45 տարի անց

23/11/2010

Անցած շաբաթ Մոնտեվիդեոյում կայացել է Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45-ամյակին նվիրված միջոցառում: Հիշեցնենք` Ուրուգվայն առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ըստ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, Ուրուգվայի խորհրդարանում նոյեմբերի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառումը կազմակերպել էին այդ երկրի օրենսդիր մարմինը եւ Մոնտեվիդեոյի Հայ դատի հանձնախումբը: Միջոցառման ժամանակ իր ելույթում Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին, մասնավորապես, ասել է. «Խորհրդարանի կողմից 1965 թվականին այդ օրենքի ընդունումն ապացուցեց մեր երկրի նվիրվածությունը ազատության, խաղաղության, արդարադատության եւ մարդու իրավունքների գաղափարներին: Ուրուգվայի ժողովուրդն այդ օրենքով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին` իր իրավունքների վերականգնման համար տարվող պայքարում»: Ընթերցվել է Դանիլո Աստորիին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հղած ուղերձը, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը, որի 45-ամյակը լրացավ այս տարի, նշանակալից է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը մոռացումից ու ժխտումից դուրս բերելու առումով, այլեւ մեծ խթան է այս խնդիրը միջազգային օրակարգում պահելու համար: Դուք սկիզբ եք դրել մի գործընթացի, որին ավելի ուշ միացան այլ երկրներ եւ խորհրդարաններ»: Ելույթներով հանդես են եկել նաեւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իվոն Պասադան, այդ երկրում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Սարգսյանը: