Նոյեմբերի 19-ին, ժամը 24:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային գծում հրազենային կրակահերթից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ՝ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի հետեւանքով եւս 4 ժամկետային զինծառայող ստացել են հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ՝ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ.1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): Երեկ ՀՀ պաշտպանության նախարարության Քննչական վարչությունից տեղեկացանք, որ նոյեմբերի 19-ի արտակարգ միջադեպի գլխավոր կասկածյալը ձերբակալված է: Ընդ որում՝ կասկածյալը նույն զորամասի ժամկետային զինծառայող է: Բացի այս սեղմ տեղեկատվությունից, ՊՆ Քննչական վարչությունն այլ մանրամասներ չհրապարակեց՝ հաղորդելով, որ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ գործի նախաքննության շահերից ելնելով՝ որեւէ այլ տվյալ չեն կարող փոխանցել:
Վիրավորների վիճակի մասին որոշակի տեղեկատվություն ստանալու նպատակով գնացինք Արմավիրի մարզի Գետաշեն գյուղ, որտեղ գտնվում է Սարգիս Մելքումյանի տունը: Սարգիսը նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպի ծանր վիրավորներից է: Գյուղի փողոցներում մարդիկ կծկված էին քայլում: Շուրջբոլորը լուռ էր: Այնպիսի տպավորություն էր, կարծես բոլորը զբաղված էին աղոթելով: Մոտեցա կապույտ դարպասին: Քիչ անց դուռը բացեց Սարգսի մորաքույրը: «Իբր մենք բան գիտենք, Դուք եք եկել, որ մեզնից հարցնեք: Էս պահին ոչ մի բան չգիտենք»,- ասացին տան ներսում հավաքվածները: «Դեկտեմբերի 21-ին Սաքոյի ծառայության 1 տարին լրանում ա: Մի քանի օր առաջ ասում էինք՝ դեկտեմբերից սկսած արդեն ամիսներով ենք հաշվելու Սաքոյի վերադարձը, էն էլ… ո՞վ էր պատկերացնում, որ….»,- տան աղոտ լույսի տակ, բազկաթոռին նստած, հայացքը անորոշ կետերի հառած՝ ասում էր Սարգիս Մելքումյանի տատը: Ժամառժամ տան մթնոլորտը ճնշվում էր նոր հյուրերի վախերով ու հուզմունքով: «Մի քանի օր առաջ Վայենկոմատից մեզ մենակ մի բան են ասել՝ ձեր երեխան հոսպիտալում պառկած ա: Էլ ոչ մի բան չասացին..»,- մերթընդմերթ ձեռքերի ափերով երեսը փակելով, հեւոցներով պատմում էր Մելանյա տատը: Ըստ նրա՝ մինչ օրս իրենք որեւէ տեղեկատվություն չեն ստացել կատարված միջադեպի մասին: «Օգոստոսին օտպուսկ եկավ, քրոջ հարսանիքն էր: Ուրախացել էինք: Տան մինուճար տղան ա: Մի քույր ու եղբայր են: Ինքն էլ նոր էր ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ: Հեռակա էր, դրա համար տարան բանակ,- շարունակեց տատը՝ դիմելով հարեւաններին ու բարեկամներին,- Ախր, հեն ա, ամեն մեկից հարցրու, թող ասեն՝ մեր Սաքոն ի՜նչ երեխա էր: Էնքան լավ էր ծառայում, որ սերժանտի աստիճան էլ տվեցին: Սաղ կոմանդիրները գոհ էին: Բայց ո՞վ կպատկերացներ, ո՞վ…»: Սարգիս Մելքումյանը ծառայել է Ջեբրայիլում: Միջադեպը տեղի է ունեցել տղաների «պոստի» ժամանակ: Երկու օր առաջ Սարգիսը Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով փոխադրվել է Երեւան: Երեկվա դրությամբ Սարգսի վիճակը ծանր է եղել: «Ըստ էության՝ ամենածանր վիրավորը Սաքոն ա: Ծնողները գնացել են հոսպիտալ, բայց ոչ մեկիս առայժմ չեն թողնում տեսնեն: Չգիտենք… Էս պահին միակ հույսներս Աստված ա..»,- ասացին Սարգիսի հարազատները: Հարազատների փոխանցմամբ՝ գլխավոր կասկածյալը, ում ձերբակալեցին, 4 վիրավորներից մեկն է եղել, ում ընտանիքն ապրում է հարեւան Նալբանդյան գյուղում: «Թե ի՞նչ ա կատարվել` ոչ մեկս որեւէ բան չգիտենք: Էդ տղեն (նկատի ունեն Մանվել Արմենի Հազրոյանին.- Մ.Մ.) խփել էր 7 հոգու, վերջում էլ ինքն իրեն էր խփել, որ սպաներ, բայց փրկվեց… Վիրավորվեց…»,- պատմեցին գետաշենցիները, ովքեր դեռ ամբողջական տեղեկատվություն չունեին, թե իրականում ինչո՞ւ է զինծառայողը հրազենային կրակահերթի ենթարկել իր ընկերներին: «Էս պահին մենակ մի բան ենք խնդրում Աստծուն, որ Սաքոն փրկվի… Մի Աստված ու մենք…»,- տան դարպասների մոտ հրաժեշտ տալուց առաջ երկնքին նայելով՝ ասաց վիրավոր զինծառայողի հարազատներից մեկը: Երեւան ետդարձի ճանապարհին փորձեցինք տեղեկանալ նաեւ Մանվել Հազրոյանի առողջական վիճակի մասին, բայց, ինչպես հայտնեց գյուղի բնակիչներից մեկը` Հազրոյանների տանը մարդ չկա, իսկ տունը հսկվում է ոստիկաններից կողմից: «Ընտանիքը տարել են, տունն էլ հսկում են ոստիկանները»,- նշեց Նալբանդյան գյուղի բնակիչը: