Բողոք Քոչարյանի դեմ

21/10/2005

«Զերկալո» թերթի փոխանցմամբ՝ «Բենիլյուքսի» (Բելգիա, Նիդեռլանդներ եւ Լյուքսեմբուրգ) ադրբեջանական կազմակերպությունների խորհուրդը նախօրեին ընդունել է հայտարարություն, որով բողոք է հայտնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բրյուսել կատարելիք այցի դեմ: Հայտարարության հեղինակները Ռոբերտ Քոչարյանին անվանում են «Կովկասի Միլոշեւիչ», պնդում են, թե նրա անվան հետ կապված են հանցագործություններ Խոջալուում, Քելբաջարում, Շուշիում, Լաչինում ու այլ բնակավայրերում, որտեղ «սպանվել են անմեղ ադրբեջանցիներ»: «Մենք՝ այժմ Եվրոպայում ապրող Ադրբեջանի նախկին քաղաքացիներս՝ ադրբեջանցիներ, քրդեր, թալիշներ, ռուսներ, հրեաներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, դիմում ենք ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Հաագայի միջազգային դատարանին եւ միջազգային այլ ատյաններին՝ պահանջելով վերջ տալ երկակի չափանիշների քաղաքականությանը, դատապարտել գենոցիդը Խոջալուում, Քելբաջարում, Շուշիում, Լաչինում ու Ադրբեջանի այլ շրջաններում եւ դատական պատասխանատվության կանչել հանցագործություններ կատարած հայ զինվորականներին»,- ասվում է «Բենիլյուքսի» ադրբեջանական կազմակերպությունների խորհրդի ընդունած հայտարարության տեքստում: