Երեխայի կյանքը միայն վիրահատությունը կփրկի

25/11/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

7-ամյա Էրիկենց տանն ամենաարժեքավոր բանը համարվում է գիրքը: Գրապահարանում խնամքով դասավորված հանրագիտարաններն արդեն մաշվել են, քանի որ տան ամենափոքրը` Էրիկը, էս կյանքում ամենաշատը մի բան է սիրում` թերթել հանրագիտարանները: Երբ բարկանում է, մորը խնդրում է սեղանին դնել հանրագիտարաններից մեկը. թերթելով հանգստանում է: Կարդալ չգիտի, բայց ամեն ինչ իմանալ չհասցնելու տագնապից Էրիկը մշտապես շտապում է: Երբ քնած է լինում` ինչ-որ բնազդով շտապում է արթնանալ, բայց, երբ արթնանում է` ոչինչ չի զգում: Մի քանի ժամ է պետք, որպեսզի փոքրիկ տղայի գիտակցությունը ֆիզիկական էության հետ զուգահեռ արթնանա: Օրվա մեջ նվազագույնը 150 անգամ ցնցում է ունենում: Ծնողներն ամեն անգամ սարսափում են, երբ տղան քնած է լինում, քանի որ մի օր կարող է… «Քնած ժամանակ էլ ցնցումներ լինում են: Ֆիզիկապես արթնանում է, բայց ժամեր են անհրաժեշտ, որպեսզի գիտակցությունն էլ արթնանա»: Էրիկը մեծանում է… Մեծանալով գիտակցում է ծնողների տառապանքը: Նաեւ հասկանում է, որ ամեն ինչ անում են իրեն օգնելու համար, սակայն տղային օգնել չկարողանալու բարդույթից աննկարագրելի տանջվում են: Ծնողներին խնայելու համար հիմա նա ամեն անգամ նոպաներից դուրս գալուց հետո բարձրաձայն ծիծաղում է: Ձեւացնում է, թե ծիծաղելի է, կանցնի` այդպիսով ծնողներին ցույց տալով, թե ցնցումներն իր համար սովորական զգացողություններ են: Գանգուղեղային վնասվածքի պատճառով վերջերս այս փոքրիկի մոտ նաեւ տեսողական խնդիր է առաջացել. մեկ-մեկ աչքի առաջ խավարում է, իսկ գլխի վիրահատությունը ձգձգելու դեպքում մասնագետները տեսողության կորուստ են կանխատեսում: Էրիկը թեեւ շատ է սիրում հասակակիցների հետ շփվել, այդուհանդերձ, հազվադեպ է բակ իջնում: Ցնցումների ժամանակ անկառավարելի է դառնում. Պատահում է` բակի երեխաների սեւեռված հայացքներն այնքան են ճնշում, որ մորը կամ քույրերին խնդրում է տուն տանել իրեն: Էրիկի ֆիզիկական եւ գիտակցական էությունները մեկ-մեկ համահունչ չեն, քանի որ գլխի հետ կապված խնդիրը գիտակցության հետ անխնա է վարվում, ընդհուպ՝ մինչեւ անգամ տեսողական եւ գիտակցական զգայարանների անջատումներ է ունենում:

«… Բժիշկը վախից ուշաթափվեց, ընկավ գետնին»

Համաձայն «Արաբկիր բժշկական համալիրի» ախտորոշման` Էրիկ Հայրապետյանի մոտ հայտնաբերվել է «Մանկական ուղեղային կաթված, պերիվենտրիկուլյար լեյկոմալյացիա, սիմպտոմատիկ էպիլեպսիա ռեֆրակտեր ուշ էպիլեպտիկ սպազմերով»: Նոյեմբերի 11-ին տղայի ծնողներին հանձնել են մի փաստաթուղթ, որով տեղեկացնում են` «Ներկայումս մեր բուժական աղբյուրները սպառված են: Երեխան կարող է հնարավոր թեկնածու լինել թափառող նյարդի ստիմուլյացիայի կամ այլ դեղորայքային կոմբինացիաներով բուժման, որոնք Հայաստանում հնարավոր չի իրականացնել»: Ծնողներին` Արայիկին եւ Կարինեին, մասնագետները հորդորել են երեխային տեղափոխել Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող համապատասխան կլինիկա, որտեղ վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր կլինի երեխայի կյանքը փրկել, հակառակ դեպքում` կարճ ժամանակահատվածում նրան կկորցնեն: «Բժիշկները մեզ բացատրեցին, որ երեխայի գանգի, ուղեղի մոտ երկու կիստա կա, որի պատճառով ուղեղի զարգացումը ճնշվում է: Նաեւ ասացին, որ դրանց պատճառով գանգոսկրերը կարծրացել են ու խանգարում են գլխի աճին: Այսինքն` այդ կիստաները թույլ չեն տալիս, որ գլուխը տարիքին համապատասխան մեծանա: Այդ կիստաների պատճառով երեխայի մեծանալու հետ շատանում են ցնցումները, ամեն օր, ամեն ժամ: Հիմա մենք նրան ամեն օր մեծ քանակությամբ դեղորայք ենք տալիս, հակառակ դեպքում` կոմայի մեջ կլինի»,- ասում է Կարինեն:

Էրիկի հիվանդությունը բժիշկների անփութության հետեւանք է: Կարինեն ասում է, որ «Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվելուց հետո, ծննդաբերությունից ժամեր առաջ, իրեն ծննդաբերությունն արագացնող խթանիչ են ներարկել` առանց իր համաձայնության: «Մեծ դժվարությամբ ունեցա, հետագայում մեզ ասացին, որ 4 կգ քաշ ունեցող երեխայի դեպքում խստորեն արգելվում է այդ ստիմուլյատորների կիրառումը: Նրանք էխո արեցին ու ասացին՝ 3 կգ 200 գրամ քաշ է, բայց պարզվեց՝ սխալվել են` 4 կգ քաշով էր: Երեխան ծնվելուց գլխի վնասվածք էր ստացել ու թթվածնային քաղցով է ծնվել: Ինձ նույնիսկ չեն տեղեկացրել հնարավոր բարդությունների մասին, կամ անգամ չեն առաջարկել կեսարյան հատում անել: Հետո անմիջապես երկու պատվաստում արեցին, ինչը նույնպես մասնագետների գնահատմամբ` նպաստել է, որ գլխուղեղային խնդիրն ավելի զարգանա»,- պատմում է Կարինեն` ասելով, որ այդ բարդ ծննդաբերությունից երեք օր անց իրեն ճանապարհել են տուն: Ծննդատնից դուրս գրվելուց ուղիղ երեք ժամ հետո երեխան սկսել է խեղդվել ու գիտակցությունը կորցրել է: Էրիկը կյանքի 3-րդ օրվանից վիճակի ծանրության պատճառով ցնցումներով տեղափոխվել է նույն ծննդատան վերակենդանացման բաժանմունք, որտեղ 21 օր գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ: Էրիկի ծնողները նպատակահարմար չեն գտել բժիշկներին դատի տալը` համարելով, որ այդ գործողության արդյունքում Էրիկի առողջական վիճակը դրանից ոչ կշահի, ոչ էլ իրենց վիշտն ինչ-որ կերպ կթեթեւանա: Կարինեն ասում է` «Սկեսրայրս էնքան էր տառապում: Նյարդային, զայրացած վիճակում գնաց հիվանդանոց, սկսեց բղավել, բժիշկներին մեղադրել: Հասկանալով իրենց մեղքը, պատկերացնում ե՞ք, նրանք բոլորը սկսել են գրպաններից հանել մեր տված փողերը ու առաջարկել են ետ տալ: Բուժող բժշկին ասել էր` դատի եմ տալու, նա վախից ուշաթափվել, ընկել էր գետնին: Հետո խնդրել-աղաչել էր, որ նման բան չանենք»: Հայրը` Արայիկը, ասում է, որ փոքր տարիքում երեխայի զարգացումն ադեկվատ է եղել, սակայն ցնցումները տարիքի հետ շատանում են: Չնայած դրան, բժիշկների գնահատմամբ` Էրիկի հոգեշարժողական զարգացումն ընթացել է տարիքային նորմերից ուշացած, իսկ տեսողական ներվի բորբոքումը կարող է բերել կուրության: Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 163 փողոցի 44 բնակարանում ապրող բազմանդամ այս ընտանիքի բոլոր անդամները մի երազանք ունեն` որ իրականանա Էրիկի վիրահատությունը: Կարինեն եւ Արայիկն ամեն օր հետաքրքրվում են, թե պետական կամ բարեգործական ո՞ր կառույցներին կարող են դիմել երեխայի կյանքը փրկելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով: Դիմել են հեռուստաընկերություններին` խնդրելով վազող տողով հայտարարությունների միջոցով բարի մարդկանց նվիրատվությունների միջոցով Էրիկին տեղափոխել եվրոպական որեւէ երկրում վիրահատության: Ապրում են 30.000 դրամ ընտանեկան նպաստով եւ Արայիկի թոշակառու ծնողների ծերության թոշակով: Ժամանակին կոշիկի արտադրություն ունեցող երեք երեխաների հայր Արայիկն այժմ երթուղային տաքսի է քշում: Ասում է. «Երեխայի հարցը ստիպում է հպարտությունը մի կողմ դնել ու ամեն աշխատանք կատարելով՝ գոնե դեղորայք գնել»: 7 տարեկան Էրիկն ամսական 250 հատ դեղահաբ է ընդունում, որոնց մի մասը դրսից են պատվիրում եւ բավականին թանկարժեք են: Կարինեն ասում է, որ դեղորայքից մեկը նպաստում է, որ երեխայի գլխացավերը թմրեն, սակայն արագացնում է տեսողության կորստի վտանգը, դրա համար էլ նախընտրում են հրաժարվել դրա կիրառումից: Սկսած 2006 թվականից` Էրիկը գտնվում է «Արաբկիր» բժշկական համալիրի հսկողության տակ: Մասնագետներն Արայիկին ու Կարինեին հորդորում են Էրիկին արտերկիր տեղափոխել: Կարինեն ասում է, որ շատ բժիշկ-մասնագետների հետ են խորհրդակցել եւ պարզել են, որ Հայաստանում նույնիսկ մանկական էպիլեպտոլոգ-նեյրովիրաբույժ չկա: Շատ հեղինակավոր մասնագետների հետ զրուցելիս Արայիկը ստանում է նույն պատասխանը. «Ախր չէր կարելի ծանր քաշային երեխայի դեպքում ծննդաբերության խթանիչ ներարկել, չէր կարելի անմիջապես պատվաստումներ անել, պիտի գոնե 7 օր անցներ… Էս ի՞նչ են արել»: Այնուհետեւ մասնագետները բացատրում են, որ վիրահատությամբ հնարավոր է այդ «կիստաները» հեռացնել, որի արդյունքում կոչնչանա թարախային կուտակման օջախը եւ ուղեղի զարգացման խոչընդոտ չի լինի:

Խնդրում են օգնել

Երեք երեխաների մայր, վեց թոռների տատիկ տիկին Ֆենյայի կյանքի նպատակն Էրիկի առողջական վիճակը բարելավված տեսնելն է: 65 տարեկան է, բայց ամեն րոպե փոքրիկ տղայի ձեռքը բռնած այս ու այն կողմ է վազում: Ասում է. «Մեր տառապանքը ոչինչ է, մենակ թե երեխես բուժվի: Ախր գիտե՞ս էդ ցնցումները, էդ մի մատ երեխու տանջանքները… Ահավոր ա, ահավոր: Հույսներս դրել ենք բարի մարդկանց վրա: Երեխու կյանքը վիրահատությունից ա կախված, եթե կարողանայինք մի բան անել…»: Էրիկի քույրերն ամեն օր նրա ձեռքից բռնած գնում են զբոսանքի: Ցնցումների ժամանակ անցորդների սեւեռուն ուշադրությունը բարկացնում է նրանց, ուզում են պաշտպանել եղբորը: Կարինեն ասում է, որ աղջիկներն օրինաչափ են համարում, որ ծնողների ողջ ուշադրությունն Էրիկն է: 7-րդ դասարանցի Լիլիթը երազում է եղբորն առողջ տեսնելու մասին: Երկու աղջիները սովորում են գերազանց գնահատականներով, իսկ Լիլիթը նաեւ մասնակցում է շախմատի մրցումներին: Արդեն նվաճումներ է արձանագրել: Էրիկին Կարինեն արդեն դպրոց է տանում: Նա սովորում է թիվ 100 դպրոցի առաջին դասարանում, որտեղ կան ինչպես առողջական խնդիրներ ունեցող, այնպես էլ` միանգամայն առողջ երեխաներ: Էրիկը սիրում է դպրոց հաճախել, բայց երբեմն շատ է նեղսրտում, երբ տեսողությունը հանկարծակի վատանում է, իսկ գիտակցությունն ուշացումով է ընկալում ուսուցչի խոսքերը: Կարինեն ամեն օր Էրիկի հետ մասնակցում է դասերին. «Այլ կերպ հնարավոր չէ, ես մշտապես նրա կողքին պիտի լինեմ, նա ամեն ժամ ցնցումներ է ունենում: Հաճախ ասում է` ինձ տուն տար, որովհետեւ դժվարությամբ է կարողանում գիտակցել ուսուցչի ասածը: Նրա մոտ հաճախակի կանգ է առնում գիտակցությունը, ինչի պատճառով շփոթվում է»: Մեկ էլ չի սիրում, երբ իր վրա ձայն են բարձրացնում. «Դասատուին ասում ա` իմ վրա մի գոռա»:

Ինչեւէ, Էրիկ Հայրապետյանի ծնողները պատրաստվում են առաջիկայում դիմել ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, «Կարմիր խաչ» կազմակերպությանը` խնդրելով Էրիկի արտերկրում իրականացվելիք վիրահատությունը կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերել: Ժամանակի կորուստը Էրիկի համար կարող է ճակատագրական լինել: Էրիկին օգնել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունը կատարել «Արդշինինվեստ» բանկի Արայիկ Հայրապետյանի անվամբ բացված քարտային հաշվեհամարով` «2470043839950010»: