Մեսիջ Ադրբեջանին

23/11/2010

Դեկտեմբերին Աստանայում ղարաբաղյան կարգավորման հարցով վճռորոշ փաստաթղթի ստորագրումն, ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի` անհնար է: Ըստ նրա` Աստանայում ընդգծվելու է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման կարեւորությունը: Նրա կարծիքով, փաստաթղթի ստորագրումն անհնար է առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը պարբերաբար «տորպեդահարում է կարգավորման գործընթացը»: Երկրորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները բազմիցս հայտարարել են, որ իրենք նպաստում են կարգավորման գործընթացին՝ եւ իրենց համար ընդունելի է ցանկացած որոշում, որը փոխընդունելի կլինի կողմերի համար: «Սակայն ինչպե՞ս կարող է փոխընդունելի որոշում կայացվել, եթե հակամարտության գլխավոր կողմերից մեկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն, առայժմ չի մասնակցում բանակցային գործընթացին: Բանակցային գործընթացն ավելի լավ է, քան կողմերի միջեւ շփումների բացակայությունը»,- ասել է նա: Անդրադառնալով վերջերս ԼՂՀ-ում կայացած զորավարժություններին եւ Լիսաբոնի գագաթաժողովին չմասնակցելու Հայաստանի նախագահի որոշմանը, Ա. Դավթյանն ասել է, թե Ի. Ալիեւի նկատմամբ «ինտենսիվ թերապիայի միջոց է կիրառվում»: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, ապա, ըստ Ա. Դավթյանի, դրանք պայմանավորված են դասալիքի բարդույթով. «Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, քան դասալիք, ով պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: Պատերազմին նա չի մասնակցել եւ վառոդի հոտ չի շնչել, եւ հենց այդ բարդույթն է ստիպում նրան հանդես գալ նման հայտարարություններով»: Նաեւ հավելել է. «Ցանկացած երկրում, այդ թվում` Ադրբեջանում, պետք է բարոյական նշագիծ լինի, եւ բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը, ով պատերազմի ժամանակ դասալիք է եղել, չի կարող բարձր պաշտոն զբաղեցնել: Դա անընդունելի է երկրի նախագահի համար: Դա ոչ միայն բարոյականության, այլեւ օրենսդրական խախտման հարց է»: Խոսելով Լիսաբոնի գագաթաժողովին չմասնակցելու Ս. Սարգսյանի որոշման մասին, նա ասել է. «Առանց այդ էլ ադրբեջանական կողմն օգտագործում է բոլոր հնարավոր առիթները ռազմաշունչ հայտարարություններ անելու համար: Պատկերացրեք, թե ինչ կարող էր լինել, եթե Հայաստանի նախագահը մասնակցեր այդ գագաթաժողովին: Բացի այդ, Ս. Սարգսյանի՝ Լիսաբոնյան գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելուց անմիջապես հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն արեց, որ ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության հարցում ոչինչ անել չի կարող: Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը կապված էր Սերժ Սարգսյանի որոշման հետ»: Ա. Դավթյանի կարծիքով` ՀՀԿ ու ՀՀ նախագահն իր այդ քայլով հստակ մեսիջ ուղարկեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հակամարտության նախկին ձեւակերպումները կարգավորման գործընթացում անընդունելի են: