Ճաշակին ընկեր չկա

20/11/2010

Պետբյուջե 2011-ը շարունակում է իր ոդիսականն Ազգային ժողովում։ News.am-ի փոխանցմամբ, փաստաթուղթը պատգամավորների կողմից արժանացել է ամենատարբեր որակումների՝ սոցիալական ու հետճգնաժամային, ձախողված ու լավատեսական: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, թե մոտ 90 առաջարկ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ եւ այժմ սպասում է կառավարության պատասխանին: Ընդ որում՝ անհամբեր։ Առաջարկների տեսանկյունից ետ չի մնացել նաեւ «Օրինաց Երկիրը»։ Ինչպես եւ կարելի էր սպասել, ՕԵԿ-ի առաջարկները գերմարդասիրական են եւ առնչվում են մարդկային հոգու ամենանուրբ լարերին։ ՕԵԿ-ի առաջարկները վերաբերում են, օրինակ, մայրերին տրվող նպաստներին։ ՕԵԿ-ը, մասնավորապես, պահանջում է նպաստներ տալ նաեւ այն մայրերին, ովքեր չեն աշխատել երեխայի ծննդից առաջ: Բացառված չէ, որ ՕԵԿ-ը իր առաջարկների պատասխանին ավելի անհամբեր է սպասում, քան «Ժառանգությունը»։ Բացառված չէ նաեւ, որ ավելի անհամբեր է այդ հարցում, քան նախկինում չաշխատած հղիները։ Եվ վերջապես՝ բացառված չէ, որ նրանց առաջարկները չընդունվեն։ Կարեւորն այն է, որ անկախ դրանց ընդունումից՝ կուսակցությունը բյուջեի նախագիծը «էս գլխից» դրական է գնահատում։ Այս հարցում ՕԵԿ-ի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ճաշակները համընկնում են։ Նա եւս դրական է գնահատել փաստաթուղթը, սակայն ճեպազրույցի համար հատկացված ժամանակի մի մասն էլ նվիրել է ՀՅԴ-ի քննադատությանը պատասխանելով։ «Մենք՝ բոլորս, եւ մեր ժողովուրդը հրաշալի հասկանում ենք, որ եղել է ճգնաժամ, եւ շատ խնդիրներ պայմանավորված են դրանով: Միայն ՀՅԴ-ն չի հասկացել դա»,- իր եւ ժողովրդի անունից հավաստիացրել է մասնագիտությամբ բանասեր Սահակյանը:

Իսկ տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, ով պատկանում է այն կուսակցությանը, որը բանասեր Գալուստ Սահակյանի կարծիքով՝ ճգնաժամից ու տնտեսությունից բան չի հասկանում, հայտարարել է, թե կառավարությունը չի կարող դիմագրավել 2011թ. մարտահրավերներին։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա վերջինիս գնահատականը կախված կլինի առաջարկներից: Չնայած դրան, Սամվել Բալասանյանը հայտարարել է, թե նախագիծն իրատեսական է ու ունի սոցիալական ուղղվածություն: