«Մաման»` առաջին տեղում

23/11/2010

Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել շաբաթ օրը Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում: 12-ամյա Վլադիմիրը հանդես է եկել իր իսկ հեղինակած «Մամա» երգով: Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանը, երրորդը` Սերբիան: Հայաստանը առաջին անգամ է հաղթում մանկական «Եվրատեսիլում», որին մասնակցում է 2007 թվականից, երբ «Արեւիկ» համույթը գրավեց երկրորդ տեղը: 2008 թվականին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան մրցույթում գրավել է 8-րդ տեղը, իսկ անցած տարի Լուարա Հայրապետյանը երկրորդն էր: Վլադիմիր Արզումանյանը ծնունդով Ստեփանակերտից է, երաժիշտ-մանկավարժների ընտանիքից: Մրցույթից հետո կայացած ասուլիսի ժամանակ Վլադիմիրը հայտնել է, որ անցած գիշեր երազ էր տեսել, թե ինչպես օրը լարված է անցնելու, բայց ի վերջո ինքը հաղթելու է. երազը, փաստորեն, իրականացավ: Հարցին, թե ի՞նչ նվեր է ուզում իր հաղթանակի դիմաց, նա պատասխանել է. «Եղբայր եմ ուզում, եւ մայրս խոստացել է դա, եթե հաղթեմ»: Վլադիմիրը ասել է, թե իրեն աստղ չի համարում: «Աստղերը միայն երկնքում են լինում, ես ընդամենը մարդ եմ»: Մանկական «Եվրատեսիլ-2010»-ի կայքէջի փոխանցմամբ` Վլադիմիր Արզումանյանը խոստովանել է նաեւ, թե իրեն դուր է գալիս մրցույթում Սերբիան ներկայացնող Սոնյան, եւ ինքը նախօրեին հայտնել է աղջկան այդ մասին: Ասուլիսին մասնակցել է Վլադիմիրի մայրը, ով ասել է, որ անչափ երջանիկ է որդու հաջողության կապակցությամբ եւ այն մեծ հաղթանակ է համարում իրենց համար: