Ինչո՞ւ «այո» եւ ինչո՞ւ «ոչ»

21/10/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մոտ մեկ ամսից տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որի շուրջ քաղաքական ուժերի տեսակետները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ մի մասն առաջարկում է «այո» ասել փոփոխություններին, մյուս մասը` հակառակը: «168 Ժամ»-ն այսուհետ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների «այո»-ն եւ «ոչ»-ը հիմնավորող մեկական կարծիք:

Հոկտեմբերի 18-ին մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր ստորագրեցին մի փաստաթուղթ, որով իրենց դրական վերաբերմունքն էին արտահայտում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այդ ուժերի թվում էր «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցությունը: Ինչպե՞ս են հիմնավորում իրենց «այո»-ն ՀԺԱՄ-ականները: Ըստ ՀԺԱՄ ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի, հիմնավորման ուղղություններից մեկն առաջարկվող փոփոխությունների տեքստն է` համեմատած գործող Սահմանադրության հետ: Ս. Ավագյանը գտնում է, որ պետք է «այո» ասել փոփոխություններին, քանի որ իշխանությունների տարանջատման սկզբունքի, տեղական ինքնակառավարման է՛լ ավելի ռացիոնալ համակարգի եւ դատական համակարգի անկախության ուղղություններով առաջարկվող փոփոխությունները երկրում ավելի խորքային բարեփոխումներ իրականացնելու համար ավելի մեծ սահմանադրական երաշխիքներ են տալիս: «Սահմանադրության այս նախագիծը մեր ժողովրդի համար դեպի եվրոպական ընտանիք մեկ վճռական քայլ է»,- վստահեցնում է ՀԺԱՄ ղեկավարը: Իսկ ահա սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին «ոչ» ասելու ջատագով, «Նոր ժամանակներ» (ՆԺ) կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը գտնում է, որ պետք է «ոչ» ասել այդ նախագծին, քանի որ հասարակության մեծ մասը չի մասնակցել այդ քննարկումներին եւ ծանոթ չէ փոփոխությունների բովանդակությանը: «Եթե մի բանի ծանոթ չեն, ո՞նց «այո» քվեարկեն»,- տարակուսում է ՆԺ ղեկավարը: Վերջինիս կարծիքով` սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասել, նշանակում է` անվստահություն հայտնել իշխանություններին: «Իշխանությունների նախաձեռնած յուրաքանչյուր քայլ, նույնիսկ եթե այն լավն էլ լինի, հասարակության մեջ ընկալվում է որպես վատ եւ չեն կարողանում ապացուցել, որ այդ քայլով Ռոբերտ Քոչարյանը չի ուզում երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն ստանալ, որ իր համար չի նախատեսում վարչապետի պաշտոն»,- իրենց «ոչ»-ն է հիմնավորում Ա. Կարապետյանը, ում համոզմամբ` հանրաքվեի բացասական ելքի դեպքում համաշխարհային հանրության մեջ կարծիք կստեղծվի, որ իշխանությունը երկիրը կառավարելու ռեսուրս այլեւս չունի: