«Տղայիս խեղդել, հետո կախել են»,- ասում է զինվորի մայրը

25/11/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոյեմբերի 25-ին կլրանար Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի զինծառայության 1 տարին: Նա ծառայում էր Ստեփանակերտի զորամասերից մեկում:

Մարտի 15-ին Վ. Մուրադյանի ծնողների պատրաստած «տուլիկն» այդպես էլ մնաց տան դռան ետեւում: Այդ օրը` սավանի մեջ փաթաթած, մերկ վիճակում տուն էին տարել Վալերիկի դին: Տղան Պաշտպանության բանակում ծառայեց ընդամենը 3 ամիս 20 օր: «Վալերը միշտ գոհ էր ծառայությունից: Զանգում էր, ուրախ-ուրախ խոսում: Ասում էր՝ մամ, ծառայությունից հետո մնալու եմ էստեղ ծառայեմ, աշխատեմ որպես զինվորական»,- տղայի լուսանկարի տակ նստած, իրար անխոս նայելով՝ պատմում էին Վալերիկի ծնողները: «Գոնե մի օր կաշկանդվեր, ասեր՝ վախենում եմ ծառայությունից: Հակառակը՝ դեռ զորակոչվելուց առաջ զինվորական համազգեստ էր հագնում, ասում էր, որ շատ է սիրում: Զորակոչվելու օրն էնքան ուրախ էր, որ վայենկոմատի բակում հարցնում էին՝ Վալեր ջան, դու ի՞նչ գործ ունես էստեղ, ասաց՝ բանակ եմ գնում: Բայց թե հետո ի՞նչ պատահեց, չգիտենք: Զինծառայության ժամանակ էլ շատ գոհ էին իրենից»,- նկատեց Վալերիկի մայրը՝ Նանա Մուրադյանը, ում լուռ լսում էին ամուսինն ու աղջիկը: Վալերը տան մինուճար տղան էր: «Սկզբից ասում էին՝ կախված ա, ոտքերի տակ աթոռ կար»,- հավելեցին ծնողները: Վերջիններիս փոխանցմամբ՝ տղային դիտավորյալ սպանել էին՝ փորձելով ինքնասպանության անվան տակ «փակել գործը»: Ծնողների ասելով` Վալերիկի հասակը մոտ 180 սմ էր, իսկ այն նշաձողը, որտեղից նա իբր կախվել էր՝ 140 սմ է եղել, ընդ որում՝ պարանը երկտակ փաթաթված էր տղայի պարանոցին, որտեղ կային նաեւ 4 մատնահետքերի կապտուկներ: Հետաքրքիրն այն է, որ այն վայրը, որտեղ իբր կախվել էր Վալերիկը, մինչ այդ որեւէ մեկը չէր գնացել։ «Այսինքն՝ եղել էր լքված վայր: Այս մասին հայտնել էին Վալերիկի զորամասի զինծառայողները»,- ասացին նրանք: Սակայն դեպքից հետո տվյալ տարածքում գտել էին զինվորներից մեկի գոտին, մյուսի բուշլատը: Ծնողների հավաստմամբ՝ ցուցմունք տվող զինվորների հայտնած տեղեկությունները խիստ իրարամերժ են: Նախ ասել էին, որ տղայի ոտքերի տակ աթոռ էր դրված, հետո հերքել են` նշելով, որ աթոռը գտնվում էր փոքր-ինչ հեռվում: Հաջորդ հակասությունը վերաբերում է բուն կոնֆլիկտին: Բանն այն է, որ զինվորները խանութից պարտքով 3400 դրամի քաղցրավենիք վերցնելու դիմաց մի բջջային հեռախոս էին թողել խանութում: Ցուցմունք տվողները նախ նշել էին, որ բջջայինը Վալերիկ Մուրադյանինն էր, իսկ ցուցմունք տվող զինծառայողներից մեկը հերքել էր՝ ասելով, որ հեռախոսն իրենն էր, բայց այն «զալոգ» դնողը Կորյունն էր: Քաղցրավենիքն ուտելուց հետո՝ տղաները բաժանել էին 3400 դրամ պարտքը 2 զինվորի միջեւ: «Ուզել էին ջահելների վրա կոտրած լինեն գործը, ասել էին՝ 1400 դրամ ստեփանակերտցին պիտի տար, 2000-ն էլ՝ Վալերը»,- նշեց տիկին Նանան: Ըստ նրա` տղան հրաժարվել էր՝ ասելով, որ պարտքը պետք է հավասար բաժանել, որից հետո «դեմբել» զինվորները փորձել էին նեղել նորակոչիկին: Նույնիսկ սպառնացել էին, որ մինչ կեսգիշեր գումարը գտնի, հակառակ դեպքում «կկախեն» նրան: «Հետաքրքիրն էն ա, որ էդ օրը հրամանատարը չէր գնացել ներկա-բացակա անելու, էդ մասին զեկուցել էր սերժանտը»,- նկատեց Վալերիկի հայրը՝ Ազատ Մուրադյանը: «Առաջին քննիչը՝ Ապրեսյան Արմանը, ամբողջ գործը դիտավորյալ տանում էր փակուղի: Ինքը պիտի պատասխան տա դրա համար: Տղայիս բերեցին պրոստինի մեջ փաթաթված, տկլոր վիճակում, հետո, երբ ամուսինս հարցրեց, թե շորերը որտեղ են, ասացին՝ շորերը փորձաքննության են տարել: Բայց փաստորեն շորերը մի ցելոֆանի մեջ գցել էին մի պահարան, հետո, երբ մենք տեսանք, որ գործը միակողմանի են վարում, բողոքեցինք, որ գործի վարույթի հետ Ա. Ապրեսյանը կապ չունենա: Տեղափոխեցինք Երեւան: 5 ամիս հետո շորերը բացել էին, ու ինչ՝ տղայիս շորերը որդնած վիճակում էին»,- ասաց Ն. Մուրադյանը: «Մեռած մարդու ոսկորներով անգամ կարող են արյան կարգ որոշել: Պարանի վրա արյան հետքեր կային, հետո ասացին՝ արյունն այնքան քիչ է, որ չեն կարող արյան կարգը որոշել: Իսկ արյան կարգը չեն կարողանում որոշել, որովհետեւ դա մարդասպանի արյունն էր, ոչ թե տղայիս: Իմ էրեխու ձախ կողմի վրա որեւէ քերծվածք չէր եղել: Վզի աջ մասում մատների սեղմածի տեղեր էին` չհաշված, որ պարանը կախել էին երկու տեղից, այսինքն՝ նախ խեղդել են էրեխուս, հետո տարել-կախել էին»,- ասացին ծնողները, ովքեր այդպես էլ չեն կարողանում հասկանալ տղայի սպանության պատճառները: «Էրեխես կյանքում չի հիվանդացել: Առողջ էրեխա էր: Բա սենց առողջ էրեխուս տամ-տանեն ու 3 ամիս էլ չկարողանան պահե՞լ: Էն էլ` որ ինքը սրտանց ուզում էր ծառայել հայրենիքին: Բա լավ, էս ի՞նչ հայրենիք ա, որ իմ էրեխեն քցվում էր ծառայության: Սա ցեղասպանություն ա: Իմ նման քանիսի ծուխը մարեց,- նշեց Նանա Մուրադյանը՝ շարունակելով,- Նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ շատ շնորհքով խոսեց, ասաց, որ մեղավորները պատժվելու են: Տեսեք՝ ինչ ճիշտ ա, էն եմ ասում: Բայց նույնը չեմ կարող ասել Ալբերտ Մարգարյանի՝ զինվորական դատախազի մասին: Վիրավորելը էն խոսքը չի»:

Դեպքից 4 օր առաջ Վալերիկը զանգել էր մորը. «Զանգեց, ասաց, որ իրենց գարաժներից սալյարկի գողություն ա կատարվում: Տղերքն ասացին՝ Վալեր ջան, ձեն չհանես, քեզ էլ մի 3000 դրամ փող կտանք: Ինքը բերանը փակ երեխա էր, թե ինչի ասացին, չգիտեմ: Ես էս մասին նախարարին էլ ասացի: Ասացի՝ Վալեր ջան, բա կոմանդիրներին ինչի՞ չեք ասում, ասաց՝ մամ, հեն ա աֆիցերն ա էլի հետեւանց բերում մեքենան, տղերքը լցնում են, ու թողնում-գնում ա: Ես էլ ասացի՝ Վալեր, հանկարծ փող չվերցնես: Դու միամիտ երեխա ես, թազա ծառայող ես, սաղ գործը կջարդեն վրադ: Ասա, որ քեզ փող պետք չի»,- նշեց Վ. Մուրադյանի մայրը՝ վերհիշելով որդու հետ բոլոր խոսակցությունները: Ըստ նրա՝ տղայի սպանության առնչությամբ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է: Վալերիկի հետ ծառայող 4 զինվորների արդեն հարցաքննել են, եւ դեռ երկուսին էլ պետք է կանչեն հարցաքննության: «Նախարարը խոստացավ, որ եթե Արման Ապրեսյանը մեղավոր լինի, քրեական պատասխանատվության կենթարկի: Նախարարին` Սեյրան Օհանյանին հավատում ենք, սպասում ենք: Իմ խնդիրն էն ա, որ ճշմարտությունը բացահայտվի: Ամենակարեւորը սպանվածի եղունգներն էին, որ փորձաքննության չվերցրեցին: Ասում են՝ դե դրա ելքը մեկն է՝ պիտի էրեխուն նորից հանեն»,- հուզված նշեց որդեկորույս մայրը, ում խոսքերին հետեւում էին աղջիկն ու ամուսինը ու մեկ էլ՝ պատից կախված արեւոտ աչքերով տղայի՝ Վալերիկի լուսանկարը: