Ինչպես եւ սպասվում էր, երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով նա պահանջում էր պարտավորեցնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին՝ վերանայել իր պատժաչափի չկրած մասի կրճատման մասին որոշումը եւ վերահաշվարկ կատարել: Հիշեցնենք, որ Նավասարդյանը Փաշինյանի ազատազրկման ժամկետը հաշվել էր 3 տարի 10 ամիս 20 օր` սկսած 2009թ. հուլիսի 1-ից, երբ նա ներկայացել էր իրավապահ մարմիններին: Մինչդեռ, Ն. Փաշինյանը պնդում է, որ այդ որոշումն անօրինական է, քանի որ դրանով իր պատժաչափը երկարացվել է 4 ամիս 29 օրով: Երեկ դատարանի դահլիճում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով, քանի որ, եթե ճիշտ վերահաշվարկ կատարվեր, ապա ինքը ազատության մեջ կհայտնվեր 2013թ. հունվարի 1-ին` նախագահական ընտրությունների քարոզարշավի թեժ շրջանում: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում «օրենքը»: Ես ցանկանում եմ հայտարարել հետեւյալը. ինձ պատժախուց են տարել Արդարադատության նախարարության կողմից իմ մասին անարգել ստեր տարածելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լածիրակի` իմ վերաբերյալ արած բոլոր հայտարարությունները առնվազն 70 տոկոսով սուտ են: Այն հայտարարությունը, թե ես իբր հրաժարվել եմ մուտք գործել քրեակատարողական հիմնարկի բնակելի տարածք, չի համապատասխանում իրականությանը: Ինձ արգելել են մուտք գործել բնակելի գոտի իմ անվտանգության նկատառումներով: Ավելին, ամսի 16-ին ես դիմում եմ գրել ՔԿՀ պետին, որ ինձ թույլ տա տեղափոխվել բնակելի գոտի: ՔԿՀ պետը, որպեսզի հիմք ունենար այդ դիմումի պահանջները չկատարելու համար, որոշում է կայացրել ինձ տույժի ենթարկելու մասին: Ինձ պատժախուց տեղափոխելու որոշումը զավեշտալի է, եւ ընդհանրապես ինձ պատժախցում փակելու նպատակը ինձ լռեցնելն է: 2008-ի մարտի 1-ից հետո սա միակ ժամանակաշրջանն է, որ ես հոդված գրելու հնարավորություն չունեմ: Ես պատժախցում արտաքին աշխարհի հետ ոչ մի շփում չունեմ: Եթե անգամ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի, ես այդ մասին տեղյակ չեմ լինի: Իմ կարծիքով՝ այս ժամանակաշրջանը Արդարադատության նախարարությունը պետք է փորձի օգտագործել անարգել իմ մասին տարբեր տեսակի ստեր տարածելու համար: Այնպես որ, ցանկացած տեղեկատվության հանդիպելիս, որը կտարածի Արդարադատության նախարարությունը, անհրաժեշտ է հաշվի առնել սա: Ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ, հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի՝ պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից՝ բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պատժախցում կլինեմ, խցում կլինեմ, զոնում կլինեմ, թե որտեղ: Ուրեմն Սերժիկը թող իմանա, ինձ որեւէ մեթոդով կանգնեցնել հնարավոր չի: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ եւ սեփական ձեռքերով կերտելու եմ Սերժիկի վարչակազմի տապալումը»: