Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը երեկ «7օրի» հետ զրույցում ասել է, որ հայաստանցիների ԵԱՀԿ Մինսկի խմբին չվստահելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այն այս ամբողջ տարիների ընթացքում ցույց չի տվել, թե որքանով է ընդունակ այս կամ այն կերպով աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը։ «Եվ տպավորությունն այնպիսին է, որ գլխավոր խնդիրը եղել է ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասել է նա: Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպվող հաճախակի դարձած հանդիպումներին, նա ասել է, թե դրանք արդյունք չտվող հանդիպումներ են. «Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերը ոչ մի լուծման մեխանիզմներ չեն պարունակում եւ արտահայտում են միայն բարի ցանկություններ»: Ինչ վերաբերում է Աստանայում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, ապա Մելիք-Շահնազարյանն ասել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները այնքան իրարամերժ են ու հակասող, որ այն ուղղակի կդառնա քաղաքական հայտարարությունների հարթակ»: