– Վերջին տարիներին Հայաստանում թմրամոլության երիտասարդացում է նկատվում: Ո՞րն է ՀՀ Ոստիկանության` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հիմնական, այսպես ասած, գիծը:
– Արդի ժամանակաշրջանում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը սոցիալական ամենասուր հիմնախնդիրներից է: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, գործուն միջոցներ են ձեռնարկվում այս վտանգավոր երեւույթի դեմ հավուր պատշաճի, շարունակական պայքար մղելու ուղղությամբ: ՀՀ Ոստիկանության` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքների մասին կարող են փաստել նաեւ ցուցանիշները: Նախ նշեմ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացվում է 2 մասով` առաջարկի նվազեցում, որի հիմնական պատասխանատուն եւ իրավասու մարմինը` ՀՀ Ոստիկանությունը, եւ ուժային մյուս կառույցներն ու ստորաբաժանումներն են, եւ պահանջարկի նվազեցում, որին ուղղված են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Տվյալ պարագայում նշանակալի դեր ունեն նաեւ ԶԼՄ-ները: Մեր հիմնական խնդիրներից մեկը թմրանյութ իրացնողների եւ թմրանյութ պահողների դեմ պայքարն է: Ինչպես գիտեք, ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով 3-15 տարի ազատազրկում է սահմանվում իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի պատրաստման, վերամշակման, ձեռք բերելու, պահելու, առաքելու դեպքում: Իսկ ՔՕ-ի 268-րդ հոդվածը վերաբերում է թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությանը` առանց դրանք իրացնելու: Պատիժը սահմանվում է երկամսյա կալանքից մինչեւ 6 տարի ազատազրկում: Ընդ որում` Հայաստանում այսօր թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր իրացնողները, այսինքն` ՔՕ-ի 266-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության դեպքերը 1,5 անգամ զիջում են թմրամիջոցներ պահողներին: 2009թ. ՀՀ-ում գրանցվեց հանցագործության 1238 դեպք, որից 539-ը` ՔՕ-ի 266-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ 699-ը` ՔՕ-ի 268 հոդվածի հատկանիշներով կատարված հանցագործության դեպքեր էին: 2007թ. գրանցվեց 1084 հանցագործության դեպք, որից 408-ը` 268, 235-ը` 266 հոդվածների հատկանիշներով էին: 2006թ. գրանցվեց 957 հանցագործության դեպք, որից իրացնողների թիվը 162-ն էր, իսկ թմրամիջոց պահողներինը` 391: Մինչդեռ 2003թ. գրանցվեց 358 հանցագործության դեպք, որից 47-ը` 266, իսկ 219-ը` 268 հոդվածների հատկանիշներով դեպքեր էին: 2010թ. 9 ամիսների արդյունքում մենք ունեցել ենք 1252 հանցագործության դեպք, որից 598-ը՝ իրացնողներ, իսկ 549-ը` թմրամիջոց պահողներ էին: Ես պատահաբար չնշեցի այս ցուցանիշները, որոնք, ինչպես վերը նշեցի, վկայում են Ոստիկանության կողմից իրականացվող թմրամիջոցների դեմ պայքարի աշխատանքներին:
– Այսինքն` Ոստիկանությունը վա՞տ էր աշխատում 2003թ., եւ լավ` 2010թ.-ի՞ն:
– Ես չեմ ուզում այդ ցուցանիշները պայմանավորել նախկինում ՀՀ Ոստիկանության վատ աշխատանքով: Ոստիկանությունը վատ չէր աշխատում, պարզապես մոտեցումներն են փոխվել, հնարավորություններն են ընդլայնվել, ակտիվորեն կիրառվում է միջազգային փորձը: Վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀ Ոստիկանության առջեւ ՀՀ նախագահի կողմից հստակ խնդիրներ են դրված: Նախագահը հաստատել է 2010-2011թթ. թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի կանոնադրությունը, իսկ ՀՀ Կառավարության որոշմամբ ընդունվել է այդ ծրագրի կիրառման ժամանակացույցը, ինչպես նաեւ՝ ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվեց ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը, որտեղ որոշ դրույթներ վերաբերում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությանը միտված միջոցառումներին: Իսկ Ոստիկանությունը հետեւողականորեն իրականացնում է դա:
Այսօր ավելացել է բացահայտումների թիվը: Բացի այդ, Ոստիկանության աշխատանքներին մեծ նպաստ բերեցին օրենսդրական բարեփոխումները` թե՛ Քրեական օրենսգրքում, թե՛ Ոստիկանության Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում: Եվ, բնականաբար, օրենսդրական բարեփոխումների եւ Ոստիկանության ճիշտ գործելաոճի, աշխատանքի արդյունքում մենք ունենք վերը նշված ցուցանիշները: ԱՊՀ երկրների համեմատ մեզ մոտ գրանցվել է այս հանցագործությունների բացահայտումների կրկնակի աճ: Մյուս երկրներում այդ ցուցանիշը 5-10% է: Ամեն դեպքում մենք անհաշտ պայքար ենք մղում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Իսկ թմրամոլը, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, ունի 2 տարբերակ` կամ պետք է բուժվի, կամ էլ ինքն իրեն դատապարտելու է կործանման: Եթե հիմա ազգովին չմտածենք այս արատավոր երեւույթի դեմ միասին պայքարելու մասին, ապա վաղը կունենանք հիվանդ հասարակություն, իսկ չէ՞ որ այսօրվա առողջ երիտասարդությունը վաղվա զարգացած ու կայուն հասարակությունն է:
– Բայց վաղվա այդ հասարակությունն այսօր բարերում, գիշերային ակումբներում, ինչո՞ւ չէ, փողոցներում, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն դեղեր է շատ ակտիվորեն օգտագործում: Ինչպե՞ս եք վերահսկում, ավելի ճիշտ` ինչպե՞ս է ՀՀ Ոստիկանությունն այս երեւույթի դեմ պայքարում, եթե այսօր օտարերկրացի երիտասարդների միջոցով հսկայական քանակությամբ թմրամիջոցներ են ներթափանցում Հայաստան:
– Ափիոն տեսակի թմրամիջոցները Հայաստան հիմնականում ներկրվում են հարեւան երկրներից: Աշխարհի 95%-ը մեծամասամբ օգտագործում է աֆղանական ծագմամբ ափիոն, հերոին տեսակի թմրամիջոցներ: Հարցին, թե գիշերային ակումբներում շրջանառվում են թմրամիջոցներ, պատասխանեմ, որ մենք ստացել էինք նման տեղեկություն: Գիշերային մի շարք ակումբներում հայտնաբերել ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, եւ թմրանյութ տարածող երիտասարդներին ենթարկել ենք քրեական պատասխանատվության:
– Հա՞յ երիտասարդներ էին:
– Ոչ միայն հայ, այլեւ տարբեր ազգերի պատկանելության երիտասարդներ էին` ռուսներ, հնդիկներ: Ի դեպ, 2 տարի առաջ Երեւանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները ախորժաբեր հաբի անվան տակ Հնդկաստանից Հայաստան էին տեղափոխել թմրամիջոցներ, եւ իրացրել էին Հայաստանի քաղաքացիների շրջանում: Ոստիկանությունը հայտնաբերեց հնդիկ ուսանողներին եւ ենթարկեց քրեական պատասխանատվության: Իսկ ինչ վերաբերում է նախորդ հարցին, թե գիշերային ակումբներում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է կատարվում, խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին՝ աջակցել Ոստիկանությանը, հաղորդել այն տեղեկատվությունը, որին իրենք տիրապետում են: Կարծում եմ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը ոչ միայն Ոստիկանության, այլեւ Հայաստանի հասարակության խնդիրն է: Երաշխավորում ենք, որ տեղեկատվություն փոխանցող անձի տվյալները գաղտնի կպահվեն: Մենք ցանկացած ուղղությամբ իրականացնում ենք օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Հավաստիացնում եմ, որ դրանում կասկածներ պետք չէ ունենալ: Այս արատավոր երեւույթից ապահովագրված չէ եւ ոչ մեկը՝ անկախ սոցիալական դիրքից:
– Այնուամենայնիվ, այսօր բավական մեծ շրջանառություն ունեն սեդալգինով եւ կոակսիլով պատրաստված լուծույթները: Ոստիկանությունն այդ ուղղությամբ ի՞նչ է անում:
– Նախ նշեմ, որ սեդալգինով պատրաստված լուծույթները լայնորեն օգտագործվում են հատկապես Վանաձորի, Գյումրիի եւ Երեւանի երիտասարդների շրջանում: Այդ լուծույթը նույն կախվածությունն է առաջացնում, ինչ թմրամիջոցները, եւ շատ կարճ ժամանակամիջոցում տանում է դեպի մահվան: Այս թմրանյութը հիմնականում ձեռք է բերում սոցիալապես անապահով խավը, քանի որ բավական մատչելի է: Նույնը վերաբերում է նաեւ կոակսիլին: Այս հարցը մենք արդեն բարձրացրել ենք, եւ ՀՀ Առողջապահության հետ քննարկման փուլում է, որպեսզի կոակսիլը եւս ընդգրկվի հոգեմետ դեղերի ցանկում եւ դեղատներում վաճառվի միայն բժշկի կողմից տրված փաստաթղթով: Հաջորդ քայլը կվերաբերի սեդալգինին:
– Թմրամիջոցների ապօրինի իրացման քանի՞ դեպք է գրանցվել անչափահասների եւ կանանց շրջանում:
– Ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ 2010թ. 9 ամիսների ընթացքում հանրապետության Ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվեց 1252 հանցագործության դեպք` նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցված 826 դեպքի փոխարեն: Հիշյալ դեպքերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 605 անձ, որոնցից 12-ը կանայք են, 49-ը` օտարերկրացիներ, 116-ը` նախկինում դատապարտվածներ: Նշված անձանց տարիքային կազմը հետեւյալն է` մինչեւ 18 տարեկան՝ 2, 18-24 տարեկան` 42, 25-29 տարեկան` 61, 30-41 տարեկան` 416, եւ 40 տարեկանից բարձր 84 դեպք: 2010թ. 9 ամիսներին հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 72 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Այսպես ասած` ծանր տեսակի թմրամիջոցները` ափիոն, հերոին, մետամֆետամին, ներթափանցում են Հայաստան հարեւան երկրներից, Եվրոպայից, մասնավորապես՝ Ֆրանսիայից սուբոտեքս տեսակի թմրամիջոցը, եւ ՌԴ-ից, չնայած քիչ քանակությամբ, թմրամիջոցներ ներմուծվում են Հայաստան: Եթե 2001թ. թմրանյութ գործածողների 70%-ն օգտագործել է կանաբիս խմբին պատկանող մարիխուանա տեսակի թմրամիջոցը, 25-30%-ը` ափիոն տեսակի թմրամիջոց, ապա 2009-2010թ. ներերակային ափիոն տեսակի թմրամիջոցը գործածեղները կազմում են շուրջ 50%: Սա մտահոգվելու լուրջ առիթ է տալիս:
– Այնուհանդերձ, ի՞նչն է փոխվել: Ներերակային ափիոն տեսակի թմրամիջոցների առաջա՞րկն է մեծացել:
– Առաջարկը պայմանավորված է պահանջարկով: Թմրամիջոցների առգրավման դեպքերը վկայում են, որ պահանջարկը մեծացել է: 2003թ. թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 7 կգ թմրամիջոց, որից 6,6կգ-ն մարիխուանա տեսակի թմրամիջոցն է, իսկ ափիոնը կազմում էր 38,78գրամ: 2009թ. առգրավեցինք 56 կգ 762գրամ թմրամիջոց, որից մարիխուանա տեսակի թմրամիջոցը՝ 26 կգ 960գրամ, իսկ ափիոնը` 26կգ 157գրամ: Սա նշանակում է, որ մեծամասամբ օգտագործվում է ափիոն եւ մարիխուանա: Ընդ որում` ափիոն տեսակի թմրամիջոցն առաջացնում է լուրջ կախվածություն: Հայաստանի Նարկոլոգիական կլինիկայում կատարվում է մետադոնային բուժում, եւ արդեն 100 թմրամոլ ստանում է այդ բուժումը:
– Թմրամոլի համար ի՞նչ պատիժ է նախատեսվում:
– Թմրամոլը վարչական պատասխանատվության է ենթարկվում, սակայն փորձը վկայում է, որ թմրամոլից մինչեւ հանցագործ մեկ քայլ է:
– Օրեր առաջ «Day press news» կայքը տարածել էր տեղեկատվություն, ըստ որի` Իրանը պատրաստում է ցրված սկլերոզի դեմ դեղամիջոց, որն այլ կերպ կոչվում է MS տեսակի թմրամիջոց: Ըստ կայքի` թմրամիջոցի առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է եւ շուտով արտահանվելու է Սիրիա, ՌԴ եւ Հայաստան: Այս մասին ՀՀ Ոստիկանությունում տեղյա՞կ են:
– Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Եթե այդ դեղամիջոցը միտված է հիվանդներին օգնելու համար, ապա հասկանալի է: Անկախ ամեն ինչից, սա կլինի մեր ուշադրության կենտրոնում: Ես վստահեցնում եմ: