ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի օլիգարխներն աչք են դրել ձկնաբուծության ոլորտի վրա. «Ձկնաբույծները մեծ դժվարություններով, համառ աշխատանքի շնորհիվ կայացրել են այս տնտեսությունը, արդյունաբերության այս ճյուղը, եւ արդեն իսկ նշաններ կան, որ ինչպես տնտեսության եւ արդյունաբերության այլ ոլորտներ, այս ճյուղը եւս հայտնվել է օլիգարխների ուշադրության կենտրոնում, եւ նրանք փորձում են ուղղակի օգտագործել պետական կառավարման մարմինների վրա իրենց ունեցած ազդեցությունը եւ դուրս մղել դաշտից այս ձկնաբուծարաններին»,- ասել է նա` տեղեկացնելով, որ ձկնաբուծության «յուղոտ եւ շահութաբեր» ոլորտի վրա աչք են դրել որոշ պատգամավորներ եւ կուսակցապետեր, որոնց անունները, սակայն, նա չի նշել:
Իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույն թեմայի մասին խոսելիս հիշեցրել է, որ իր խմբակցությունը հիշյալ ոլորտը կանոնակարգող օրինագիծ է ներկայացրել ԱԺ, որն անգամ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հարցին, թե ո՞ր կուսակցապետերն ու պատգամավորներն աչք ունեն ձկնաբուծության ոլորտի վրա, Ա. Մինասյանը պատասխանել է. «Ես այս պահին, ճիշտն ասած, չգիտեմ այդպիսի անձանց, ովքեր նման ցանկություն ունեն: Բայց ձկնաբուծությունն այն ոլորտն է, որ մոնիտորինգի արդյունքներով կարող է շատ մութ ցանկություններ բացահայտել, որ կան որոշ ուժերի մոտ»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հրաժարվել է խոսել այդ թեմայի շուրջ` կատակելով. «Ես խնդրում եմ, ձուկը խոսակցություն է, ինձ տենց հարց մի տվեք»: