Ոչ պետական բուհերը դեռ ստուգման փուլում են

23/11/2010

– Վերահսկիչ պալատը մայիսին ուսումնասիրել էր ոչ պետական բուհերին լիցենզիա տալու օրինականության հարցը: Դուք ստացել էիք ՎՊ արձանագրությունը, որքան հիշում ենք, մոտ 15 բուհերի վերաբերյալ: Ի՞նչ եք ձեռնարկել այդ ուղղությամբ:

– Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում 16 բուհերում («Յու Էս Ի Էլ», Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Լեւոն Օրբելու անվան, Երեւանի «Գալիք» համալսարանները, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը, Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտը, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը, Եվրոպական կրթական տարածաշրջանային եւ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիաները, Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» եւ Երեւանի «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանները, «Ռոսլին» արվեստի ինստիտուտը, Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը, «ՏԿԻ» տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտը, «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամը, Արտաշատի «Արտաշատ» համալսարան) արձանագրվել են մի շարք խախտումներ: Իմ հրամաններով Աշխատակազմի լիցենզավորման վարչությունն այս տարվա մայիսի 19-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել թվով 28 ոչ պետական բուհերում, այդ թվում՝ վերոնշյալ 16 բուհերից` 9-ում: Դրանք են` Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Լեւոն Օրբելու անվան, Երեւանի «Գալիք» համալսարանները, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը, Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտը, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը, «ՏԿԻ» տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտը եւ «Արտաշատ» համալսարանը: Ստուգումների արդյունքում ամբողջությամբ կասեցվել է` «Արտաշատ» համալսարանի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով տրված գործունեության լիցենզիան:

Առանձին մասնագիտությունների գծով մասնակի կասեցվել են` ա) Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտի «ֆինանսներ» (բակալավրի կրթական ծրագիր` առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով), «Իրավագիտություն» (բակալավրի կրթական ծրագիր` առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով), «Օտար լեզու եւ գրականություն» (բակալավրի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձեւերով): բ) «Գալիք» համալսարանի «Իրավագիտություն» (դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` հեռակա ուսուցման ձեւով), «Կառավարում», «Օտար լեզու եւ գրականություն» բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաները:

Բացի այդ, նախազգուշացվել են` Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ Լեւոն Օրբելու անվան համալսարանները, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, «ՏԿԻ» ինստիտուտը, «Անանիա Շիրակացի» համալսարանը, որոնց երկամսյա ժամկետ է տրվել` հայտնաբերված խախտումները շտկելու եւ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու համար: Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում նախատեսված է ստուգումներ իրականացնել մյուս ոչ պետական բուհերում, որոնց թվում են նաեւ 7 բուհեր: Դրանք են` «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամը, «Յու Էս Ի Էլ», Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու», Երեւանի «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանները, «Ռոսլին» ինստիտուտը, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան: Այս բուհերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող ենք ներկայացնել ստուգումների արդյունքների ամփոփումից հետո:

– Վերահսկիչ պալատը Նիկոլ Գալանտերյանի անվան ինստիտուտի հետ կապված արձանագրել էր, որ այն գործում է առանց լիցենզիայի: Ճի՞շտ է դա: Եթե այո, ապա ով է մեղավորը:

– Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի` օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի` «Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով: Առանց լիցենզիայի օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»: Ըստ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 26-րդ հոդվածների` «Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում է Հարկային տեսչությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման մարմինը»: «Առանց լիցենզիայի այդ գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք»: Վերահսկիչ պալատի կողմից կրթական գործունեության իրականացման փաստի բացահայտման պահից իսկ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, հաջորդ շաբաթ ուսումնասիրություններ կկատարվեն «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» կոչվող կազմակերպության գործունեության` ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ուղղությամբ:

– Ձեր համակարգում լիցենզավորման վարչություն է գործում: Ինչո՞ւ այդ կառույցը կամ հենց նախարարությունը ստուգումներ չի կատարում, որպեսզի պարզի` արդյոք ոչ պետական բուհերի ներկայացրած տվյալները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ:

– Նախարարության Լիցենզավորման վարչությունն այս տարի` մայիսի 19-ից օգոստոսի 5-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ-ում գործող թվով 27 ոչ պետական բուհերում` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Ստուգումների արդյունքներով կազմված ակտերը եւ եզրակացությունները ներկայացվել են մեր նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի քննարկմանը: Ամբողջությամբ կասեցվել են թվով 7 բուհերի լիցենզիաների գործողությունը` լիցենզավորման պարտադիր պահանջների եւ պայմանների կոպիտ խախտման հիմքով` մինչեւ խախտման պատճառների վերացումը: Բացի այդ, առանձին մասնագիտությունների մասով կասեցվել են թվով 6 բուհերի գործունեության լիցենզիաների գործողությունը` լիցենզավորման պարտադիր պահանջների եւ պայմանների կոպիտ խախտման հիմքով` մինչեւ խախտման պատճառների վերացումը: Նաեւ նախազգուշացվել են թվով 13 բուհեր` լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների խախտման մասով երկամսյա ժամկետ է սահմանվել խախտումների վերացման համար: Համաձայն իմ կողմից հաստատված ժամանակացույցի, շարունակվում են

ՀՀ-ում գործող ոչ պետական բուհերի` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ապահովման նպատակով իրականացվող ստուգումները եւ ստուգումների գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին եռամսյակում: