STRATFOR վերլուծական կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը Թուրքիա կատարած այցելության շրջանակում հանդիպել է «Sabah» օրաթերթի եւ ATV հեռուստաալիքի ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդգծելով, որ ռուսական ներկայությունը Հայաստանում չի բխում Թուրքիայի շահերից՝ Ֆրիդմանը հայտարարել է. «Երեւանի հետ բանակցությունների հիմնական թեման պետք է լինի ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ Հայաստանում ռուսական ներկայության նվազեցումը: Ձեր սահմանին ռուս զինվորների ներկայությունը չի բխում ձեր շահերից: Կովկասը պետք է դարձնել բուֆերային տարածաշրջան ընդդեմ Ռուսաստանի»: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Ֆրիդմանը հայտարարել է, որ դրանից շահելու է միայն հայկական կողմը։ «Սահմանների բացումից Թուրքիան ոչինչ չի շահում, սակայն դրանից կօգտվի Երեւանը: Տրամաբանական չէ Հայաստանի համար նեղացնել Ադրբեջանին: Թող Հայաստանը մնա մեկուսացված վիճակում»,- ասել է STRATFOR-ի հիմնադիրը: