Քոլեջի տնօրենը նաեւ առաջին կուրսի ուսանո՞ղ է

25/11/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Երեւանի Պարարվեստի պետական քոլեջում կատարված դեպքին, ավելի ճիշտ՝ դրամատիկ շոուին, որը մինչ օրս էլ շարունակում է սյուժետային զարգացումներ ունենալ:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբեր ամսին, երբ ուսումնարանի ժողովրդական պարեր բաժնի 14-15 տարեկան աղջիկները (այսպես ասած` զրո կուրսի ուսանողները) իրենց կուրսընկերուհու ծննդյան տոնի առիթով պատրաստել էին «բացառիկ» նվեր՝ բանան, որի վրա պահպանակ (պրեզերվատիվ) էին հագցրել: Աղջիկները պահպանակ գնելու համար դիմել էին ուսումնարանի դասական պարերի բաժնի 3-րդ կուրսի տղաներին, որոնցից միայն մեկը՝ Ադոլֆ Շահվերդյանն էր ընդառաջել աղջիկների խնդրանքին` համաձայնելով գնել այն: Նկատենք, որ աղջիկներն իրենց խնդրանք-հայտարարությունն արել էին հրապարակավ: Մի խոսքով՝ աղջիկները բանանով պահպանակը նվիրել էին իրենց ընկերուհուն՝ միայն թե չպատկերացնելով կամ չկանխատեսելով այն հոգեվիճակը, որ ունեցել էր իրենց համակուրսեցին: Վերջինիս մայրն էլ վերցրել էր «նվերն» ու շտապել տնօրինություն: Իսկ տնօրեն Արմեն Գրիգորյանը՝ որպես պատիժ, խոստացել էր ուսումնարանից հեռացնել «նվիրատու» ուսանողներին: Եվ «բարեսիրտ» տնօրենն իր մոտ էր կանչել «մեղավորների» ծնողներին՝ խորհուրդ տալով ինքնակամ դիմումով ուսումնարանից հանել երեխաներին: Ծնողները, բնականաբար, խոհեմաբար լսել էին տնօրենի հորդորները: Ընդ որում՝ խորհրդատու-տնօրենն իր այդ առաջարկը պատճառաբանել էր «երեխաների հետագա ճակատագրի վրա քար չգցելու հանգամանքով»: Ավելին՝ ուսումնարանի «օդը» լիովին մաքուր տեսնելու եւ բոլոր «մեղավորներին» պատժված տեսնելու համար՝ ուսումնարանի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր մոտ էր կանչել նաեւ պահպանակի գնորդի՝ Ադոլֆ Շահվերդյանի հորը՝ Վլադիմիր Շահվերդյանին: Վերջինիս եւս առաջարկել էր ինքնակամ դիմում գրել ու տղային ուսումնարանից հանել, հակառակ դեպքում` սպառնացել էր Ա. Շահվերդյանին հեռացնել ուսումնարանից: «Ինձ ասում են, որ այդ 4 աղջիկներն ու իմ տղան հեռացվել են: Ես կարող եմ հասկանալ այդ աղջիկների ծնողներին, որոնց երեխաները դեռ դպրոցական են, բայց իմ տղան արդեն ավարտել է միջնակարգ դպրոցը, ունի ավարտական ատեստատ, եւ եթե անգամ հեռացնեն, ապա նա հաջորդ տարի կարող է դիմել բուհ: Ես տնօրինությանն ասել եմ, որ դիմում չեմ գրելու, ասել են՝ հեռացնելու ենք, թող հեռացնեն: Եթե ես դիմում գրեմ, նրանք ուղղակի մաքուր դուրս կգան իրավիճակից, եւ լրագրողներին էլ կասեն՝ ծնողը դիմում է գրել երեխային հանելու համար»,- մեզ հետ զրույցում ասել էր Ադոլֆ Շահվերդյանի հայրը՝ Վլադիմիր Շահվերդյանը: Ի դեպ, նշենք, որ վերջինս աշխատում է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի ամբիոնում: Վ. Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը բավական տեղեկացված է ուսումնարանի ներսում կատարվող անցուդարձին: «Օրեր առաջ պարարվեստի ուսումնարանի տնօրինությունից իմ տան նախկին հասցեով նամակ ստացանք, որտեղ գրված է, որ Ադոլֆը 92 ժամ անհարգելի բացակա ունի: Անկեղծ ասած՝ շատ զարմացած ենք: Եթե տնօրենը բառացի ասում է, իմ տղան հեռացված է ուսումնարանից, նա պետք է հաճախի դասերի՞ն: Թող իմ տղայի հեռացման հրամանը տան, չէ՞ որ արդեն ասել են,- նշեց Վ. Շահվերդյանի հայրը՝ նկատելով,- Նախ` ուսումնարանի մանկխորհուրդն իրավունք չուներ մինչ քննաշրջանի ավարտը երեխային հանել: Նամակում նշված է՝ իբր Ադոլֆը խախտել է քոլեջի ներքին կարգապահությամբ սահմանված էթիկական կանոնները: Ներեցեք, մի՞թե ուսումնարանն ունի օրենք, որտեղ օրենսդրորեն տրված են էթիկական սահմանումները»: Ի պատասխան ուսումնարանի հիշեցում-նամակին՝ Վ. Շահվերդյանն ուղարկել է պատասխան-նամակ, որտեղ նշում է Ադոլֆին հեռացնելու հրամանի մասին:

Ինչեւէ, մինչ այս դրամայի հանգուցալուծումը, տեղեկացանք մի քանի հետաքրքիր, ավելին՝ ուշագրավ փաստերի մասին: Դեռեւս նախորդ տարի նոյեմբերին Ա. Գրիգորյանն աշխատանքից հեռացրել էր պարետ Խաչատուր Դավթյանին եւ հաշվապահ Նատալյա Իսահակյանին: Վերջիններս ոչ միայն հայց էին ներկայացրել դատարան, այլեւ քոլեջի բարքերի մասին պատմող նամակներ էին հասցեագրել ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Ս. Գրիգորյանին, ՀՀ Աշխատանքի պետական տեսչության ղեկավար Հ. Մանուկյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին: Նամակից պարզվում է, որ ՀՀ Մշակույթի նախարարի թիվ 15-Ա հրամանի համաձայն՝ «ՀՀ Պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Գրիգորյանը: «Հարկ է նշել, որ նշված նշանակումը կատարվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների ակնհայտ խախտմամբ, քանի որ համաձայն նշված իրավանորմի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն: Մինչդեռ Արմեն Գրիգորյանը չունի բարձրագույն կրթություն»,- նշված է քոլեջի նախկին աշխատակիցների բողոք-նամակում: Ի դեպ, մեր տեղեկություններով` Ա. Գրիգորյանն այժմ սովորում է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի 1-ին կուրսում: «Սովորական են դարձել այն փաստերը, երբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանն իրեն իրավունք է վերապահում պատեհ-անպատեհ առիթներով բառացի վիրավորանքներ, մեղադրանքներ եւ հայհոյանքներ հասցնել Պարարվեստի քոլեջի աշխատակիցներին՝ փորձելով նվաստացնել վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը: Բացի այդ, ապօրինի գրալրացումներ կատարելով, իրականում իր կողմից չդասավանդվող դասաժամերի եւ մեքենայությունների հաշվին, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանն իր անձնական աշխատավարձը հասցրել է 413.200 դրամի՝ չհաշված հավելագրվող փորձաժամերը»,- ասված է նամակում: Ընդ որում՝ նամակագիրներից մեկին՝ ուսումնարանի նախկին պարետ Խաչատուր Դավթյանին, աշխատանքից հեռացրել էին «աշխատանքային ժամերին ոչ սթափ լինելու պատճառով»: Սրան հետեւել էին քոլեջի 13 աշխատակիցների դիմում-բողոքները, որոնք հասցեագրվել էին ՀՀ մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպության ճյուղային արհմիության նախագահ Ժաննա Թորոսյանին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ի պատասխան աշխատակիցների բողոքներին՝ Ժաննա Թորոսյանից գրություն է հասցեագրվել Արմեն Գրիգորյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Խաչատուր Դավթյանի հանդեպ կիրառված կարգապահական տույժի մասին հրամանը տրվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտումներով: Խ. Դավթյանի կողմից թույլ տրված խախտման փաստը հիմնավորված չէ…»: «Ներկայումս Ա. Գրիգորյանը` չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով ՀՀ օրենսդրության եւ, մասնավորապես, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարրական պահանջները, անցել է իրենց «ձեռք չտվող» կամ իր համար «ոչ ցանկալի» աշխատողներին Պարարվեստի քոլեջից դուրս մղելու քաղաքականությանը»,- նշել են քոլեջի նախկին աշխատակիցները՝ պարետն ու հաշվապահը, տարբեր ատյաններին հասցեագրված իրենց նամակում: