ԵվրԱզԷՍ-Հայաստան

20/11/2010

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հաջորդել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստը` կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Ինչպես նշված է կառավարության կայքէջում, կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով նիստը։ Օրակարգում ընդգրկված շուրջ երկու տասնյակ հարցերից կարեւորվել է նորարարական կենտրոնի աշխատանքների խթանման վերաբերյալ հարցը, որն, ի դեպ, Հայաստանի Հանրապետության համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում։ Նշվել է, որ կենտրոնն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը, մասնավորապես, առկա գործարար ծրագրերը կներկայացվեն Եվրասիական զարգացման բանկի եւ ազգային վենչուրային հիմնադրամների ուշադրությանը։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով։