Աշխարհի երկրորդ թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պատմել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հետ հանդիպումից իր տպավորությունների մասին: Նշենք, որ Մարադոնան երեքշաբթի ներկա է եղել «Barclays ATP World Tour Finals-2010» մրցաշարի B խմբում ընդգրկված Ռոջեր Ֆեդերերի եւ բրիտանացի Էնդի Մարեյի խաղին: Ռոջերը համոզիչ հաղթանակ է տոնել երկու պարտիաներում` 6/4, 6/2 հաշվով:
Ֆեդերերը եւ Մարադոնան հանդիպումից հետո զրուցել են: «Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ եւ շատ ուրախ էի Մարադոնային հանդիպել: Լսել էի, որ նա թենիս է սիրում, իմ երկրպագուն է: Կարծում եմ, որ նա մեր հանդիպման ընթացքում ավելի շատ էր հուզվում, քան ես»,- նշել է Ֆեդերերն այն բանից հետո, երբ շվեյցարացուն հաջողվել է «Աստծո ձեռքին» հպվել: Այս մասին հաղորդում է «GoTennis.ru» կայքը: