Հասկանում եմ, որ օրիգինալ չեմ: Նախանձը խիստ մարդկային երեւույթ է: Ժողովուրդը հըլը երբվանից է ասացվածքի մակարդակում արձանագրել, որ «Հարեւանի հարսը միշտ էլ ավելի սիրուն է»: Խոսքն ամենեւին էլ Վրաստանի գոզալների մասին չէ: Վերջին տարիներին վրացիներին նախանձելը դարձել է մեր առօրյայի անքակտելի մաս: Բոլոր պատեհ առիթներով նախանձելը: Սկզբում չէինք էլ հավատում, որ վրաց պետավտոտեսուչները կաշառք չեն վերցնում: Հետո հավատացինք ու նախանձեցինք: Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունները նախանձի հաջորդ էտապն էր: Անցած շաբաթ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարեց, որ աճուրդով վաճառելու է քաղաքապետի ու մյուս բարձրաստիճան պաշտոնատարների թանկարժեք մեքենաները: Վաճառելու է ավելի էժան մեքենաներ գնելու ու տարբերությունը քաղաքապետարանի բյուջե մուծելու նպատակով: Աղքատ քաղաքապետարանի ղեկավարներին վայել չէ շքեղ մեքենաներով քաղաքում պտտվելը: Շքեղ մեքենայով աշխատանքի եկող վրաց չինովնիկները հավանաբար չդիմացան խղճի խայթ կոչվածին: Իսկապես արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար դժվար է մի քանի տասնյակ հազար դոլարանոց ավտոմեքենայից իջնելուց հետո կարիքավոր քաղաքացու օգնության դիմումը մերժելը: Թբիլիսի այցելած հայը զարմանալու ու նախանձելու շատ առիթներ ունի: Օրինակ այն, որ վրաց մայրաքաղաքի կենտրոնը չի աղավաղել իր պատմական դեմքը: Կենտրոնի բակերում ու պուրակներում էլիտար անհեթեթ բազմահարկեր չեն կառուցվում: Հայ մարդու նախանձն ավելի է թանձրանում, երբ լսում է, որ քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում հինգ հարկից բարձր շինությունն արգելված է: Որ քաղաքի կենտրոնի խարխուլ տների բնակիչները «Պետական գերակա շահ» պատրվակով չեն նվաստացվել ու արտաքսվել: Որ կենտրոնի շենքերի առաջին հարկերի դուքանատերերը, Երեւանի ղայդա, կցակառույցներով մայթերի տարածքները չեն զավթել: Զուտ նյութական առումով մեր երկրների բնակչության մակարդակը համարյա նույնն է: Համարյա նույնն է նաեւ մեր մայրաքաղաքների բնակիչների կյանքի որակը: Մեկ-երկու տարի առաջ սեփական նախանձս զսպելու հնարավորություն ունեի: Թբիլիսիում այն ժամանակ էլեկտրամատակարարման խնդիրներ կային: Հիմա` չկա: Չկա հովհարային անջատում կոչվածը: Ոստի չկա նախանձը զսպելու այդ փառահեղ հնարավորությունը: Վերջին տարիներին Թբիլիսի հաճախ եմ այցելում, եւ չի կարելի ասել, թե չեմ սիրում այդ քաղաքը: Բայց նախանձիս ակունքն ավելի մեծ սերն է առ Երեւան: Իսկ այն, ինչ կատարվեց երեկ` նկարագրելն ահագին դժվար է: Լրատվական կայքերը տարածել էին Վրաստանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը: Պարզվում է՝ վրաց խորհրդարանն այս շաբաթ միայն մեկ լիագումար նիստ է անցկացնելու: Չնայած այն փաստին, որ սեփական կանոնադրության համաձայն՝ պարտավոր է «լիակազմ» շաբաթվա ընթացքում անցկացնել երկու լիակազմ նիստ` մեկը՝ աշխատանքային շաբաթվա սկզբին, մյուսը` հինգշաբթի կամ ուրբաթ: «Այս շաբաթ մենք հրատապ հարցեր չունենք եւ ենթադրաբար մեզ համար դժվար կլինի քվորում ապահովել»,- միայն մեկ նիստ անցկացնելու որոշման բացատրությունը տալիս` ասել է խորհրդարանի խոսնակը: Ասածից կարելի է երկու եզրակացություն անել: Առաջին, որ վրաց խորհրդարանականները մեր երեսփոխանների նման չեն սիրում աշխատանքի գնալ: Եվ երկրորդ` վրաց խորհրդարանի ղեկավարությունը չի սովորել մերոնց նման նիստեր անցկացնել քվորումի լիակատար բացակայության պատճառով: Բայց այս երկուսն էլ սխալ են: Վրաց խորհրդարանականներն այսօր այցելելու են Բաթում: Որովհետեւ Բաթումում կայանալու է աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի համերգը: Ահա ձեզ անսքող նախանձի հսկա առիթ: Վրաց խորհրդարանականները միայն խինկալիից ու սացիվիից չէ, որ գլուխ են հանում: (Գնահատեցի՞ք, որ նրբանկատորեն չհամեմատեցի մեր խորհրդարանականների խաշ-խորովածից գլուխ հանելու հունարի հետ): Որեւէ մեկը Հայաստանում կարո՞ղ է պատկերացնել, որ մեր խորհրդարանի աշխատանքները կարող են ընդհատվել այն պատճառով, որ մեր դեպուտատները կգնան ակադեմիական երաժշտության համերգ լսելու: Օպերա, սիմֆոնիա, կամ նման մի բան: Մերոնք Օպերայի եւ բալետի ազգային թատրոն այցելում են միայն հանդիսավոր միջոցառումների (նիստ, կուսակցական ժողով եւ այլն): Կամ, երբ թամանյանական այդ շենքում ձյուդոյի միջազգային մրցաշար են կազմակերպում: Իրենք կազմակերպում, իրեն էլ այցելում են: Ակադեմիական երաժշտության ոչ մի համերգ առայժմ բավարար հիմք չէ մեր խորհրդարանականների այցելության համար:
Բայց միայն սա չէր նախանձիս առիթը: Լավ ու ոչ այնքան լավ համերգներ վերջին տարիներին Հայաստանում էլ են կազմակերպվում: Հայ ունկնդիրն առանց խորհրդարանականների ներկայության էլ կարող է լավ երաժշտություն վայելել: Բայց ուշադրություն դարձրեք. Պլաչիդո Դոմինգոյի համերգը Թբիլիսիում չի կազմակերպվել, այլ Բաթումում: Պատկերացնո՞ւմ եք` նման որակի համերգ կազմակերպվեր Գյումրիում կամ Գորիսում: Ես էլ չեմ պատկերացնում: Հայաստանում համերգներ կազմակերպողները հարկավ կարդարանան, որ մայրաքաղաքից դուրս նման համերգներին դահլիճները կիսադատարկ կմնան: Մարզերի բնակչության աղքատության պատճառով: Բայց Պլաչիդո Դոմինգոյի համերգը կայանալու է Բաթումի հրապարակում: Այսինքն` տոմսեր չեն վաճառվելու: Իսկ Հայաստանում նույնիսկ պետության առաջին դեմքերի բարձր հովանու ներքո կազմակերպված համերգների մուտքի տոմսը երբեմն տասնյակ հազար դրամ արժե: Նույնիսկ, եթե այդ համերգները բարեգործական չեն: Ահա թե որքան նախանձ եմ ես, ու ինչու է անհնար դա թաքցնելը: