Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ մշակույթի նախարարը աշխատանքային շրջայց են կատարել Կոմիտասի անվան եւ քաղաքային պանթեոններում: 2011թ. ծրագրով Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում նախատեսվում է անցկացնել շուրջ 950 գծ/մ նոր ջրագիծ: Կանցկացվի արտաքին լուսավորության նոր ցանց: Կթարմացվի ու կծաղկապատվի Պանթեոնի ողջ կանաչ տարածքը: Կվերանորոգվեն բազալտե եզրաքարերը, սալիկները, կավելացվեն նստարաններն ու աղբամանները: Բարեկարգվելու է Մհեր Մկրտչյանի հուշաքարը: Գ. Բեգլարյանը տեղում ծանոթացել է Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգման շրջանակներում կառուցվող դելֆինարիումի շինարարությանը: Զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր մասնավոր մի ընկերության` պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամքն ու բարեկարգումը: Բայց տնտեսվարողն այդ ուղղությամբ բացարձակապես ոչինչ չէր արել: Ելնելով զբոսայգու անմխիթար վիճակից` քաղաքապետարանի կողմից տնտեսվարողի հետ խզվել է պայմանագիրը: Երեկ լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին զբոսայգում դելֆինարիումի շինաշխատանքներով: «Դելֆինարիումը կառուցվում է զբոսայգու բարեկարգման ծրագրի շրջանակներում՝ այգու հակառակ կողմում, Պանթեոնից բավական հեռու: Մենք պայմանագիր ունենք, որ դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտներն ուղղվելու են զբոսայգու եւ Պանթեոնի բարեկարգմանը: Բոլորդ տեսաք, որ Կոմիտասի անվան զբոսայգին գտնվում է շատ վատ վիճակում՝ չեն գործում կարուսելները, քանդված են եզրաքարերը, ծառերն անխնամ են, վերականգնելու ուղղությամբ տարիներ շարունակ ոչինչ չէր արվել: Դա պատճառ հանդիսացավ, որպեսզի այգին ետ վերցվի: Վեց ամիս հետո, երբ շինաշխատանքները կավարտվեն, բոլորիդ հրավիրում եմ տեսնելու, թե ինչպիսի զբոսայգի են ստանալու երեւանցիները: Ինչպես 30 տարի առաջ, այն կրկին կդառնա Երեւանի սիրված զբոսավայրերից մեկը»,- նշել է Գ. Բեգլարյանը: