Դատախազությա՞ն, թե՞ ԱԺ-ի դաշտում է

20/11/2010

«Մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք պատկերացնում մեր աշխատանքը Դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության հետ: Եվ հենց այդ տեսանկյունից էլ առաջարկում ենք, որ ԱԺ-ին ներկայացվելիք տեղեկատվությունը որոշակի ձեւով կանոնակարգվի, թե ինչպես ենք մենք դա քննարկում: Եվ քննարկո՞ւմ ենք դա, թե՞ ոչ»,- երեկ մեր թղթակցին ասել է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ԱԺ կանոնակարգ-օրենքում որեւէ փոփոխություն նախատեսվո՞ւմ է իր բարձրացրած խնդրի համար: Իսկ այդ հարցը Դ.Հարությունյանը բարձրացրել էր նախօրեին` իր ղեկավարած հանձնաժողովի մշտադիտարկման զեկույցը խորհրդարանին ներկայացնելիս: «Այսօր այդ հարցը կանոնակարգված չէ, եւ մեր կարծիքով՝ դա խնդիրներից մեկն է: Տեսնենք, թե ինչպես կարձագանքի մեր ներկայացրած առաջարկությանը ԱԺ-ն: Եթե այդ արձագանքը լինի դրական, կարծում եմ, որ անշուշտ կգտնվեն պատգամավորներ, ովքեր հավանաբար կներկայացնեն փոփոխություններ այդ օրենքում»,- ավելացրել է պատգամավորը: