Երեկ Հայաստանում մասնագիտական տոն էր։ Ապահովագրողի օրը։ 1996թ. նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ապահովագրության մասին» առաջին օրենքը։
Հենց այդ ամսաթիվն է համարվում Հայաստանի ապահովագրական շուկայի ձեւավորման սկիզբը։ Իրենց համար նշանավոր այդ օրը լրագրողների հետ հանդիպել էին Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը եւ գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը։ Ա. Պետրոսյանն իր խոսքը սկսեց շնորհավորանքով՝ իրենց մասնագիտական տոնի առիթով։ Հետո խոսքը փոխանցվեց Ա. Օհանջանյանին, ով ներկայացրեց այս շուկային վերաբերող որոշ տվյալներ եւ ձեռքբերումները` անցած տարիների ընթացքում։ Այսպես, եթե 1997թ. ընթացքում ընկերությունների կողմից ստանձնած պարտավորությունները (ապահովագրման օբյեկտների համախառն արժեքը) կազմել էին մոտ 60 միլիարդ դրամ, ապա միայն այս տարվա երեք եռամսյակների ընթացքում նույն ցուցանիշը կազմում է 3,25 տրիլիոն դրամ: Եթե 1997թ. ընթացքում հավաքագրված ապահովագրավճարների գումարը կազմել էր 431 միլիոն դրամ, ապա այս տարվա երրորդ եռամսյակի նույն ցուցանիշը կազմում է 6,6 միլիարդ դրամ։ Նշենք, որ շուկայի ծավալը ցույց է տալիս հենց հավաքագրված ապահովագրավճարների մեծությունը։ 13 տարվա ընթացքում շուկան աճել է 15 անգամ։ Վատ ցուցանիշ չէ։ Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է։
Տրանսպորտային միջոցներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման արդյունքում միայն ԱՊՊԱ պայմանագրերով հավաքագրված գումարը կազմելու է 13-14 միլիարդ դրամ։ Այսինքն՝ պետության ջանքերի շնորհիվ, ընդամենը մեկ օրենք ընդունելու արդյունքում ապահովագրական շուկան աճելու է 3 անգամ՝ կազմելով շուրջ 20 միլիարդ դրամ։ Ընդ որում, դա տեղի է ունենալու շատ կարճ ժամանակահատվածում՝ 2 ամսում (հունվարի 1-ից բոլոր մեքենաները պետք է ապահովագրված լինեն)։
Փաստորեն, այս ցուցանիշներին նայելով՝ կարելի է հասկանալ ապահովագրական շուկայի մասնակիցների տոնական տրամադրությունը։ Նկատենք, սակայն, որ տոնով ուրախացողների թիվը կարող էր ավելի շատ լինել, քան կա այսօր։ Ա. Օհանջանյանի խոսքերով, մինչեւ առաջին օրենքի ընդունումը հանրապետությունում գործում էին 85 ապահովագրական ընկերություններ։ Օրենքն ընդունելուց հետո, երբ կանոնակարգվեց դաշտը, լիցենզավորվեցին ապահովագրական ընկերությունները, դրանց թիվը 85-ից նվազեց` հասնելով 20-ի: Իսկ ըստ Ա. Օհանջանյանի` Հայաստանում այսօր արդեն գործում է 9 ապահովագրական ընկերություն (ԿԲ-ի կողմից վերջերս հրապարակված տեղեկանքում դրանց թիվը 11 էր)։
Այս պահին գործող ապահովագրական պայմանագրերի թիվը կազմում է շուրջ 60 հազար։ Ասոցիացիայի ղեկավարներն ասում են, որ դրանց մեծ մասը վերաբերում է ավտոմեքենաներին։ Նաեւ նշում են, որ մեքենաներն ապահովագրում են հիմնականում կամավոր։ Սակայն, որքան մեզ է հայտնի, Հայաստանում ապահովագրված են այն մեքենաները, որոնք գնված են վարկով։ Բանկը պարտադիր ապահովագրության պայման է ներկայացնում։
Ինչեւէ, մեր հայրենակիցները դեռ չեն շտապում ապահովագրել իրենց փոխադրամիջոցները։ Բանախոսները նկատում են, որ մերոնք, ամեն ինչ վերջին օրվան թողնելու իրենց սովորության համաձայն, մեքենաները կապահովագրեն ամանորյա տոներից առաջ, այսինքն՝ կլինի շատ մեծ հոսք։ Սակայն հավաստիացնում են, որ մեր ապահովագրական ընկերությունները պատրաստ են այդ հոսքին։
Այս պահին ճշգրիտ տվյալներ չկան, թե քանի մեքենա է ապահովագրվել, քանի որ այդ թիվն ամեն օր փոփոխվում է։ Սակայն մոտավոր հաշվարկներով, հանրապետությունում գրանցված 450 հազար տրանսպորտային միջոցների դեռ 10%-ն էլ չի ապահովագրվել։
Իսկ արդեն ապահովագրվածները ո՞ր ընկերություններին են նախապատվություն տալիս։ Բանախոսները, բնականաբար, այս հարցին հրաժարվեցին պատասխանել՝ գուցե մտածելով, որ դա կդիտվի որպես գովազդ։ Սակայն նշեցին, որ եթե մարդն արդեն իսկ մեքենան ապահովագրել էր նախկինում (խոսքը ԱՊՊԱ-ի մասին չէ), եւ եթե գոհ է իր ընկերությունից, հենց նույն ընկերության մոտ էլ ապահովագրում է պատասխանատվությունը։
Ապահովագրվողներին հետաքրքրում է նաեւ՝ ի՞նչ է լինում իրենց վճարած գումարների հետ։ Բանախոսները պարզաբանեցին, որ այդ գումարները ներդրվում են բարձր իրացվելի ակտիվներում։ Հայաստանյան ապահովագրական շուկան իրեն ապահովելու համար նաեւ մասամբ վերաապահովագրվում է։ Այսինքն՝ իր ռիսկը կիսում է ավելի հզոր, միջազգային ապահովագրական ընկերության հետ։ Վերը նշված 6.6 միլիարդ դրամ ապահովագրավճարներից 3 միլիարդը փոխանցվել է հենց վերաապահովագրության։ Իսկ ամենակարեւոր հարցը, թերեւս, հետեւյալն է՝ ապահովագրող ընկերությունները իրո՞ք կատարելու են իրենց պարտավորությունները, փոխհատուցելո՞ւ են գումարը պատահարի դեպքում, թե՞ հայկական սովորությամբ՝ փորձելու են ամեն կերպ «թռնել»։ Ա. Պետրոսյանը եւ Ա. Օհանջանյանը հավաստիացնում են, որ նման բան չի լինի. եթե ապահովագրության պայմանները չեն խախտվել (ասենք՝ վարորդն անսթափ է եղել), ապա փոխհատուցումը միանշանակ տրվելու է։
Այդպես կլինի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ հիմա, որքան էլ տարօրինակ թվա, կասկածելու հիմք տալիս են հենց իրենք՝ ապահովագրական ընկերությունները, իրենց բուռն գովազդային հոլովակներով։ Նրանցից մեկի հոլովակն, օրինակ, որպես կարգախոս՝ ասում է՝ մենք ենք վճարում։ Եվ որոշակի դադարից հետո ավելի պաթոսով ավելացնում՝ մի՛շտ։ Հայտնի բան է՝ գովազդում յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իր այն առավելությունը, ինչն իր մրցակիցները չունեն։ Գովազդում են այն, ինչով տարբերվում են։ Եվ եթե ինչ-որ մեկը փորձում է դաշտից առանձնանալ միշտ վճարելու հանգամանքով, ուրեմն անուղղակիորեն ակնարկում է, որ դաշտում մյուսները միշտ չէ, որ վճարում են։