Վատ ազդակ կարող է դառնալ

20/11/2010

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: «Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում եւ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: Այդ համագործակցության ծավալների ու ձեւերի հետեւողական աճ է արձանագրվում: Հայաստանն այսօր ակտիվ ներգրավվածություն ունի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաթիվ վարժանքների, ուսումնական ծրագրերի, զորավարժությունների: Որպես գործընկեր երկիր` ՀՀ-ն վերջին տարիներին նաեւ նման զորավարժություններ հյուրընկալել է իր տարածքում: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը ՀՀ զինված ուժերի բարեփոխման գործընթացին: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսեւորումներից է: Այդ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարեւորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Իսկ որպես պատճառ, թե ինչու է Ս. Սարգսյանը հրաժարվում մասնակցել այդ հանդիպմանը, Ա. Արզումանյանը նշել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը: «Նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ-ի կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»: