձայնության գալ որեւէ հարցի շուրջ եւ ձախողեց մեր գագաթաժողովի հաջողությունը»: Այսպիսով, հանդիպումից առաջ հոռետեսությունն ընդդիմախոսների դժգոհության առիթ կարող է դառնալ: Ես դա ամենեւին չեմ ուզում: Այդ պատճառով չէի ցանկանա այդ «խայծը» կուլ տալ: Ուզում եմ միայն ասել, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը բավականին տհաճ է: Վերջին 8-9 ամիսների կամ անգամ մեկ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածությունը կտրուկ մեծացել է: Սա պայմանավորված է ինչպես հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարություններով ու ռազմական պատրաստություններով (որոնք հրապարակայնորեն բարձրաձայնվում են), այնպես էլ բանակցությունների տոնայնության լարվածությամբ: Ինձ մտահոգում է այն` արդյո՞ք երկու կողմերը, եւ առաջին հերթին՝ ադրբեջանցիները, այս իրավիճակում այնքան հեռու չեն գնա, երբ այլեւս նահանջելու տեղ չի մնա: Այդ պատճառով նման իրավիճակում լավագույն տարբերակը «սովածին փոքրիկ չափաբաժիններով կերակրելու» մեթոդն է, գդալով կերակրելը, ոչ թե ճոխ սեղանի մոտ հրավիրելը: Այս ճանապարհով է փորձում գնալ ռուսական կողմը, երբ հանդիպումների ժամանակ, օրինակ` ինչպես Աստրախանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, համաձայնություններ են ձեռք բերվում, այսպես ասած, հարակից, առանձին հարցերի շուրջ, ասենք` ռազմագերիների փոխանակման, զոհվածների մարմինները հանձնելու եւ այլն: Շատ հնարավոր է, որ Աստանայում կհաջողվի հենց այդպիսի հարակից համաձայնության հասնել: Սա եւս դրական է, քանի որ ներկայիս իրավիճակում դժվար է ենթադրել, թե Ղարաբաղյան խնդրում հնարավոր է բեկումնային առաջընթաց կամ հակամարտության համալիր կարգավորում: Կողմերի տեսակետներն իրար հակասում են, իսկ ռազմաշունչ հայտարարությունները խորացնում եւ իսկապես էլ ավելի են սրում իրավիճակը:

– Ըստ Ձեզ` ի՞նչ կարող է զոհաբերել Երեւանը` Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթացի հասնելու համար, եւ, համապատասխանաբար, ի՞նչ զիջումների կարող է գնալ Բաքուն:

– Ես չեմ հավատում, թե հայկական կողմը` Ստեփանակերտը, Երեւանը, կարող է զիջել Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Այսինքն` դա կարող է իրականություն դառնալ միայն պատերազմական գործողությունների արդյունքում Հայաստանի կապիտուլյացիայի դեպքում: Խոսքը ոչ թե Ստեփանակերտի, այլ Երեւանի կապիտուլյացիայի մասին է: Պարզ է, որ սա բացարձակապես անհնարին եւ ոչ կառուցողական լուծում է: Սրանով հանդերձ` կարելի է հասկանալ, որ Ղարաբաղի` անկախության հասնելու ճանապարհի փուլերը կարող են տարբեր կերպ գծագրվել: Հասկանալի է նաեւ, որ եթե փաթեթային համաձայնություն ձեռք բերվի, Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի այն շրջանները, որոնք այսօր զբաղեցված են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից: Դրանով հանդերձ, Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ճակատագիրը պետք է առանձին լուծում ստանա: Ինչպես հայտնի է, հայկական կողմին տարբեր խորհուրդներ են տալիս. իբրեւ բարի կամքի դրսեւորում՝ մեկ կամ երկու շրջան հանձնել Ադրբեջանին: Սկզբունքորեն, ավելի հանգիստ մթնոլորտում այս սցենարը, դրա տարբերակները կարելի էր եւ քննարկել: Սակայն չեմ կարծում, թե ներկա պահին նման տարբերակ ենթադրելը, իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը քննարկելը կառուցողական է: Նման քայլերը Հայաստանի կողմից միանշանակ չեն ընդունվի: Եվ Հայաստանի իշխանությունները չեն կարող գնալ այդ քայլին: Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից եւ ոչ մեկը շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսման մեջ, որքան էլ միջազգային այլ հարցերում նրանց շահերն ու կարծիքները շատ հաճախ չեն համընկնում: Հակամարտության ամբողջական կարգավորման հասնելու հիմնական ջանքերն ուղղված են հենց խաղաղ գործընթացի պահպանմանը եւ սպառնալիքների լեզվով խոսելուց հրաժարվելուն, որպեսզի իրավիճակը չապակայունանա: Լայն իմաստով, ռազմաշունչ հայտարարությունները վնասում են ոչ միայն Հայաստանի շահերին, այլ, թերեւս, ավելի շատ վնաս են հասցնում հենց Ադրբեջանին: Ադրբեջանը տնտեսական առումով զարգացող երկիր է, որը մի քանի տարի շարունակ ապահովում էր ՀՆԱ-ի բարձր աճ, նավթագազային հատվածում օտարերկրյա ներդրումներ էր ստանում: Իսկ կապիտալը շատ երկչոտ սուբստանցիա է: Այս ռազմաշունչ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում, այլ խոչընդոտում են տնտեսական հաջողություններին, էլ չենք խոսում ավելի լուրջ բաների մասին, քան սոսկ ռազմաշունչ հայտարարություններն են: Ես կարծում եմ, որ այս իրադրության գիտակցումը վաղ թե ուշ կհասնի ոչ միայն առանձին մարդկանց, այլեւ Ադրբեջանի ողջ բնակչությանը:

– Երեւանում, կամ, ասենք այսպես, հայկական որոշ շրջանակներում ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են հնչում այն մասին, որ Ռուսաստանը ելնելով սեփական շահերից` կարող է փոփոխել իր արտաքին քաղաքական կուրսը եւ Երեւանի վրա ճնշումներ գործադրել` ստիպելով ղարաբաղյան հարցում ինչ-ինչ միակողմանի զիջումների գնալ: Որքանո՞վ է հիմնավոր այս մտավախությունը:

– Ես այդ մասին ոչինչ չգիտեմ եւ նման տրամադրությունների համար հիմք չեմ տեսնում: Իհարկե, Ռուսաստանի դիրքորոշման մեջ որոշակի նրբերանգներ կարող են լինել: Հայաստանը, եթե ոչ ֆորմալ առումով, ապա ըստ էության ներքաշված է հակամարտության մեջ: Ռուսաստանն, իհարկե, ցանկանում է որոշակի տարածություն` դիստանցիա պահպանել եւ չի ցանկանում փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները: Այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է պարտավորություններով, եւ ես որեւէ պատճառ չեմ տեսնում դրանք կասկածի տակ դնելու համար: Այդ իմաստով` ռուսական կողմի վարքագիծն ուղղված է նրան, որպեսզի բացառվի ռազմական գործողությունների վերսկսումը, եւ ապահովվի բանակցությունների խաղաղ գործընթացը: