Սոցիալական վիճակն այս տարի ավելի է վատացել

23/11/2010

«Այս տարին Հայաստանը կփակի տնտեսական աճով: Սակայն դա ոչ թե տնտեսական դրական գործընթացներով է պայմանավորված, այլ նրանով, որ նախորդ տարի տնտեսական ցուցանիշների էական նվազում էր արձանագրվել: Այսինքն` աճ կգրանցվի միայն նախորդ տարվա համեմատ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Ես նախորդ տարի կանխատեսել էի երկնիշ տնտեսական անկում, ես ասում էի` 10-11 տոկոս: Անգամ 15 տոկոս անկումն ինձ զարմացրեց»,- ասել է նա` նկատելով, որ Հայաստանն ԱՊՀ-ում այս տարվա տնտեսական ցուցանիշներով կարողացել է առաջ անցնել միայն Ղրղըզստանից: Բ. Ասատրյանի դիտարկմամբ` հայաստանցիների սոցիալական վիճակն այս տարի ավելի է վատացել. հայ հասարակությունը, Հայաստանի բնակչությունն այս տարվա նոյեմբերի 22-ին ապրում է ավելի վատ, քան անցած տարվա նոյեմբերի 22-ին։ «Դուք ամեն տեղ տեսնում եք դժգոհություններ, տնտեսության առանձին ոլորտներում նկատում եք տեսանելի անկում, որը թվերով չեն կարողանում արձանագրել»,- վստահեցրել է նա` հավելելով, թե Հայաստանում այսօր վարվող քաղաքականությունը չի կարող երկրի ապագան ապահովել: «Նեղ, սահմանափակ, շրջափակված տնտեսական համակարգ, արտաքին տնտեսական կապերի բացակայություն կամ հիմնականում բանան ներկրել: Այս տարվա 8 ամիսներին Հայաստանն արտահանման ցուցանիշով ԱՊՀ երկրների թվում վերջին տեղն է զբաղեցնում: Մենք ավելի վատ վիճակում ենք, քան Տաջիկստանը, Ուզբեկստանը, մենք վերջինն ենք: Սա սխալ վարվող քաղաքականության արդյունք է»,- հայտարարել է Բ. Ասատրյանը:

Ի դեպ, ըստ Բ. Ասատրյանի` Հայաստանում կան 5-6 օլիգարխներ, ովքեր ստեղծել են ինքնաբավ տնտեսական, ֆինանսական համակարգեր, ներքին բանկեր, որոնք փողի պահանջ չունեն եւ ենթակա չեն որեւէ կանոնակարգի: «Կեսկատակ-կեսլուրջ մի բան ասեմ` մեր օլիգարխները հիմնականում բանան վաճառողներ են, մինչդեռ մի բանկիր օլիգարխ չունենք: Սա իսկապես մեր տնտեսության ողբերգություններից է»,- նկատել է նա: Այս համատեքստում, ըստ նրա` հատկապես կարեւոր է ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը, մինչդեռ այդ կառույցի հնարավորությունները խիստ սահմանափակ են: Բանկերի զարգացման վրա, ըստ նրա` ազդում են համակարգային տիպի խնդիրները` ահռելի չափերի հասնող ստվերը, գնաճը (որն այս տարվա վերջին կհասնի մոտ 9-10 տոկոսի, որը բավականին բարձր ցուցանիշ է), մի քանի օլիգարխների ստեղծած ինքնաբավ ֆինանսական համակարգերը: Բ. Ասատրյանի խոսքով` որքան բանկ մտնող փողը կայուն է, տեսանելի, թափանցիկ, այնքան համակարգը զարգացած է. «Եթե 1996թ. հպարտությամբ ասում էինք, որ բանկային կապիտալի 50 տոկոսից ավելին եվրոպական է, սա այն դեպքում, երբ տնտեսությունը նոր-նոր ոտքի էր կանգնում, հիմա էլ ենք նույնն ասում, սակայն այսօր գերակշռողը ռուսական կապիտալն է: Բոլորին հայտնի է, որ ռուսական կապիտալը պատմություն չունեցող կապիտալ է` ընդամենը 15 տարեկան է եւ թափանցիկ չէ»: Բանկային համակարգի համար անհամեմատ մեծ վտանգ է իրենից ներկայացնում քաղաքական գործոնը, քաղաքական հաշվեհարդարը, որը 2000-2001թթ. կիրառվեց շատ բանկերի դեպքում. «Այս ժամանակահատվածում կապիտալի նվազում եղավ, ու բանկերը վնասով աշխատեցին, եւ այստեղ ակնհայտ էր, որ քաղաքական գործոններ կային, որը, հուսով եմ, այսօր կանխվել է»:

Նրա գնահատմամբ` այսօր բանկային համակարգի դերը Հայաստանի տնտեսության մեջ խիստ նվազ է: Թեեւ բանկային համակարգի ցուցանիշներով՝ վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ձգտում է մոտավորապես 20-25 տոկոսի, սակայն բանկերը տնտեսության մեջ էական դերակատարում չունեն: «Տարիներ առաջ` 1994-95 թվականներին, մենք կարծում էինք, որ բանկերն իրենց վրա պետք է վերցնեն հիմնական բեռն ու պատասխանատվությունը եւ տնտեսությունն առաջ քաշողը պետք է լինեն: Սակայն հակառակ պատկերն է: Բանկերը գտել են իրենց «նիշան» հասարակության մեջ` վարկեր են տալիս բարձր տոկոսներով եւ տնտեսության կողքին խաղաղ գոյատեւում են: Այս ամենի պատճառը տնտեսության մեջ ստվերի տեսակարար մեծ կշիռն է»,- հայտարարել է նա: