Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկը «Doing Business»-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է, մինչդեռ ցայսօր առաջընթաց չկա: Երեկ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` պատճառները մեր երկրում բարեփոխումների հապաղումն է ու այն, որ այլ պետություններն ավելի արագ են իրականացնում ռեֆորմներ: Տիգրան Սարգսյանի խոսքով` Հայաստանի հիմնական խնդիրը հարկերի վճարման վարչարարության մասնաբաժինն է, որի կտրվածքով Հայաստանը գտնվում է 159-րդ տեղում: Հայաստանն այդ զեկույցում 82-րդ հորիզոնականն է զբաղեցնում անդրսահմանային առեւտրի ցուցանիշով (այդ ոլորտում մեր երկրի դիրքը 21 կետով բարելավվել է): Խնդրահարույց է ներդրողների պաշտպանվածության հարցը, որտեղ մենք զբաղեցնում ենք 93-րդ հորիզոնականը: 6 կետով վատացել է շինարարական թույլտվությունների ստացման ցուցանիշը. այստեղ մեր երկիրը 78-րդն է: Մտահոգիչ են ընկերությունների փակման, վարկերի հասանելիության եւ նոր բիզնես սկսելու ցուցանիշները: Սեփականության գրանցման ցուցանիշով, որտեղ 5-րդ հորիզոնականում ենք, անցած տարվա համեմատությամբ վիճակը 1 կետով վատացել է: Խորհրդակցության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդած քննարկման ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների աճի, ինչպես նաեւ՝ արտաքին առեւտրի խթանմանը, հարկային եւ մաքսային քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր: Ամփոփելով քննարկման արդյունքները` Տ. Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբեր եւ մինչեւ հաջորդ ուրբաթ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի արմատական բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ: