Գեյթսն անհանգստանում է

23/11/2010

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը անհանգստություն է հայտնել այն հետեւանքների կապակցությամբ, որոնք, ըստ նրա, կարող են առաջանալ, եթե Սենատը չվավերացնի հարձակողական ռազմավարական սպառազինության կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը: Ըստ «Associated Press» լրատվական գործակալության, Գեյթսը հայտարարել է, որ պայմանագիրը չվավերացնելուց կտուժեն հենց հանրապետականները: Նա պարզաբանել է, որ այդ դեպքում երկրի միջուկային համակարգի արդիականացման համար հանրապետական սենատորների պահանջած գումարները կարող են մեծ ռիսկի տակ լինել: «Պայմանագրի ձախողումը կհանգեցնի նրան, որ Վաշինգտոնը, անկասկած, ավելի ու ավելի քիչ տեղեկություն կունենա Ռուսաստանի միջուկային ծրագրերի մասին, քանի որ տեղերում դիտորդներ չեն լինի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Նշենք, որ պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ է 100 սենատորներից առնվազն 67-ի աջակցությունը, իսկ իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների թիվը ներկայիս Սենատում 59 է: