ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, համախառն ներքին արդյունքն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4%-ով։ Նշենք, որ հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 2.8%, հունվար-օգոստոսին՝ 3.1%, հունվար-հուլիսին՝ 4%։ Տնտեսական աճի տեմպը գնալով մոտենում է բյուջեով նախատեսված 1.2%-ին։ Փաստորեն կարելի է ասել, որ այս տարի մեր տնտեսությունը գրեթե չի տարբերվում նախորդ ճգնաժամային տարվա տնտեսությունից։ Կան ոլորտներ, որտեղ անկումը շարունակվում է անգամ ճգնաժամային տարվա ցուցանիշների համեմատ։ Շինարարությունը նվազել է 5.1%-ով, գյուղատնտեսությունը՝ 16.8%-ով։ Մանրածախ առեւտրաշրջանառությունը գրեթե փոփոխություն չի կրել։ Ծառայությունների ծավալն աճել է 6.3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքը՝ 9.8%-ով։ Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա ներմուծումն աճել է 16.7%-ով՝ կազմելով 3 միլիարդ դոլար, իսկ արտահանումը, չնայած 41.3% աճին, կազմել է ընդամենը 794 միլիոն։ Այսինքն՝ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների արդյունքում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը գերազանցում է 2.2 միլիարդ դոլարը։