«Թրենդ» գործակալության հետ զրույցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «դժվարին փուլն անցել է»: «Կարգավորման գործընթացում նկատվող որոշակի արագացումը, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները հիմք են տալիս ակնկալելու, որ ղարաբաղյան գործընթացի բարդ շրջանը մնացել է ետեւում»,- ասել է նա` հավելելով, թե բանակցային գործընթացում այժմ առկա է որոշակի առաջընթաց, չնայած այն հանգամանքին, որ անցնող 2010թ. ընթացքում գործընթացն աչքի է ընկել որոշակի բարդություններով, մասնավորապես, կողմերի միջեւ հանդիպումների հաճախականությունը նվազել է, շփման գծում արձանագրվել են արյունալի միջադեպեր: «Կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի փաստն ակնհայտ է: Դա արդեն ազդակ է, որը մենք ողջունում ենք»,- ասել է Սեմնեբին` չմասնավորեցնելով, թե «առաջընթաց» ասելով՝ ինչ նկատի ունի: Հիշեցնենք, որ նա կարճատեւ այցով Բաքու էր մեկնել հատկապես կալանավայրից ազատ արձակված երկու ընդդիմադիր բլոգերներին` Էմին Միլիին եւ Ադնան Հաջիզադեին հանդիպելու նպատակով: Անդրադառնալով այդ խնդրին, նա ասել է. «Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանի դատական համակարգը թույլ տվեց վաղաժամ ազատ արձակել երկու երիտասարդներին: Նրանց ազատազրկումը շատ էր մտահոգում մեզ, եւ այժմ Եվրամիությունը, ինչպես եւ Ադրբեջանի մյուս գործընկերները, ողջունում է այդ քայլը»: