Երեկ ինտերնետային լրատվամիջոցներից մեկը մի հետաքրքիր լուր էր հրապարակել։ Պարզվում է՝ ամեն 5-րդ ամերիկացին տառապում է հոգեկան այս կամ այն խանգարմամբ, եւ դրա հիմնական պատճառը, ըստ գիտնականների, ֆինանսական ճգնաժամն է՝ տնտեսական անկայունությունն ու դրա հետեւանքները։ Հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ կառավարության պատվերով։
Մեզանում նման հետազոտության պատվեր (որքանով մեզ է հայտնի) կառավարությունը չի տվել։ Եթե ֆինանսական լուրջ դժվարությունները իսկապես կարող են մարդու մոտ լուրջ հոգեկան հիվանդության պատճառ դառնալ, ապա նման հետազոտությունը մեզ չէր խանգարի։
Սակայն հայերը դիմացկուն ազգ են։ Դժվար են ընկճվում եւ ցանկացած իրավիճակում, իրենք էլ չիմանալով ինչպես, ծայրը ծայրին հասցնում են։ Հայտնի անեկդոտի նման. Մեկն ընկերոջը պատմում է. «Անապատով մենակ քայլում էի, մեկ էլ՝ բլրի ետեւից առյուծը դուրս եկավ ու վրա հասավ։ Փախա ու բարձրացա ծառը…»։ «Մի րոպե,- ընդհատում է ընկերը,- Բայց անապատում ի՞նչ ծառ»։ «Ախպերս, էդ պահին որ շա՜տ ա պետք, չես նայում՝ ծառ կա՞, թե՞ չկա։ Բարձրանում ես»։ Մեր վիճակը մոտավորապես այդպիսին է։ Մինչ ամերիկացին կամ եվրոպացին, հանկարծակի ֆինանսական դժվարությունների հանդիպելով, դեպրեսիայի մեջ է ընկնում՝ հայը սկսում է «ծառ բարձրանալ»։ Եվ այնպես է ստացվում, որ տնտեսական վիճակի մասին միայն վիճակագրության տվյալներով դատողներին դա անհասկանալի է թվում, հրաշքի նման։ Հայերը մտնում են խնայողության ռեժիմ ու սկսում պայքարել։ Այս մասին, ի դեպ, անուղղակիորեն վկայում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը 3 օր առաջ հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2010թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցը, որտեղ կարելի է շատ հետաքրքիր փաստեր գտնել։
Այս աղյուսակից երեւում է, որ ճգնաժամային տարում մեկ տնային տնտեսությունը (ընտանիքը) ամսական մոտ 4000 դրամով պակասեցրել է ծախսերը՝ ճգնաժամային տարում ծախսելով ամսական 104.398 դրամ։ Իհարկե, սա պաշտոնական, «երեւացող» տվյալներն են, սակայն ընդհանուր պատկերացում կազմելու համար կարելի է հիմնվել այս տեղեկատվության վրա։ Տեսնում ենք, որ ընտանիքը 2200 դրամով ծախսերը պակասեցրել է գնված սննդամթերքի հաշվին։ Չգնված սննդամթերք (ասենք՝ սեփական այգու պոմիդոր, կամ գյուղում ապրող բարեկամի ուղարկած պանիր) նույնպես քիչ են սպառել։ Խնայողության ռեժիմի մեջ է մտել նաեւ ոչ պարենային ապրանքների սպառումը եւ հանրային սնունդը (այսինքն՝ «օբյեկտում» հաց ուտելը կամ սրճարան այցելելը)։ Փոխարենը՝ փոքր-ինչ ավելացել են ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի վրա կատարված ծախսերն ու ծառայությունները (օրինակ՝ հեռախոս կամ ինտերնետ)։ Ի՞նչ հետեւություն կարելի է այս ամենից անել։ Միանգամից կարելի է պատկերացնել, որ տան տղամարդը ֆինանսական դժվարությունների դարդից մի քիչ (շա՜տ քիչ) սկսել է ավելի շատ խմել, եւ համակարգչի դիմաց նստած, սիգարետի ծուխն ագահորեն ներս քաշելով, ինտերնետով աշխատանք է փնտրում։
Կատակը՝ կատակ, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի տխուր է։ Սպառողական ծախսումների մակարդակը նվազել է շուրջ 4500 դրամով։ Սակայն, եթե հաշվի առնենք 6.5% գնաճը, ապա ստացվում է, որ նախորդ տարի հայ ընտանիքն ավելի մեծ չափով է նվազեցրել իրական սպառումը (բնեղեն արտահայտությամբ)։
Ինչեւէ, չնայած դժվարություններին՝ ոչ ոք չխելագարվեց, եւ նոր տարվա սեղաններն իրենց ճոխությամբ ամենեւին չզիջեցին նախաճգնաժամային սեղաններին։ Այս տարի նույնպես խոզի բդի եւ սալաթեղենի պակասություն կնկատվի, չնայած որ տնտեսությունն աճել է ընդամենը 2%-ով (այսինքն՝ փաստացի դեռ ճգնաժամային մակարդակում ենք), իսկ գնաճը գերազանցում է 9%-ը։ Լավ, իսկ ո՞րն է գաղտնիքը։ Որտեղի՞ց են հայերը փող հայթայթում, ի՞նչ աղբյուրներից։ ԱՎԾ-ն նույն զեկույցում փորձել է տալ նաեւ այդ հարցի պատասխանը։
Այսպես, տնային տնտեսության մեկ շնչի ամսական միջին եկամուտը 2009թ. կազմել է 28.038 դրամ։ Այդ եկամտի 54.7%-ը (15.328 դրամ) բաժին է ընկնում վարձու աշխատանքին։ Եկամտի հաջորդ կարեւոր աղբյուրը, ըստ վիճակագիրների, կենսաթոշակներն ու նպաստներն են. 20% (5615 դրամ)։ Տրանսֆերտներն ընդհանուր եկամտի 9.5%-ն են, իսկ ինքնազբաղվածությունը ապահովում է եկամուտների 5.5%-ը։ Նշենք, որ ինքնազբաղվածությունից ստացվող եկամուտները 2008թ.-ի համեմատ զգալիորեն պակասել են՝ 2385 դրամից հասնելով 1534 դրամի։ Գյուղմթերքների եւ կենդանիների վաճառքն ապահովել է եկամուտների 5.9%-ը, իսկ սեփականությունից եկող եկամուտները (վարձակալություն, տոկոս, շահույթ)՝ ընդամենը 0.1%։ Եկամտի աղբյուրների մեջ ներառված է նաեւ «այլ եկամուտներ» տողը։ 2009թ. «այլ եկամուտների» հաշվին ձեւավորվել է ընդհանուր եկամտի 4.3%-ը։ Ուշագրավն այն է, որ «այլ եկամուտներ» կոչվածը շուրջ երկու անգամ աճել է 2008թ. համեմատ։ Եթե նկատի ունենանք, որ այդ եկամուտները վիճակագրության համար անտեսանելի են, ապա կարելի է ասել, որ դրանց ծավալն իրականում ավելի մեծ է։ Մեր երկրում ոչ ոք չի հավատա, որ ընտանիքը մեկ ամիս կարող է ապրել ընդամենը 108 հազար դրամով։ Իսկ թե այդ «այլ եկամուտը» որտեղից է ձեւավորվում՝ դրա պատասխանը կարող են տալ միայն այդ կոնկրետ եկամուտը ստացող մարդիկ։ Իսկ պատասխանը, սովորաբար, հնչում է այսպես՝ «Վիզ պետք էր, ճարեցի։ Բա հո ընտանիքս սոված չէ՞ր մնալու»։ Ճիշտ այնպես, ինչպես, երբ առյուծը հարձակվում է՝ չես նայում՝ ծառ կա՞, թե՞ ոչ՝ բարձրանում ես։ Առանց պետական աջակցության։
Սպառողական ծախսերը մեկ տնային տնտեսության հաշվով, դրամ (միջին ամսական)