Տարանջատվելու համար իրական քայլեր են պետք

23/11/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, թե կողմ եք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին` ակտիվ քաղաքականություն: Որքան էլ Ձեր փաստարկները հիմնավոր լինեն, չե՞ք կարծում, որ հասարակությունը գոնե չի մոռացել նրա պաշտոնավարության տարիներին տեղի ունեցած ողբերգությունները` Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը:

– Այն մոռանալը պարզապես հակացուցված է: Եվ քանի դեռ այն ամբողջությամբ բացահայտված չէ, բոլոր մեղավորներն էլ` պատժված չեն, հասարակության կասկածները չեն կարող փարատվել այդ գործի քննության անաչառության հարցում: Միաժամանակ ցավալի է, որ պարբերաբար այդ ողբերգական դեպքը հարմար խաղաքարտ է դառնում շատերի ձեռքին: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահն էր, Սերժ Սարգսյանը` Ազգային անվտանգության նախարարը, Գագիկ Ջհանգիրյանը` Զինվորական դատախազը: Հիմա միանգամայն այլ իրավիճակ է` Քոչարյանը պաշտոնաթող նախագահ է, Սարգսյանը` գործող նախագահն է, իսկ Ջհանգիրյանը` ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավարն է: Հարց է ծագում. ինչո՞ւ մենք նույնքան բան գիտենք Հոկտեմբերի 27-ի ու դրանում Քոչարյանի ենթադրյալ դերակատարության մասին, որքան այն ժամանակ: Եթե Ջհանգիրյանը ժամանակին չէր կարող փակագծերը բացել, ապա ո՞վ է նրան խանգարում անել դա հիմա: Եթե Ս. Սարգսյանն այն ժամանակ չէր պատրաստվում Քոչարյանի դեմ ինչ-որ բան հրապարակել, ապա, երբ նրա վերադարձի միտումն ակնհայտ է, ինչո՞ւ այժմ դա չի անում: Իսկ եթե թե՛ այս թեւը, թե՛ այն` նոր ասելիք չունեն, ապա նրանցից շատերին ամենեւին պատիվ չի բերում թաքնվել լրագրողուհիների շրջազգեստների տակ ու նրանց շուրթերով ինչ-որ թափանցիկ ակնարկներ անել: Մի բան ակնհայտ է. եթե այսքան տարվա ընթացքում մեր երկրի ներսում, ուժերի հարաբերակցության ու իրավիճակի փոփոխության այսպիսի պայմաններում, նոր երեւան եկած հանգամանքներ չկան, ապա կազմակերպիչները գտնվում են երկրից դուրս, ու դրանք սոսկ անձերի տեսքով չեն, այլ` տարածաշրջանային շահերի: Իսկ ինչ վերաբերում է Մարտի 1-ին, ապա տեսակետս պարզաբանելուց առաջ հիշեցնեմ 2008թ. դեկտեմբերի 12-ի իմ ելույթը, որտեղ ես հստակ ասել եմ, որ` որքան փորձում է Ս. Սարգսյանը նրբորեն տարանջատվել երկրորդ նախագահից` դա անելով ուրիշների միջոցով, քանի որ իր կողմից նման քայլը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, դրանք այնքա՛ն անհամոզիչ են: Իսկ տարանջատվելու համար պետք են իրական քայլեր, եւ միայն այդ դեպքում հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի դրանք: Նույն այդ ելույթում նաեւ առաջարկել էի փորձել հասկանալ` գործող նախագահն ի վիճակի՞ է տարանջատվել երկրորդ նախագահից: Հնարավո՞ր է պատկերացնել, որ գնացող նախագահ Քոչարյանի հրահանգով ուժային կառույցները մարտի 1-ին կրակ կբացեին ժողովրդի վրա ու իրենց գործողությունները չէին ճշտի նորընտիր նախագահ Սարգսյանի հետ: Ինչո՞ւ պետք է արյան գնով պահեին Սերժ Սարգսյանի իշխանությունը, եթե վերջինս չէր երաշխավորելու նրանց անձեռնմխելիությունը, եթե չասենք ավելին: Մեջբերեմ իմ ելույթից մի հատված. «Եթե գտնում են, որ մարտի 1-ին նախկին նախագահ Քոչարյանն անօրինական ձեւով է կալանքի վերցրել տասնյակ մարդկանց, ապա ո՞վ էր խանգարում Ս. Սարգսյանին ապրիլի 9-ին պաշտոնը ստանձնելուց հետո այդ մարդկանց կարճ ժամանակում ազատ արձակել: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո 10 օր չարտոնված միտինգների անցկացմանը վերջ դնելու համար Քոչարյանի օրոք ուժ կիրառվեց: Եթե նրանից գործող նախագահը ցանկանում է տարանջատվել, ապա ո՞վ էր նրան ստիպում, որ նույն Ազատության հրապարակում մարդկանց արգելեր անգամ զբոսնել, էլ չեմ խոսում հանրահավաք անելու մասին»: Ասեմ ավելին. Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ ընդդիմությունն ում մեղադրեց, հետագայում Ս. Սարգսյանը նրանց բոլորին էլ առաջ քաշեց. է՛լ կոչումները բարձրացրեց, է՛լ դրամական խրախուսանքի արժանացրեց, է՛լ մեդալներ շնորհեց: Կարելի է կարծել, որ ընդդիմությունը ոչ թե Մարտի 1-ի պատասխանատուների անուններն էր հրապարակել, այլ Նախագահին էր ներկայացրել նրան հավատարմորեն ծառայածների «արժանիքները», որպեսզի նա հավուր պատշաճի գնահատեր նրանց:

– Պաշտոնանկ արվեց միայն ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

– Այո՛, Հայկ Հարությունյանը, ով ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետն է, բայց դա ընդամենը գործից անտեղյակների տեսանկյունից է պաշտոնի իջեցում: Մի՞թե տարբեր պաշտոնների աշխատած ու մեծ հաջողությունների հասած, արտերկրում բնակվող հայը, երբ ցանկանում է կյանքի վերջին տարիներին Հայաստանում ապրել ու անգամ ամենահամեստ աշխատանքը կատարել, միայն թե առավոտյան արթնանա ու Մասիսը տեսնի, կարելի է ասել, որ նա պաշտոնի իջեցում է ունեցել: Նմանապես Հայկ Հարությունյանի համար կալանավայրը` որպես աշխատավայր, բերածս օրինակի չափ հոգեհարազատ է:

– Ուզում եք ասել, որ հավատարի՞մ եք մնացել տարիներ առաջ հայտնած Ձեր տեսակետին:

– Ավելի՛ն, ես պնդում եմ այն, եւ այսօր էլ եմ պատրաստ ստորագրել դրանց տակ: Եվ որպես խոսքերիս ապացույց՝ ուզում եմ հիշեցնել նաեւ 2008թ. նոյեմբերի 11-ին ձեր թերթում հրապարակած իմ հոդվածը, որտեղ ասել եմ, որ Ս.Սարգսյանը ոչ միայն Երրորդ Հանրապետության ամենաթույլ նախագահն է, այլեւ նա թույլ է անգամ ինքն իր համեմատ: Չէ՞ որ ժամանակին նա ավելի ազդեցիկ էր իբրեւ նախարար, քան այժմ` իբրեւ նախագահ: Մեջբերեմ հոդվածիցս մի հատված. «Երբ բանասիրական կրթությամբ եւ ուժային կառույցներ ղեկավարելու մեծ փորձով Նախագահն իր թիմակիցների հետ խոսում է կոմպրոմատների լեզվով, ու եթե մարդիկ այդ փաստերի ճնշման տակ լռում են, միեւնույն է, իրենց ակնհայտ դժգոհությունն արտահայտում են տարբեր պատերի տակ «լաց» լինելով: Եվ Քոչարյանին ոչինչ չէր մնում, քան Ս. Սարգսյանից դժգոհների համար մի «լացի պատ» կառուցելը: Ուստի պարբերաբար շրջանառելով տարբեր անուններ ու վարկածներ, թե` տեսեք, Վարդան Օսկանյանը, Սամվել Բաբայանը, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, ՀՀԿ-ի մի հատվածը ցանկանում են Քոչարյանին իշխանության բերել, ապա համոզված եմ, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլորը միասին ի վիճակի չեն լինի դա անել, եթե Ս. Սարգսյանն իր վարած քաղաքականությամբ չնպաստի դրան: Եվ հիմա, եթե ամբողջ օրվա ընթացքում Քոչարյանը ոչինչ չանի, իսկ Ս. Սարգսյանը քրտնաջան աշխատի, ապա օրվա վերջում, միեւնույն է` Սարգսյանի դիրքերն ավելի թուլացած կլինեն, քան օրվա սկզբում: Իսկ պատճառն այն է, որ Ս.Սարգսյանի շրջապատում Քոչարյանի ժամանակներին երանի տվողների թիվն օր օրի ավելանում է»:

– Ըստ Ձեզ` քաղաքական ուժերի աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ու տարածաշրջանային զարգացումները որքանո՞վ են ազդելու գալիք խորհրդարանական ընտրությունների վրա:

– Ռուսաստանի հետ մեր երկրի սերտ համագործակցության ներկա վիճակը հազիվ թե կարելի է փոխշահավետ համարել, քանի որ այլեւս վասալային կախվածության վերածված այս գործընկերությունից մենք մեծապես տուժում ենք: Պրագմատիկ ու ամեն գնով հաղթելու պատրաստ հարթակի ընդդիմությունն էլ, երբ հասկացավ, որ առանց Ռուսաստանի աջակցության հաղթել չի կարող, դարձյալ բռնեց հյուսիսի ճամփան: Մինչդեռ մեր հյուսիսային հարեւան Վրաստանին օրերս առաջարկեցին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, երբ ընդամենը վերջերս էլ ՆԱՏՕ-ի դռներն էին նրա առաջ բացել: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում: Դրանից բացի, Ռուսաստանը կտրուկ փոխում է իր արտաքին քաղաքական ուղղությունը դեպի Արեւմուտք, իսկ օրերս ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովում պատրաստակամություն հայտնվեց Ռուսաստանի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու` հատկապես կոլեկտիվ անվտանգության ոլորտում: Սրա ֆոնին Ս. Սարգսյանի Լիսաբոն չմեկնելը, ըստ էության, հուսահատ դեմարշ էր: Ուստի հարց է ծագում. մենք որտե՞ղ ենք եւ ի՞նչ ենք անում: Մեր առանց այն էլ բարդ հարաբերությունները գնալով լարվելու են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամակցության ձգտող մեր հյուսիսային հարեւանի հետ: Թուրքիայի հետ ոչ միայն սահմանը չբացվեց, այլեւ առանց այն էլ գոյություն չունեցող հարաբերությունները տեղափոխվեցին փոխադարձ մեղադրանքների դաշտ: Ադրբեջանի հետ մթնոլորտը գնալով շիկանում է` օր չկա, որ սահմանի վրա զոհ կամ վիրավոր չլինի: Միակ հարեւանը, որի հետ պրոբլեմ չունենք, Իրանն է, այն էլ, հակառակի պես, նա ունի լուրջ պրոբլեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ, ինչի արդյունքում անուղղակիորեն նրա պրոբլեմներն առաջիկայում դառնալու են մերը: Փաստորեն, եթե ժամանակին ահազանգում էինք, որ Հայաստանը տարածաշրջանում կանգնած է մեկուսացման վտանգի առաջ, ապա հիմա դա արդեն մնացել է անցյալում, քանի որ ներկայումս հետեւողական քայլերով աշխարհից ենք մեկուսանում: Եթե այս ամենին գումարվում են նաեւ ներքաղաքական հսկայական խնդիրները, ապա միայն անհույս լավատեսը կարող է փորձել այս ամենը դրական ներկայացնել: Այնպես որ` մեր քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող ուժերը, եթե չեն ցանկանում, որ երկիրը վերջնականապես հայտնվի մոլորակի լուսանցքում, պետք է արտաքին քաղաքական կողմնորոշումները համահունչ դարձնեն գոնե տարածաշրջանային ակտիվ զարգացումներին: