Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին» օրինագիծը, որտեղ պետական բաժնեմաս ունեցող մեկ տասնյակից ավելի ընկերությունների ցանկում առաջարկում է սեփականաշնորհման հանձնել նաեւ Օրբելի փողոցում գտնվող հայտնի «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը»: Կառավարությունն, ըստ մեր աղբյուրների, ԱԺ-ից պահանջել է հարցն անհապաղ ընդգրկել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ եւ քննարկել: Բայց քանի որ մինչեւ օրակարգ մտնելն այն պետք է քննարկվի ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստում, ԱԺ Սոցիալական, առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովն այն պատրաստվում է քննարկել առաջիկա ուրբաթ օրը:
Մեկ ուշագրավ հանգամանք. կառավարությունը՝ համաձայն օրենքի, մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկը բաժանել է ըստ ոլորտների ու համապատասխան նախարարությունների, իսկ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը», չգիտես ինչու, ընդգրկված է ոչ թե Առողջապահության նախարարության, այլ՝ Կառավարությանն առընթեր Պետական գույքի մասնավորեցման գլխավոր վարչության բաժնում: Պատգամավորներից մեկը նկատեց, որ դա միտումնավոր է արված, որպեսզի 131 պատգամավորներից քիչ թե շատ «բան հասկացող» մի քանի պատգամավորներն անգամ ուշադրություն չդարձնեին դրան: «Կառավարությունում էլ են արդեն հասկացել, թե ինչպես կարելի է խաբել պատգամավորներին: Մտցնում են այս կամ այն ցանկի տակ, որ ուշադրություն չդարձնենք, հետո բերում են ու մի քվեարկությամբ բոլորն անցկացնում-տանում են, ու ասում են՝ բա դուք չասեցի՞ք` մասնավորեցրեք: Իսկ այդ ժամանակ արդեն ինչքան ուզում ես` գոռա, մեկ ա՝ չի օգնելու: Հա՜, անիմաստ կոկորդ ճղի»,- ասաց ԱԺ մասնագետներից մեկը:
Նշենք, որ հանրությանը հայտնի Ֆիզիոթերապեւտիկ բուժհիմնարկը Հայաստանում միակ գիտահետազոտական բժշկական կենտրոնն է, որը կոորդինացնում է կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության խնդիրներն ու գիտահետազոտական աշխատանքները: Բացի այս, կենտրոնն իրականացնում է նաեւ բուժական-ախտորոշիչ գործունեություն՝ նյարդային համակարգի, սիրտ-անոթային, շնչառական ռեւմատոլոգիական եւ այլ հիվանդությունների ուղղությամբ, միաժամանակ հայտնաբերելով ու ներդնելով բուժման նոր մեթոդներ:
Մեզ հաջողվեց նաեւ պարզել Ֆիզիոթերապեւտիկ բուժինստիտուտը մասնավորեցնել ցանկացողի ով լինելը: Ըստ մեր աղբյուրների, այն ցանկանում է գնել հենց նույն բուժինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը: Նույն աղբյուրների հավաստմամբ, այս հարցի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են եւ սպասում են, որ ԱԺ-ն հաստատի այդ ցանկը:
Ի դեպ, կառավարությունն ԱԺ է ուղարկել միաժամանակ երկու ցուցակ՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկը եւ մասնավորեցման այն ընկերությունների ցանկը, որոնք հանվել են ծրագրից: Օրինակ, ծրագրից առայժմ հանվել են Հրազդանի կիրճում գտնվող «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ն, Սյունիքի մարզի «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ն, Երեւանի երիտասարդական կամերային թատրոնի շենքը, մարզերում գտնվող մի շարք պոլիկլինիկաներ եւ այլն: Իսկ հրատապ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը, որն անհամեմատ մեծ է հետաձգված օբյեկտների ցանկից եւ որոնք գտնվում են հիմնականում Երեւանի կենտրոնում, բազմաբնույթ է. «Վեբեր» ՓԲԸ, «Գառնի-Լեռ» ԲԲԸ, «Տեղեկատվական մարքեթինգային կենտրոն», «Նոր ներդրումներ», «Ջրշին», «Ավիաբուժ բժշկական կենտրոն», «Հայէներգո» ՓԲԸ-ի «Էներգամատսերվիս»-ը, եւ այլն: