Էնդեմիկ սզնի (ալոճ)

25/11/2010 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Լատինական Crataegus անվանումն առաջացել է հունական «Krtaios» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ամուր» (շնորհիվ ամուր բնափայտի)։ Փայտանյութից զանազան իրեր են պատրաստում, արմատներից` սննդային ներկանյութ։

Առասպելներում ու ավանդազրույցներում սզնին նվիրվել է ի պատիվ ամուսնության աստված Հիմենեւսի, այդ իսկ պատճառով Աթենքի օրիորդները պսակադրության ժամանակ բույսի ծաղկեպսակներով զարդարում էին գլուխները։ Այստեղից էլ առաջացել են սզնու ժողովրդական անվանումները՝ տիրուհի ծառ, մացառուտի օրիորդ (ալոճ, վայրի խնձոր, սարի խնձոր եւ այլն)։ Ծաղկած սզնին համարվում է հույսի, իսկ սպիտակ ծաղիկները` գարնան վերադարձի խորհրդանիշ։ Հայրենիքը՝ Միջին Ասիան է։

Պետրոս Առաջինի օրոք այս վայրեբույսի մթերումը մեծ թափ ստացավ։ Մշակներին պարտավորեցնում էին հավաքել որպես բուժիչ հումք։ Սզնին դիտվում էր նաեւ որպես լավ մեղրատու (50 կգ՝ 1 հա-ից)։

Մեր մոլորակի վրա աճում են սզնու հազարից ավելի տեսակներ, ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են արնակարմիր, փշոտ եւ հինգ վարսանդանի տեսակները։ Հայաստանում աճում են էնդեմիկ տեսակներ՝ «Սզնի սյունյաց», «Սզնի հայկական»։ Ծաղիկները սպիտակ են, ծաղկում են մայիսին, պտուղները հասունանում են աշնանը։ «Սզնի սյունյաց» տեսակի պտուղները կարճ, օվալաձեւ են, մինչեւ 1 սմ տրամագծով, պարունակում են 1-3 կորիզ, սեւ ծիրանագույն է։ «Սզնի հայկականի» պտուղները գինեկարմիր են, 1-1,2 սմ երկարությամբ։ Ունի դեղին հյութալի պտղամիս, որի մեջ սովորաբար մեկ կորիզ է պարունակվում։ Այս տեսակը հանդիպում է մինչեւ 2500 մետր բարձրություններում։ Բավական քչապահանջ բույս է, դիմանում է կարճատեւ երաշտին եւ ոչ ուժեղ ցրտերին։ Հայաստանում ալոճի նաեւ այլ տեսակներ են տարածված։ Գրականության մեջ առավել շատ գրվում է արնակարմիր սզնու կիրառության մասին։ Հյուսիսային շրջաններում աճող տեսակները հարուստ են C, P վիտամիններով, կարոտին պարունակող նյութով, քոլինով։ Հայաստանում այդպիսին է բարձր լեռնային գոտում աճող սզնին։ Այս տեսակների մեջ շատ են նաեւ պեկտինները։

Վիտամին P-ն (ռուտին) կենսաբանորեն ակտիվ նյութերի միացություն է, ֆլավոնոիդները պարունակվում են միայն բուսական սննդի մեջ, դրանք մոտ 500 են։ Վիտամին P-ի յուրացումը եւ դրական կենսաբանական ազդեցությունը զգալիորեն ուժեղանում է C վիտամինի հետ «ընկերակցությամբ»։ P վիտամինի պահանջը օրգանիզմի կողմից մոտ երկու անգամ քիչ է վիտամին C-ի համեմատ։ P վիտամինի շնորհիվ են ամրապնդվում մազանոթները, անոթների պատերը։

Վիտամին P4-ը (քոլին) նպաստում է ճարպերի յուրացմանը, կարգավորում է նյութափոխանակությունը։ Քոլինը պահպանում է լյարդը ճարպակալումից, նպաստում խոլեստերինի յուրացմանը։ P4 -ի պակասությունը սահմանափակում է ուղեղի մտքեր արտադրելու կարողությունը, առաջանում են նյարդային բնույթի որոշ հիվանդություններ՝ ծամածռություն շուրթերի եւ լեզվի միջոցով։ Մարդը չի կարողանում կենտրոնանալ՝ «այստեղ հիշում եմ, իսկ այստեղ ոչինչ չեմ հիշում»,- ինչպես ասել է երգիծաբան Ա. Ռայկինը։

Առաջանում է վախի զգացում, նյարդայնություն, սրտային առիթմիա, արյան շրջանառության խաթարում, գլխացավեր, աղմուկ ականջներում, փորկապություններ եւ առավել սարսափելին՝ հիշողության եւ բանականության կորուստ։

– Եթե երբեւիցե քամել եք սզնու հյութը, ապա անշուշտ նկատած կլինեք, որ սա բավական թանձր, մարմելադ հիշեցնող նյութ է, դա վկայում է պեկտինների զգալի ներկայության մասին, որոնք հակամանրէ, հականեխիչ բնույթ ունեն, խթանում են աղեստամոքսային համակարգի գործունեությունը, հեռացնում «օգտագործված» այլեւս անօգուտ խոլեստերինը։

– Դաբաղանյութերը թույները չեզոքացնելու հատկություն ունեն։

Սզնու պարզագույն պատրաստուկները (թուրմ, եփուկ, ոգեթուրմ) լայնորեն կիրառվում են սիրտ-անոթային համակարգի, հիպերտոնիայի, Կ.Ն.Հ. հիվանդությունների դեպքում, ետվիրահատական թերապիայի նպատակով, որպես հանգստացնող միջոց։

Պտուղներն ու ծաղկաբույլերը հնուց օգտագործվում են որպես փորձված ժողովրդական միջոց եւ կիրառվում սրտի արատի, իշեմիկ հիվանդության, անքնության, գլխուղեղի արյան մատակարարման կարգավորման, հիպերտոնիայի բուժման նպատակով, օգտակար են վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ։ Օգտագործվում են նաեւ հեւոցի, թոքաբորբի, սրտի աթերոսկլերոզի դեպքում։

Դեղատոմսեր

Սզնենու պտուղներից հյութ

0,5 կգ հասած պտուղները լվանալ, փայտե հավանգով փափկեցնել, ավելացնել 100 մլ ջուր, տաքացնել մինչեւ 40C եւ հյութաքամիչով անցկացնել։ Խմել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ` սնունդ ընդունելուց առաջ։ Վերականգնում է թուլացած սրտամկանի գործունեությունը։ Հատկապես օգտակար է տարեցներին։ Այս հյութը ցուցաբերում է կանոնավորող ազդեցություն գերհոգնած սրտի վրա, վերացնում ցավի եւ ծանրության զգացողությունը սրտի շրջանում, լավացնում ինքնազգացողությունը։

Քսուք կապտուկների դեպքում

1 ճաշի գալ ալյուրատիպ փոշիացրած սզնու տերեւներին ավելացնել 100 գրամ հալած յուղ։ Կապտուկներին քսելուց հետո վերջում բրդե գործվածքով փաթաթել այդ հատվածները։

Անքնության դեպքում

Խառնել կեսական թեյի գդալ սզնու պտուղները, խատուտիկի արմատները, սամիթի սերմը եւ պատրինջի (մելիսա) տերեւները։ Ավելացնել 200 մլ եռջուր, լցնել ջերմապահի մեջ, պահել 1 ժամ։ Քամել։ Խմել որպես թեյ։

Սրտի արագ բաբախության (տախիկարդիա) դեպքում

Ապակե տարայի մեջ լցնել սզնու 100 գրամ ծաղիկները, ավելացնել 1 լ օղի։ Թրմել 3 շաբաթ մութ տեղում, պարբերաբար թափահարել։ Քամել։ Ընդունել՝ ջուր ավելացնելով, օրը 2-3 անգամ, մինչեւ սնվելը։ Չափաբաժինը՝ 20 կաթիլ։

Հիպերտոնիայի դեպքում

Մանրացնել եւ լավ խառնել սպիտակ ճագոմի խոտը, կատվախոտի արմատները, սզնու տերեւները, բռինչի (կալինա) եւ քիմիոնի պտուղներ (3։2։2։2։1)։ Առանձնացրած 1 ճաշի գդալ հումքին ավելացնել 2 բաժակ եռջուր, տաքացնել 10 րոպե ջրային բաղնիքի վրա, քամել, լցնել եռջուր այնպես, որ ծավալը լինի մեկ բաժակից ոչ պակաս։ Խմել 7-10 օր, ընդմիջել 3-4 օր։ Խմել կեսական բաժակ օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց 15-30 րոպե հետո։

Պտղի մեջ պարունակվում է ֆլավոնոիդներ (կվերցետին, գիպերին, գիպերոզիդ, վիտեկսին), օրգանական թթուներ (կիտրոնի, սրճի, օլեանոլի, ուրսոլի, քլորոգենի), դաբաղանյութեր, ճարպեր, պեկտիններ, քոլին, շաքար, ենթավիտամին A, վիտամիններ C, P եւ այլ միացություններ։ Ծաղիկները պարունակում են եթերային յուղ։

Հակացուցում

– 1 բաժակից ավելի հասած սզնու պտուղ չուտել,
– երկարատեւ չընդունել,
– քաղցած չուտել,
– ուտելուց հետո ջուր չխմել,
– դեղատոմսերը կիրառել բժշկի հսկողությամբ։

Մրգախյուս սրտի համար

Բաժակատերեւներից եւ սերմերից մաքրած 1 կգ սզնու պտուղները լցրեք արծնապատ կաթսայի մեջ, վրան քիչ քանակությամբ ջուր ավելացրեք եւ կափարիչով ծածկեք, պահեք միջին կրակի վրա մինչեւ փափկելը։ Ընթացքում կաթսան թափահարեք։ Նույն ձեւով առանձին կաթսայով եփեք

1 կգ մաքրած խնձորը։ Այնուհետեւ սզնին թանզիֆով քամեք, իսկ խնձորներից խյուս պատրաստեք, խառնեք իրար հետ, ավելացրեք 500 գրամ շաքարավազը, եփեք 15 րոպե, թույլ կրակի վրա՝ մինչեւ մրգախյուսի պատրաստ լինելը։ Տաք վիճակում լցնել ապակե տարաների մեջ, պահել հով տեղում։

Սզնին եւ մարջանը

Սզնու գեղեցիկ գունավորումը հիշեցնում է գունագեղ քարերից մարջան։ Ըստ ավանդույթի՝ վերջինս ակտիվացնում է նյութափոխանակությունը, սրտային համակարգի աշխատանքը, ամրացնում հիշողությունը, մաքրում արյունը։ Պարանոցին վզնոցը կրելիս պահպանում է բկաբորբից, նաեւ զերծ պահում դիմամկանների ջղաձգումներից։

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու. «Եթե հոդատապով հիվանդ մարդը ոտքին մարջան կապի, շատ կօգնի»։