Խոստանում է պատժել Ֆրոչին

25/11/2010

Նախօրեին Հելսինկիում կայացել է Արթուր Աբրահամի եւ Կառլ Ֆրոչի բաց մարզումը: Հիշեցնենք, որ նրանց մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Մարզման ժամանակ Ֆրոչը նմանակել է Աբրահամին` ցույց տալով, թե ինչպես է վերջինս պաշտպանվելիս բարձր պահում ձեռքերը: «Ես կարծում եմ, որ հենց այդպես է Աբրահամը մենամարտելու: Չեմ կարծում, որ նա էլի ինչ-որ բան կարողանա անել: Նա ողջ հանդիպման ընթացքում պաշտպանության կարիք է ունենալու: Եթե ես մաքուր հարված կատարեմ, ապա մարտը շատ արագ կավարտվի: Հակառակ դեպքում ես կգերազանցեմ նրան միավորներով,- ասել է Ֆրոչը` հավելելով,- Ես քննադատության էի ենթարկվել իմ պաշտպանվողական տեխնիկայի համար, հնարավոր է` ես ինքս էլ այդքան բարձր պահեմ ձեռքերս»:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, Ֆրոչի ընկերուհին եւս որոշել է սադրել Աբրահամին` անվանելով նրան թզուկ եւ փոքրիկ թագավոր: Ի պատասխան բոլոր այս արտահայտությունների` Աբրահամը միայն ժպտացել է եւ ասել. «Ֆրոչը վիրավորել է ինձ, իմ պրոմոութերին եւ իմ թիմին: Այդ իսկ պատճառով ես կպատժեմ նրան շաբաթ օրը: Սա իսկական մարտական բախում կլինի: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ ստիպելու Ֆրոչին վճարել այն ամենի համար, ինչ նա մամուլում ասել է իմ հասցեին»: