Իրենց հյուրընկալությամբ հայտնի լեռնաձորցիները կստեղծեն բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց գերդաստաններով համտեսեն իդիլիական կյանքի պտուղները: Այդ պտուղներից կարեւորները`ռադիումի առողջարար ճառագայթները, մերձակա Ողջի գետում վխտացող մոլիբդենով հագեցած համեղ ձկները եւ ուրանի հորատանցքերում աճեցվելիք էներգետիկ սնկերը նրանց շատ երկար կպահեն Լեռնաձորում, որովհետեւ այլեւս ի վիճակի չեն լինի հեռանալու: Իսկ մինչ հանգուցալուծում՝ Լեռնաձորի դպրոցի տնօրեն պարոն Էջանացին նրանց երեխաներին կներկայացնի տեղացիների փառավոր անցյալը, երբ Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ տարածքը պաշտպանվում էր թշնամիներից, եւ հազարավոր հերոսների կյանքի գնով սյունեցիներն իրենց հպարտ ապրելու իրավունքն էին հաստատում: Բարեբախտաբար, մեր հակառակորդները ոչինչ չգիտեին ուրանի մասին, այլապես իրենց նպատակին կհասնեին՝ բացելով մարզի ուրանի հանքերը: Ընդերքի մոլագարների հրոսակախումբը վերջին տարիներին առանձնակի ջանասիրությամբ է գործում Սյունիքում: Բնապահպանական աղետի եզրին կանգնած հարավը անզորությունից պղտորված հայացքն է հառում շուրջբոլոր`չկարողանալով ըմբռնել` ո՞վ է յուրային, ո՞վ` թշնամի:
Գերխնդիրն է` մնա՞լ, թե՞ գնալ
Իսկ մարդիկ երազում էին, որ իրենց չքնաղ բնությունը`զարմանահրաշ Մթնաձորով, Խուստուփով, Վահանավանքով միջազգային տուրիզմի գրավիչ անկյուն կդառնա, եւ բազմաթիվ տեղացիներ ընդգրկվելով ոլորտում՝ սոցիալական խնդիրներից կազատվեին: Տարածքը կինտեգրվեր քաղաքակրթությանը`դրանից բխող բազմաթիվ դրական երեւույթներով: Վիրավոր ու կիսակենդան այդ ծրագիրը դեռեւս հնարավորություն ունի կյանքի կոչվելու, եթե սարսափազդու ուրանին հնարավորություն չտանք մահացու կրակոց արձակելու: Մինչեւ ե՛րբ պետք է մեր պետական այրերը տնտեսական եւ քաղաքական ծրագրեր կազմելիս անտեսեն դրանք ներառող տարածքների բնակիչների իրավունքները:
Այդ պարոններին հարց եմ տալիս.
– Մի՞թե Ձեզ գութ չունենք, մի՞թե հերիք չէ այն, ինչ տալիս է Սյունիքն` ինքն իրեն թալանելով, մի՞թե չեք հասկանում, որ ուրանի ծրագրի իրականացումն անջրպետ է ստեղծելու սյունեցիների եւ իշխանության միջեւ:
Զգացմունքը լիարժեք է, եթե այն համաչափորեն փոխադարձ է: Քաղաքացին պետությանը վերաբերվում է այնպես, ինչպես պետությունը՝ նրան. ոչ ավել, ոչ պակաս:
Սյունեցիներն այս հարցում վերջնականապես կկողմնորոշվեն իշխանությունների հաջորդական քայլերը տեսնելուց հետո:
Մարատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ