Վարորդը ձերբակալվել է

25/11/2010

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ բավարարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի միջնորդությունը եւ 2 ամսվա կալանքի որոշում է տվել Երեւանի Գալշոյան 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 53-ամյա Ռոբերտ Գուրգենի Ջանջուղազյանին: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի երեկոյան Կոմիտասի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ Սեդա Սերգոյանին: Վերջինս ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ վրաերթի ենթարկած վարորդը դիմել էր փախուստի: Գ. Շամշյանի հաղորդմամբ` դրանից մի քանի օր անց ոստիկանության ՃՏՀ բաժնի քննիչների եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում արհեստավորի մոտ հայտնաբերվել էր Ջանջուղազյանին պատկանող Ջիփ Լինքոլն մակնիշի 06 ՕՏ 613 համարանիշի մեքենան: Ջանջուղազյանը ավտոմեքենան արհեստավորի մոտ էր տարել վնասված հետքերը վերացնելու նպատակով: Նրան տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: