Ճապոնական «Nissan» ընկերությունը բանակցություններ է վարում ռուսական «Տրոյկա Դիալոգ» եւ «Ռոստեխնոլոգիի» ընկերությունների հետ «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 10%-ը գնելու համար: Այս մասին երեկ տեղեկացրել է «RBK daily» պարբերականը: «ԱվտոՎԱԶ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ խոսքը բաժնետոմսերի 6%-ը՝ «Տրոյկա Դիալոգ»-ից, իսկ մնացած 4%-ը՝ «Ռոստեխնոլոգիի»-ից գնելու մասին է: «Հնարավոր է, որ «Տրոյկա Դիալոգ»-ը մոտ ապագայում վաճառի իր բոլոր բաժնետոմսերը»,- ավելացրել է նա: Եթե կողմերը համաձայնեն, ապա գործարքը կարող է կայանալ արդեն գալիք տարի, սակայն «Տրոյկա»-ում չեն բացառում, որ բանակցությունները կարող են ավարտվել անարդյունք: Ըստ թերթի, «Տրոյկա Դիալոգ»-ում հրաժարվել են մեկնաբանել բանակցությունները, այնուամենայնիվ, հաստատել են, որ մինչեւ 2012թ. ավարտը ընկերությունը ծրագրում է ամբողջությամբ վաճառել «ԱվտոՎԱԶ»-ի իր մասնաբաժինը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տրոյկա»-ն հայտարարել էր, որ ուսումնասիրում է «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 25 %-ը «Renault-Nissan»-ի բաժնետոմսերի հետ փոխանակելու հնարավորությունը, սակայն «Renault-Nissan» ալյանսին նման առաջարկը չէր հետաքրքրել: Մեկ ամիս առաջ «Renault-Nissan»-ի ղեկավար Կառլոս Գոնը հայտարարել էր, որ ընկերությունը քննարկում է «ԱվտոՎԱԶ»-ում իր փաթեթը վերահսկիչ դարձնելու հնարավորությունը: Չեմեզովն ուրբաթը օրը հաստատել էր այդ վարկածը: Հիշեցնենք, որ 2008թ. «Renault»-ն ձեռք բերեց «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 25%-ը 1 մլրդ դոլարով: «Ռոստեխնոլոգիի»-ի գնահատականներով՝ «ԱվտոՎԱԶ»-ի արժեքը 2011թ. կլինի 2.8-2.9 մլրդ դոլար: «Այս գնահատականը հիմնված է գործարանի EBITDA ցուցանիշի կանխատեսման վրա»,- պարզաբանել է Սերգեյ Չեմեզովը` ավելացնելով, որ ընթացիկ տարվա համար այդ մեթոդը 2.4 մլրդ դոլարի գնահատական է տալիս: Ելնելով ընթացիկ գնանշումից (12.9 ռուբլի՝ արտոնյալ եւ 33.5 ռուբլի՝ սովորական բաժնետոմսի համար)՝ «ԱվտոՎԱԶ»-ի կապիտալիզացիան` 1.7 մլրդ դոլար, դեռ հեռու է այդ գնահատականներից: Թեեւ պետք է հաշվի առնել, որ չորեքշաբթի ընկերության արտոնյալ բաժնետոմսերի գինը բարձրացել էր՝ 30, իսկ սովորական բաժնետոմսերի գինը` 20%-ով: